Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՍ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ

Սեպտեմբեր 02,2004 00:00

Այս
կարծիքին է ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը
– Պրն Զաքարյան, Աթենքի օլիմպիադայում հայ մարզիկների անփառունակ մասնակցությունից հետո նույնիսկ իշխանություն ներկայացնող ուժերը սկսեցին հայտարարություններ անել համապատասխան փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ։ Ի՞նչ կատարվեց Աթենքում՝ մեր մարզիկները պակա՞ս հաստ վզեր ու կոփվածք ունեին, թե՞ ավելի լուրջ պատճառներ կային։

– Ցավալի է, որ ամեն ինչի պես սպորտն էլ է քաղաքականացվել եւ կուսակցականացվել։ Վերջին եւ նախավերջին ընտրություններում բոլորս էլ տեսանք, թե ինչպես էին մարզիկներին օգտագործում։ Եթե կադրերին ընտրում են ըստ նախասիրության, ապա մարզիչներն ու մարզիկներն էլ են ըստ այդ նախասիրության ընտրվում։ Շատ մարզիկների են նեղացրել վերջին տարիներին, եւ մենք տեսնում ենք, որ շատ անվանի հայ մարզիկներ ելույթ են ունենում տարբեր երկրների դրոշի ներքո։ Զավեշտական է, որ թեպետ Ռոբերտ Քոչարյանը «տուռնիկի» վրա օրինակ էր ծառայում, սակայն դա էլ չօգնեց։ Իշխան Զաքարյանի մասին էլ ասելիք չկա. ոչ ոք չի մոռացել, թե մարզիկներին ինչպես էին ստիպում պարգեւավճարով եւ չգիտեմ ինչով պաշտպանել հայտնի է, թե ում։ Արդյունքն էլ պիտի լիներ այն, ինչ եղավ։

– Ելքը ո՞րն է։

– Կարող է շատ հասարակ հնչել, երբ շարունակ ասում ենք՝ իշխանափոխությո՛ւն, բայց իսկապես վիճակը տխուր է։ Հայաստանի Հանրապետությունը դուրս է մնում բոլոր գործընթացներից։ Ինքս պատգամավորական տարածաշրջանային խմբի անդամ եմ, եւ տեսնում եմ, որ մեր հարեւանները միշտ էլ բոլոր հարցերում պայմանավորվում են, եւ մենք մնում ենք մենակ։ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, նաեւ՝ Իրանը համագործակցում են շատ հարցերում, բազմաթիվ նախագծեր կան, եւ Հայաստանը որեւէ նախագծի մասնակից չէ։ Սա շատ վտանգավոր է երկրի համար եւ հիշեցնում է անցյալ դարասկիզբը։ Ես սա անսթափ վիճակ եմ համարում։ Երկիրը դուրս է բոլոր տնտեսական գործընթացներից եւ անընդհատ շարունակում է միայն Ռուսաստանի անունով երդում ուտել (ես ինքս կողմ եմ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության, բայց չի նշանակում, թե ուրիշ երկրների հետ չի կարելի գործակցել)։ Այս միակողմանի գործընթացներն ո՞ւր կարող են մեզ հասցնել, երբ հարեւանները առաջ են գնում։

– Դուք խոսում եք արտաքին խնդիրների մասին, սակայն դրանք ածանցյալ են այն ամենին, ինչ կատարվում է երկրի ներսում։ Իսկ ներսում չկա պայքարողը, չկա կազմակերպիչը։ Ընդդիմադիր որոշ գործիչներ էլ հայտարարում են, թե այսօր իշխանափոխության հասարակական պահանջ չկա։

– Հասարակական պահանջը տարբեր աստիճաններ ունի։ Այն, որ իշխանափոխության պահանջը բոլորն ունեն, խոսք լինել չի կարող, բայց այդ պահանջի աստիճանը կա։ Մենք տեսնում ենք, որ ժողովրդի այդ պահանջն այնքան մեծ չէ, որքան էլ շատ քաղաքական ուժեր ուզում են, որ լինի։ Ես գտնում եմ, որ իշխանափոխությունը օդի պես անհրաժեշտ է Հայաստանին, որովհետեւ այս իշխանությունը չի կարող տարածաշրջանային գործընթացների մեջ մտնել կամ «վեջը չի», թե այս երկիրն ինչ կլինի։ Ես չեմ ասում, թե ընդդիմությունն անսխալ է, բայց «Արդարություն» դաշինքը երեւացող չի գործում, քաղաքական դաշտը մեռնում է։ Ո՞ւր են մյուսները, թող ի հայտ գան, ո՞վ է ճանապարհը փակել։

– Կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը ընդդիմությանը շարունակ հրավիրում են մասնակցել «Ընտրական օրենսգրքի» եւ սահմանադրական փոփոխությունների քննարկումներին։ Հիմնական փաստարկն այն է, որ «Ընտրական օրենսգիրքը» նաեւ ընդդիմությանն է հարկավոր լինելու հետագա ընտրությունների համար։ Հնարավո՞ր է մասնակցության որեւէ ձեւ գտնեք։

– Մենք, իհարկե, շատ ակտիվ կասենք ե՛ւ «Ընտրական օրենսգրքի», ե՛ւ սահմանադրական փոփոխությունների մասին մեր տեսակետները։ Այսինքն՝ եթե իշխանությունները երեսպաշտություն չանեն, մեր կարծիքը կիմանան եւ եթե ուզեն հաշվի առնել, կարող են հաշվի առնել։ Որովհետեւ այդ ամենը կհնչի մամուլում եւ մեր ելույթներում։ Բայց այդպիսի միամիտ ծուղակներ սարքել, որ մենք գնանք ԱԺ, չարժե։ Ինչո՞ւ գնանք, մեր պահանջները, որոնք նաեւ Եվրախորհրդի պահանջներն էին, չկատարվեցին։

– Պրն Զաքարյան, վերջին շրջանում ՀԺԿ-ի որոշ անդամների վկայակոչելով՝ գնահատականներ են հնչում, որ ձեր կուսակցությունն իր անդամներին լավ չի պահում։ Այսօր կայացած քաղխորհրդի նիստում այս ամենի մասին խոսվե՞լ է։

– Այդ ամենի մասին խոսվել է, բայց միայն մեկ օրինակ բերեմ. քաղխորհրդի նիստին մասնակցում էր ՀԺԿ Արտաշատի տարածքային կազմակերպության քարտուղար Արամայիս Բարսեղյանը, որի մասին եւս գրվել էր, թե ինչ-ինչ դժգոհություններ ունի։ Բայց պրն Բարսեղյանն այդ լուրերը հերյուրանք համարեց։ Ինչ վերաբերում է Գրիշա Վիրաբյանին, ապա հստակ ասվեց, որ իրեն եւ բոլորին, ովքեր օգնության կարիք են ունեցել, ՀԺԿ-ի ղեկավարությունը ցուցաբերել է օգնություն՝ ուժերի ներածին չափով։ Եթե այդ մարդիկ դա բավարար չեն համարում, ի՞նչ ասեմ։ Ուրեմն պիտի դառնան իշխանություն, որ ավելի հարուստ կերակրամանից օգտվեն։ Եթե մարդը դժգոհ է, ուրեմն հույս ունի ավելի հարուստ կերակրամանից օգտվել, որը միայն իշխանությունն ունի։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել