Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ

Սեպտեմբեր 01,2004 00:00

Քանի՞
ուսուցիչ այս տարի չի գնա դպրոց
Թեպետ կրթության ոլորտի պաշտոնյաները օպտիմալացման նախորդ փուլից հետո պնդում էին, թե այլեւս կրճատումների նոր ալիք չի բարձրանա, բայցեւայնպես կառավարության 2004-2006 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, մինչեւ 2005 թ. ուսուցչի ծանրաբեռնվածությունը պետք է հասնի 22 ժամի: Դրույքաչափերի համապատասխան փոփոխությունը, բնականաբար, կհանգեցնի ուսուցիչների թվի կրճատման, եւ «օպտիմալացվածների» թիվը, ըստ հիշյալ ծրագրի, կանցնի 4000-ից: Եվ չնայած օգոստոսի 25-ից արդեն դպրոցներում իրականացվում են դասաբաշխումները, եւ կրճատված ուսուցիչների թվի գոնե մոտավոր պատկերը պարզ է, այնուամենայնիվ, ԿԳ նախարարն ու մյուս պատասխանատուները պարտիզանաբար խուսափում են որեւէ թիվ նշել: «Վերջնական թիվ չեմ կարող ասել. շատերը սպասում են, որ դա մեկ ամսվա, մեկ շաբաթվա աշխատանք է, դա երկարատեւ աշխատանք է: Ես գտնում եմ, որ ժամանակն է օպտիմալացման հետ կապված լուրջ ատեստավորման աշխատանքներ կազմակերպել դպրոցներում»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքապետ Ե. Զախարյանը: Կարծում ենք՝ ատեստավորումը պետք է անցկացվեր նախապես, առնվազն 1,5 տարի առաջ, որպեսզի օպտիմալացման գործընթացը, որ բացառապես տնօրենի քմահաճույքներով է իրականացվում, ընթանար օբյեկտիվ եւ անկողմնակալ:

Դա անուղղակի ընդունում է նաեւ ԿԳ նախարարը, որը տարեվերջին խոստովանեց՝ դժբախտաբար, օպտիմալացումը չիրականացվեց նախարարության ենթակայությամբ ստեղծվելիք տեսչական-վերահսկողական կառույց ունենալուց հետո, ինչը բերեց տնօրենների կամայականություններին: Կառույցը, փաստորեն, դեռ առաջիկա ծրագրերի ցանկում է, իսկ ուսուցիչների ջարդն ընթանում է նույն՝ կամայական սկզբունքով:

Երեկ մեզ հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նորիկ Ղուկասյանը նշեց, որ տնօրեններն առաջնորդվում են աշխատանքային օրենսգրքի համապատասխան կետերով, ասել է թե՝ առաջին հերթին կրճատվում են թոշակառուները (ինչը շեշտեց նաեւ քաղաքապետը), այնուհետեւ՝ նախապատվությունը տրվում է բարձր արտադրողականություն ունեցողին, ընտանիքի միակ կերակրողին, խնամքին 2 եւ ավելի երեխա ունեցողին, տվյալ աշխատանքում երկարամյա փորձ ունեցողին: Բայց ինչպե՞ս որոշել ուսուցչի արտադրողականությունը: ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանն ունի դրա բանաձեւը. «Հավաքում են ուսուցիչներին, տալիս են գրավոր քննություն: Այն ուսուցիչը, որը որակ է տալիս, անկախ տարիքից, անկախ նրանից, թե որ բուհն է ավարտել, նա պետք է մնա, այն ուսուցիչը որը որակ չի տալիս, նա պետք է գնա: Սա է լուծումը, ինչո՞ւ են ընկել այս կողմ, այն կողմ»:

Այս բանաձեւին, սակայն, դեռեւս ոչ ոք չի հետեւել, տնօրեններն ունեն իրենց սեփական կանոնները, եւ դրա ապացույցը մեկ օր առաջ տնօրենների խորհրդաժողովում հնչած թիվ 62 դպրոցի տնօրեն Գայանե Սողոմոնյանի ելույթն էր: Վերջինս նշեց, որ գերադասում է իր դպրոցում պահել թոշակառու, բայց փորձառու մասնագետին, քան երիտասարդներին, որոնք դպրոց են գալիս իրենց ցուցադրելու համար: Բացի այդ, տնօրենը եւս մի փաստարկ բերեց. «Ինչ խղճով ազատես այն ուսուցչին, որ մութ ու ցուրտ տարիներին դպրոցում էր, իսկ ապահով խավի մանկավարժները լքեցին դպրոցը»: Եթե նույնիսկ բարոյական եւ մարդկային առումով տնօրենը ճիշտ է, այնուամենայնիվ, դարձյալ սուբյեկտիվ գործոնն է իշխում, եւ Նորիկ Ղուկասյանը պնդում է, որ բոլոր տնօրենները պետք է առաջնորդվեն աշխատանքային օրենսգրքով: «Ելույթը մի բան է, աշխատանքային պրոցեսը՝ այլ»,- տնօրենի ասածի առնչությամբ ասաց վարչության պետը:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել