«ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄ Է» ԱԺ-ում վերադասավորումները չի բացառում ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանը Թիվ 44 ընտրատարածքում այս կիրակի անցկացված ընտրությունները վերածվեցին քաղաքական նոր վերադասավորումների առաջին մարտադաշտի։ Միայն մեկ-երկու փաստ, եւ պարզ կդառնա, որ թիվ 44-ը միայն պատգամավորական մեկ մանդատի համար մարտադաշտ չէր եւ ավելին էր նշանակում։ Ամռան ընթացքում շարունակ խոսվում էր խորհրդարանական տեղաշարժերի եւ կոալիցիայի հնարավոր քանդման մասին։ Խոսվում էր, որ աշնան սկզբին մի քանի անկախ պատգամավորով կհամալրվի «Ժողպատգամավոր» խումբը։ Թիվ 44-ում ՕԵԿ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության պայքարում վերջինիս հաղթանակի դեպքում «Ժողպատգամավոր» խումբը կհամալրվի եւս մեկով եւ, ըստ էության, կունենա շատ ավելի մեծ թվով անդամներ, քան՝ կոալիցիայի կողմ ՕԵԿ-ը։ Այն, որ բիզնեսմեններից եւ բազմաթիվ ապարանցիներից բաղկացած «Ժողպատգամավոր» խմբի մոտ կեսը Արայիկ Հայրապետյանի վստահված անձինք էին թիվ 44-ում եւ որ բազմաթիվ մեծ ու միջին դատախազներ ազատ ելումուտ ունեին ընտրատեղամասերում, ապացուցում է, որ կռիվը դաժան է լինելու։ Այս ընթացքում քաղաքական ուժերին մի հարց է հետաքրքրում՝ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարականո՞վ է «Նիգ-Ապարանը» այսքան ակտիվացել, թե՞ դա ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությունն է։ Այս մեկը պակաս հավանական է թվում։ Խորհրդարանական վերադասավորումների համար, ըստ ամենայնի, հենց այսպես են նախապատրաստվում։ Քանի որ, եթե թիվ 44 ընտրատարածքում վերաքվեարկության արդյունքում ՕԵԿ-ը զրկվի պատգամավորական մեկ մանդատից, ապա թերեւս կդիմի կտրուկ քայլերի, ընդհուպ՝ կոալիցիայից դուրս գալը։ Այս մասին ոչ ուղղակի, սակայն ակնարկ արդեն արվել է։ Սակայն կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները դեռեւս ձեռնպահ են մնում խոսել հնարավոր վերադասավորումների մասին։ Առայժմ շարունակում են հնչեցնել այն պատասխանները, որոնք ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը հնչեցնում են կոալիցիոն հուշագրի ստորագրումից ի վեր։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն ասաց, որ սովորաբար խորհրդարանում վերադասավորումներ լինում են. «Խորհրդարանը կենդանի օրգանիզմ է, եւ ցանկացած պառլամենտում միշտ էլ ուժերի վերադասավորումներ լինում են։ Եվ հնարավոր է նաեւ այս ընթացքում լինի՝ որոշ անկախ պատգամավորների կողմնորոշման հաշվին։ Որեւէ սարսափելի բան դրանում չկա, որովհետեւ, ըստ էության, «Ժողպատգամավոր» խումբը մեզ դաշնակից պատգամավորական խումբ է, որի հետ ունենք անձնական, գործնական շատ ջերմ հարաբերություններ։ Եվ որքան կոնկրետ ծրագրերի շուրջ ձեւավորվեն խմբեր, այնքան խորհրդարանի աշխատանքն ավելի կկարգավորվի։ Իսկ կտրուկ փոփոխության խնդիր չենք տեսնում»։ Մեր հարցին՝ իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարի կոալիցիայի վախճանի մասին եւ շնորհակալություն հայտնի կատարած աշխատանքի համար, քանի որ վերադասավորումների արդյունքում կստանա ավելի հավատարիմ առանձին-առանձին միավորնե՞ր, պրն Մկրտչյանը պատասխանեց. «Նախագահն ինքը կոալիցիոն կառավարության եւ կոալիցիայի ձեւավորման գաղափարի կողմնակիցներից եւ մասնակիցներից էր, եւ այստեղ ես հակադրություն չեմ տեսնում։ Կոալիցիան գործում է, ծրագիրն իրականացնում է։ Եթե վիճակը կփոխվի, ապա այն կփոխվի ըստ որոշակի պայմանավորվածությունների եւ նոր դասավորումների։ Ներկա պահին նման խնդիր չկա։ Կոալիցիան էլ քարացած կառույց չէ։ Ձեւավորվել է երեք առավելագույն ձայն հավաքած կուսակցությունների կամավոր համաձայնությամբ, եւ եթե իրավիճակը փոխվի, որեւէ սարսափելի բան չի լինի։ Բայց կրկնում եմ՝ նման խնդիր չկա»։ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վերադասավորումների հավանականության մասին մեր հարցին պատասխանելով՝ նախ ասաց, որ կոալիցիայի ցրման մասին հարց չի կարող լինել, քանի դեռ կոալիցիոն ուժերն իրենք այդ մասին հայտարարություն չեն արել։ Կոալիցիայի փլուզման քաղաքական հիմքեր, ըստ Գալուստ Սահակյանի, չկան. «Խորհրդարանը քաղաքական ամբիոն է, եւ քաղաքական կուսակցությունների ազդեցությունները մշտապես շատ ավելի բարձր կարող են լինել, քան խմբի կամ խմբերի ազդեցությունը խորհրդարանում։ Տարիների փորձը, համենայնդեպս, դա է ցույց տալիս։ Վերադասավորումների համար այսօր քաղաքական հիմքեր չկան»։ ՕԵԿ խմբակցության անդամ, ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի կարծիքը խորհրդարանական հնարավոր վերադասավորումների մասին. «Չեմ կարծում, թե խորհրդարանում խոշոր վերաձեւումներ կլինեն»։ Մեր հարցին՝ ուժի մե՞ջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ակնարկն այն մասին, որ եթե թիվ 44-ում չընտրվի ՕԵԿ ներկայացուցիչը, կուսակցությունը կվերանայի կոալիցիային իր անդամակցության հարցը, պրն Շահգելդյանն ասաց, որ իրենք միշտ էլ ասել են, որ կողմնակից են հստակ եւ ազնիվ պայքարի. «Կողմնակից ենք առանց բախումների պայքարի եւ այդպես էլ փորձում ենք աշխատել։ Փառք Աստծո, բախումներ չեն եղել (խոսքը թիվ 44 ընտրատարածքում կիրակի օրը տեղի ունեցած պատգամավորի ընտրության մասին է.- Մ. Ե.), չնայած կրիմինալը բավականաչափ աշխատեց եւ ուժային մեթոդներ կիրառվեցին Արտակ Սարգսյանի եւ մեր դեմ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ