Տապալված է ոչ միայն սպորտը Աթենքի օլիմպիադայում մեր մարզիկների կատարյալ անհաջողությունն այն չարիքն է, որը, ինչպես ընդունված է ասել, իր հետ նաեւ բարիք է բերում: Փորձենք ձեւակերպել այդ բարիքը. այս օլիմպիական խաղերը վերջնականապես եւ ամբողջ մերկությամբ հայ հանրությանը ցույց տվեցին, թե ինչպիսի ողորմելի վիճակում է հայտնվել նախագահի բարձր հովանավորության տակ գտնվող հայրենական սպորտը: Այսինքն՝ բարիքն այս դեպքում կայանում է հանրության տեղեկացվածության աստիճանի բարձրացման մեջ, ինչին, իբրեւ թե, պետք է հետեւեն ինչ-ինչ գործողություններ՝ ուղղված սպորտային ճգնաժամի հաղթահարմանը: Հայտնի ճշմարտություն է (որի մասին, ի դեպ, վերջին օրերին կոալիցիոն իմաստունները շատ են խոսում). որեւէ երկրի համար խիստ կարեւոր մարզական ոլորտը չի կարող զարգանալ մնացած ոլորտներից կտրված, ու եթե ճգնաժամ է այս ոլորտում, ուրեմն առանց վարանելու կարելի է պնդել, որ ճգնաժամ է նաեւ մնացած բոլոր կարեւորագույն ոլորտներում: Տարբերությունն այն է միայն, որ աշխարհում, ցավոք, տեղի չեն ունենում նաեւ դատախազների, դատավորների, խոշոր հարկատուների, պատգամավորների, գայիշնիկների, քաղծառայողների կամ դիվանագետների օլիմպիադաներ: Հակառակ դեպքում հայ հանրությունն ու ողջ աշխարհը հանգամանորեն կտեղեկացվեին նաեւ վերոնշյալ ոլորտներում առկա շատ ավելի մասշտաբային ու ցնցող խայտառակություններին: Ի՞նչ եք կարծում, որերո՞րդ տեղը կգրավեին լրագրողներին ծեծելու գործով ներգրավված պետմեղադրողը, դատավորն ու առհասարակ՝ այդ կարգի «արհեստավարժները» իրավապահների համաշխարհային օլիմպիադայում, եթե այդպիսինը տեղի ունենար. թերեւս՝ հատակային գիծը: Արդյո՞ք «սպորտային բերկրանքի» պահեր կպարգեւեին մեզ հայաստանյայց օլիգարխները, եթե նրանք մասնակցեին հարկատուների միջազգային օլիմպիադային: Դժվար չէ ենթադրելը, որ այդ միջոցառման արդյունքում նրանք կզիջեին ոչ միայն Էրիթրեայի պատվիրակներին, այլեւ պիգմեյներին: Իզուր են կուրծք ծեծում եւ իրենց թանկարժեք փողկապները պոկոտում մեր պատգամավորները՝ քննադատելով հայ մարզիկների ելույթները: Պատգամավորների օլիմպիադայի իրական լինելու պարագայում մեր «գերլուսավորյալ» օրենսդիրները, խաղք ու խայտառակ լինելուց բացի, աշխարհին պարզապես կհարկադրեին մտածել հայկական պետականության լինել-չլինելու նպատակահարմարության մասին: Դե, իսկ ինչ վերաբերում է մեր դիվանագետներին, ապա նրանց առնչվող օլիմպիադայի հավանական արդյունքների մասին մտածելն անգամ սարսափելի է: Բանն այն է, որ այս դեպքում հայկական օլիմպիական հավաքականի մեջ չէր ընդգրկվի անգամ այնպիսի կարկառուն դիվանագետ-օլիմպիական, որպիսին Վարդան Օսկանյանն է, եւ վերջնականապես հրապարակային կդառնար, որ մեր փոխարեն դիվանագիտական վազքուղի են դուրս եկել ինչ-որ բարեկամ երկրների «մարզիկներ»: Ահա սա է մեր տխուր օլիմպիական իրականությունը, եւ այն, ինչպես արդեն նշեցինք, մարզիկների հետ է կապված միայն վերջին հերթին: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ