Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՀԱՎԱՍԱՐԵՑՆԻ՞

Սեպտեմբեր 01,2004 00:00

ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՀԱՎԱՍԱՐԵՑՆԻ՞

Նոր ուսումնական տարում մայրաքաղաքի կենտրոնի որոշ «էլիտար» դպրոցներ
նորարարություն են մտցրել. այսուհետեւ այս դպրոցների սաները դասի կհաճախեն
համազգեստով:
Իհարկե, ոչ բոլոր ծնողներն են համամիտ նորաձեւության այս ոճին, եւ ըստ մեր դիտարկումների, դժգոհություն են հայտնում նաեւ ապահով խավի ծնողներն ու երեխաները: Որոշ ուսուցիչներ (որ չցանկացան ներկայանալ) մեզ հետ զրույցում դա բացատրում են, որ համազգեստը հավասարություն կմտցնի: Մեկ օր առաջ տնօրենների խորհրդաժողովին մեր անցկացրած հարցման արդյունքում էլ պարզեցինք, որ տնօրենների մի մասը դեմ է որեւէ հագուստ պարտադրել աշակերտին. «Մենք միայն պահանջում ենք սեւ-սպիտակ, իսկ թե որտեղից նրանք կգնեն իրենց հագուստը, դա իրենց գործն է, ինչ իրավունք ունենք առաջարկել կամ պարտադրել, որ գնեն այսինչ տեղից»,- ասում են նրանք: Իսկ, օրինակ, Ն. Աղբալյանի անվան դպրոցում, ըստ ծնողներից մեկի, համազգեստի համար նախատեսված կտորը շուկայականից էժան գնով առաջարկվել է իրենց, եւ պատվիրվել «Գարուն» արտադրական միավորմանը՝ 1 հոգու համար 5600 դրամով կարել տաբատ (կամ կիսաշրջազգեստ) եւ կիսաթեւ ու երկարաթեւ մեկական շապիկ: Համազգեստի վրա դպրոցի տարբերանշանն է: Նույն կարգի գներով գործը գլուխ է բերել նաեւ Չեխովի անվան դպրոցը: Սակայն լուրեր կան, որ որոշ դպրոցներ աշակերտներին պարտադրում են նաեւ կոստյումներ, որոնք, բնականաբար, շատ ավելի թանկ արժեն՝ մինչեւ իսկ 50 դոլար, ինչն արժանացել է ծնողների բուռն դժգոհություններին:

Նոր ուսումնական տարվա մյուս նորարարությունն այն է, որ եկող տարվա ծրագրով ֆիզկուլտուրա առարկայից քննություն կանցկացվի 8-րդ եւ 10-րդ դասարաններում: Սա այն դեպքում, երբ դպրոցների մեծ մասում անգամ անհրաժեշտ մարզասարքեր չկան, էլ չենք ասում՝ քարուքանդ եղած մարզադահլիճների մասին:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել