Լրահոս
Օրվա լրահոսը

Չուզողությունը չորացնում է

Սեպտեմբեր 01,2004 00:00

Այս
տարի Երեւանի այգիներում տարօրինակ ձեւով շատացել են «չորացումներն» ու «հրդեհները»:

Արաբկիր համայնքի բնակիչներին անհանգստացնում է «Արաբկիր» զբոսայգու ծառերի խորհրդավոր չորացումը: Այգի այցելողների ասելով, ամեն օր ստիպված են շնչել շատրվանների ավազաններում մնացած նեխած ջրի հոտը, հանդիպել այնտեղի լքված սրճարանում բնակվող «բոմժերին». «Դրա հետ արդեն հարմարվել էինք, բայց ծառերի դիտավորյալ չորացումը չենք հանդուրժի»,- վրդովված ասում է զբոսայգու հարեւանությամբ բնակվող տիկին Ռիման: Այգու վերեւի մասում գործում է սրճարան, որի հարակից տարածքը կանաչապատ ու բարեկարգ է, մշտական ջրով: Զբոսայգու մնացած հատվածները չորացած եւ աղբով լի են: Ուշագրավ էր այն, որ այգու կողքով անցնող խողովակները տեղ-տեղ վնասված էին եւ այդ ջուրը անդադար հոսում էր Հրազդանի կիրճ: Բնակիչների խոսքերով, իրենք բազմիցս դիմել են թաղապետարան, որտեղ նրանց պատասխանել են. «Ջուր կա, ջրվոր չկա»: Մարդիկ, որպես ջրվորի թեկնածու, առաջարկել են մի բնակչի: Թաղապետարանում երկար մտածելուց հետո մերժել են՝ ասելով. «դա ձեր գործը չի»:

Ի դեպ, «Արաբկիր» զբոսայգին վարձակալությամբ տրվել է «Հրաշք զբոսայգի» ՍՊԸ-ի խնամքին: Թաղապետարանը միայն վերահսկում է նրա աշխատանքը:

Արաբկիր համայնքի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետի տեղակալ Արսեն Մովսիսյանի խոսքերով՝ իրենք շատ գոհ են «Հրաշք զբոսայգի» ՍՊԸ-ի աշխատանքից: Իսկ այս բողո՞քը: Պարզվեց, որ մարդիկ պարզապես «պարապությունից» են բողոքում: Բացի այդ, ողջ Արաբկիր համայնքում սա ամենալավ խնամվող զբոսայգին է: Ունի ջրվորներ:

Թե ինչու է ջուրը անտեղի հոսում կիրճ, պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Խողովակները դիտավորյալ ծակել են, որ ձորում էլ կանաչ աճի: Նախկինում այդ այգին խոզանոց էր: Չորացման պատճա՞ռը: Մի քանի օր առաջ խողովակ էր վնասվել, հիմա ամեն ինչ կարգին է, այգին ամեն օր ոռոգվում է»: Մովսիսյանի բնորոշմամբ՝ միայն բարբարոսը կարող է դիտավորյալ կանաչը չորացնել: Նա նշեց նաեւ, որ տեղյակ չէ, թե ով է կիսակառույցի տերը. «Մեզ չի խանգարում: Կանաչ տարածք չի զբաղեցրել»:

Զբոսայգին շուրջ 12 հեկտար է, որի հենց սկզբնամասում, շատրվանների կողքին կա կիսակառույց շինություն: Ամիսներ առաջ գրել էինք, որ այն պատկանում է ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանի գրանցված հասարակական կազմակերպությանը: Շենքը կառուցված է այնպես, որ ներսում մնացել է մի հաստաբուն ծառ եւ եթե կառուցապատումը շարունակվի՝ ծառը, բնականաբար, հատվելու է: Խոտերի եւ ծառերի չորությունից, կուտակված աղբից ակնհայտ էր՝ ամեն օր խնամվում են այգու միայն սրճարանի հատվածները: Պաշտոնյայի հետ զրույցում շրջանառվում էր նաեւ «չուզողության» տարբերակը: Այսինքն, «Հրաշք զբոսայգի» ՍՊԸ-ի մրցակիցը, որը մրցույթում պարտվել է, դիտավորյալ մարդիկ է վարձել աղմուկ բարձրացնելու եւ «Հրաշքի» աշխատանքի վրա ստվեր գցելու նպատակով:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ
Հետաքրքիր է, թե ում «չուզողության» պատճառով են այս ամառ
անհասկանալիորեն այրվում մայրաքաղաքի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն եւ այլ համայնքների
այգիների ու պուրակների ծառաթփերը: Չենք ասում՝ «չորացում», որովհետեւ բույսը
չջրվելու պատճառով է դեղնում-չորանում՝ ծայրի տերեւներից սկսած, ոչ թե՝ հիմքից,
երբ ճյուղի ծայրի տերեւը դեռ կանաչ է: Կարծիք կա, որ հիմնականում չվարձակալված
կանաչ տարածքներում բռնկված այդ «չորացումները» հարմար պատրվակ են ստեղծում
քաղաքային իշխանությունների համար, թե կանաչ գոտու պահպանման լավագույն ելքը
այն սրճարանատերերի խնամքին հանձնելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել