Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՍԱԾՆԵՐՍ 100 ՏՈԿՈՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ»

Սեպտեմբեր 01,2004 00:00

Ռոպեր
Հատտեճեանը պատասխանում է իր բանախոսության արձագանքներին
«Առավոտի» նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել ենք «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռ. Հատտեճեանի՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին բանախոսությանը, որին մի խումբ սփյուռքահայեր այնքան էլ համակարծիք չէին: Պարոն Հատտեճեանը թեեւ այդ օրը նշեց, որ «այն մարդիկ, ովքեր կարծում են, թե Հայաստան գալու իմ նպատակը Թուրքիան գովելն է, բնավ հայերեն չեն հասկնար», սակայն հարկ համարեց անդրադառնալ իր ելույթի բոլոր մանրամասներին, մանավանդ որ «դահլիճի աղմուկը զիս անհանգիստ ըրավ եւ ամենեն կարեւոր ըսելիքս մոռցա»,- ասում է պարոն Հատտեճեանը: Վերջինս բառ առ բառ քննարկելով իր բանախոսությունը՝ սկսեց բացատրել, թե ինչ է նշանակում այս կամ այն նախադասությունը. «Ես ըսած խոսքերուս յուրաքանչյուր բառին վր կկենամ, դրանք 100 տոկոս ճշմարտություն են: Ես չըսի, թե թուրքերը շատ բարյացակամ են հայերուս նկատմամբ, ես միայն ըսի, որ թուրքերը ժամ առաջ կփափագին, որ հայերու հետ ունեցած իրենց խնդիրները լուծվին»:

Հիշեցնենք, որ դահլիճի իր ընդդիմախոսներին մասնավորապես վրդովել էր Ռ. Հատտեճեանի այն օրինակները, թե «թուրքերը բոլոր մյուս քաղաքացիներին չեն արտոներ, որ ապօրեն կենան, բայց միայն հայերուն կարտոնեն: Եթե Թուրքիա մեկ շաբաթ ապրիք, անշուշտ կտպավորվիք՝ այս թուրքերը ի՞նչ լավ մարդիկ են»: «Մարմարայի» խմբագրին գոհացնում է միայն այն փաստը, որ «այժմ Պոլսո մեջ ամենեն լավ հայկական կյանքը կա: Իսկ այն հողերը, որին տակ մեր արժեքավոր գրագետները, պատրիարքներն են թաղված, մենք չենք կրնար ձգել ու երթալ»: Պրն Հատտեճեանը ընդհանուր առմամբ զարմացել էր ըմբոստ սփյուռքահայերի նման վերաբերմունքից, մանավանդ որ նրանցից մեկն իր վաղեմի ծանոթն է եղել. «Շատ ամոթ էր, որ անընդհատ կոչեր էին հնչում: Դուք պետք է տեսնեք, թե ժողովուրդը Պոլսո մեջ ինչպես մտիկ կընե: Նույնիսկ եթե համակարծիք չէ, շատ քաղաքավարություն կը դրսեւորե: Գոնե այստեղ այդ անկրթությունը չընեն՝ կձգեն կելլեն, կը մտնեն»,- ասում է Ռ. Հատտեճեանը: Մարդկանց այսպիսի անսովոր պահվածքից նա մոռացել էր, որ պիտի «շատ լիակատար վերլուծեր այն կյանքը, որ մենք հանրապետական շրջանին ապրեցանք»:

Մեկնաբանելով հայ եւ թուրք ժողովուրդների ողջ պատմությունը, «Ունեւորության տուրք» կոչված օրենքի, Կիպրոսի վարած քաղաքականության մանրամասները՝ պարոն Հատտեճեանն ասաց. «Այս բոլոր իրադարձություններու ընթացքին հայ ժողովուրդը Թուրքիո մեջ հարկավ շատ տառապեցավ, բայց հիմա հստակ կրնամ ըսել, որ այսօր այդ անիրավություններու փոխարեն մենք հոն կվայելենք այնպիսի ազատություններ ու իրավունքներ, որոնք մեզի համար թանկագին են»: Ռ. Հատտեճեանի կարծիքով՝ չի կարելի թերագնահատել հայկական վարժարանների, հայ մամուլի, մշակութային հաստատությունների ու կազմակերպությունների դերը, որոնք ազգային ինքնության պահպանման համար շատ մեծ ծառայություններ են մատուցում. «Կարեւոր չէ՝ մարդը հոն հայերեն կխոսի, թե չի խոսի, հայերեն թերթ կկարդա կամ չի կարդա, բայց նա մեր ազգային հաստատությունները կապրեցնե՝ իր քսակեն լայն բաժին մը հանելով»,- ասում է Ռ. Հատտեճեանը: Նա մեծ հույսեր է կապում հատկապես Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամագրվելու հետ. «Մենք՝ հայ համայնքս, հուսանք, որ շատ պիտի օգտվինք այդ անդամակցութենեն, որը բովանդակ հայության համար լավ պիտի ըլլա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Երեկ Պոլսից կրկին խմբագրություն զանգահարեց պարոն
Հատտեճեանը եւ հայտարարեց, որ Գրողների միության դահլիճից իր դեմ խոսողները
սփյուռքահայեր էին, բայց ոչ՝ պոլսահայեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել