Այսպես
է արձագանքում Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ, Հայաստանի
ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանը նաեւ իշխանական ճամբարից
իր հասցեին հնչող քննադատությանը:
– Վերջին տասնամյակում Հայաստանն օլիմպիադայից օլիմպիադա գնալով ավելի ու ավելի քիչ պարգեւներ էր նվաճում, մինչեւ Աթենքում արձանագրվեց զրոյական արդյունք: Ո՞րն է նման ձախողման պատճառը, երբ անընդհատ տարփողվում է, թե հանրապետության ներկա ղեկավարն ուշադրության կենտրոնում է պահում սպորտը:
– Հարցը շատ տարողունակ է, բայց փորձեմ համառոտ ձեւակերպել: Սպորտում պետք է լինեն արմատական տեղաշարժեր: Նախ՝ ամենամեծ բացը. Հայաստանի սպորտային կառույցները պետք է լրջորեն ինտեգրվեն միջազգային ֆեդերացիաներին, այլապես ինչքան էլ լավ մարզիկներ ունենանք, միեւնույն է՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան չի ստացվելու: Երկրորդ խնդիրն առնչվում է մեր սպորտդպրոցներին. ոչ ոք չի ժխտում, որ վերջին տարիներին դրանց մեծ ուշադրություն է դարձվում, բայց փաստ է, որ մեր դպրոցներում 5-7 ամիս չեն պարապում՝ ջեռուցման կամ ջրի պատճառով: Երրորդ խնդիրն առնչվում է սպորտային բժշկությանը եւ սպորտային հոգեբանությանը: Օրինակ՝ մինչեւ հիմա էլ չգիտեմ, թե ինչու Աշոտ Դանիելյանը 0 ստացավ, չբարձրացրեց 200 կգ, երբ պաշտոնական մրցումներին բարձրացրել էր 205-207 կգ, իսկ մարզումների ժամանակ՝ անգամ 215 կգ: Բայց Աթենքում հարթակ բարձրանալիս հանկարծ գունատվեց ու սկսեց դողալ՝ բացարձակ անհասկանալի է, թե ինչ էր կատարվել: Այս մի դեպքով ուզում եմ ցույց տալ, որ իրոք շատ կարեւոր է սպորտային հոգեբանության խնդիրը, որ մեզանում լրիվ բաց է:
Բարդ է այսօր ձեւակերպելը, թե ինչու այսպես եղավ: Ոմանք ասում են, թե եղել են մարզչական սխալ նշանակումներ: Ազատ ոճի ըմբշամարտի մարզչի մասին ասում են, թե թիմը տապալել է, բայց 2 ամիս առաջ այդ նույն մարզիչն ազգային հերոս էր, երբ Թուրքիայում հաղթանակ տարավ ու հնչեց մեր հիմնը: 2 ամսում ունակություննե՞րը պակասեցին, թե՞ կարողությունները: Ուղղակի օլիմպիական խաղերը շա՜տ մեծ լարվածություն են պահանջում. գուցե մեր մարզիկները չդիմացան: Լուրջ վերլուծությունների կարիք կա, որ հասկանանք այս ամենի պատճառները:
– ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե մեր օլիմպիականներն Աթենքից վերադառնան առանց մեդալների, ապա «մեր ե՛ւ հասարակությունը, ե՛ւ ղեկավարությունը մտորելու շատ առիթներ կունենան: Մենք չենք կարող Էրիթրեայից ետ մնալ»: Նաեւ ընդգծեց, թե Հայաստանը կարող է ունենալ ինչպես աշխարհի, այնպես էլ Եվրոպայի եւ օլիմպիադայի չեմպիոններ:
– Մենք, իհարկե, ունեինք լավ մարզիկներ, հիմա էլ ունենք ու, կարծեմ, պատրաստել ենք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ: Եվ մինչ այս պահը եթե Հայաստանն օլիմպիական մարզաձեւերում ունեցել է աշխարհի 29 չեմպիոն՝ դրանցից 4-ը եղել են իմ աշխատած տարիներին: Եթե ունեցել ենք Եվրոպայի չեմպիոններ՝ 6-7-ը եղել են աշխատածս տարիներին: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Էրիթրեայից ետ ենք կամ առաջ՝ օլիմպիական խաղերում 131-132 պետություններ չշահեցին մեդալներ: Իհարկե, սա չեմ ասում մեզ արդարացնելու համար: Ուղղակի ասում եմ:
– Մեկնաբանություններ կան, թե պարտության պատճառն այն էր, որ Ձեր անմիջական պարտականությունները կատարելու փոխարեն առավել զբաղվում էիք մարզիկներից քաղաքական ուժ ձեւավորելով՝ «Հաղթանակ» կազմակերպությամբ, եւ կամ Ռոբերտ Քոչարյանի ազատ ժամանցը կազմակերպելով (որս, բասկետբոլ եւ այլն):
– Երկու մեկնաբանություններն էլ բոլորովի՛ն չեն համապատասխանում իրականությանը: «Հաղթանակը» գործեց երեւի ընդամենը մի քանի ամիս կամ 1,5 տարի եւ այդ ընթացքում մարզերում անցկացրեց բազմաթի՜վ սպորտային միջոցառումներ: Այս կազմակերպությունը հիմնեցինք, երբ չկար Սպորտկոմիտեն. հասարակական հիմունքներով 13-14 աշխատող ունեինք եւ չէինք կարողանում ոչինչ անել: Ստեղծվեց Սպորտկոմիտեն, աշխատանքները կամաց-կամաց ընթանում են իրենց հունով, եւ «Հաղթանակն» այլեւս փաստորեն չի գործում:
Հատկապես վերջին մեկ տարին առավոտից-երեկո զբաղված եմ եղել օլիմպիական թիմով. անընդհատ նրանց հետ եմ եղել մրցելույթների եւ ուսումնամարզական հավաքների ընթացքում, անընդհատ մեկնել վարկանիշային մրցաշարերի: Եվ եթե անգամ միայն այդ գրաֆիկն ուսումնասիրվի՝ հարց կառաջանա, թե այդ ինչքա՞ն ազատ ժամանակ է մնացել, որ զբաղվել եմ նաեւ այլեւայլ խնդիրներով:
– Համենայն դեպս՝ այս ամենի արդյունքը Աթենքում մեր օլիմպիական թիմի պարտությունն էր: Եվ արդեն իսկ կոչեր են հնչում, թե պարտավոր եք հրաժարական տալ, քանի որ սխալ եք կազմակերպել աշխատանքը:
– Եթե նման համոզմունք արտահայտեն մեր մասնագետները, որ աշխատանքի կազմակերպումը չի ստացվել՝ ես աթոռից կառչած չեմ: Բայց որեւէ մարզիչ բացարձակապե՛ս չի կարող ասել, թե նախապատրաստական շրջանում ինչ խնդիր դրվել է՝ մենք չենք լուծել: Չկա՛ նման բան՝ ինչ պահանջել են, դեռ մի բան էլ ավելին ենք արել: Իմ խնդիրը միայն աշխատանքի կազմակերպումն է, եւ ինձ չէի կարող թույլ տալ, օրինակ, ըմբշամարտի մարզչին ասել, թե այսպիսի հնարքներ պիտի գործադրեք, կամ ծանրամարտի մարզչին, որ այսքան տոննա պիտի բարձրացնեք:
Սպորտում հաղթանակներ էլ են լինում, պարտություններ էլ: Եվ չպիտի այսպիսի քաղաքական շոու սարքեն պարտությունից: Մամուլում սպորտի հետ կապված որեւէ մարդ այսօր մեկնաբանություններ չի անում՝ միայն քաղաքական գործիչներ են:
– Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, որ «Առավոտում» մեկնաբանություններ էր արել, սպորտի մարդ չէ՞:
– Հակոբկոխյանը հեռուստատեսությամբ էլ լրիվ ուրիշ բան էր ասում:
Ես շատ ափսոսում ու անկեղծորեն տխրում եմ, որ որոշ մարդկանց այս պարտությունն ուղղակի ուրախացրել է: Եվ եթե ի սկզբանե պիտի քաղաքականացվի այս ամենը՝ այս ձեւով որեւէ քաղաքական ուժ կամ անհատ ինձ չի կարող վախեցնել: Իմ խղճի առջեւ մաքուր եմ՝ աշխատել եմ ճիշտ, լուծել բոլոր խնդիրները, որ ինձ առաջադրել են: Եվ եթե անգամ մի պահ զգայի, որ այսինչ տեղը թերացել եմ՝ ոչնչի՛ց կառչած չեմ:
Զրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Հ. Գ. Ծաղկաձորի մարզական բազայի շուրջ կառուցապատման մասին
Իշխան Զաքարյանի պարզաբանումները՝ 7-րդ էջում: