ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵՑԻՆ
Կոտայքի մարզի թիվ 44 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ
նիստ է հրավիրել եւ իր որոշմամբ հայտարարել կիրակի տեղի ունեցած ԱԺ մեծամասնական
ընտրակարգով ընտրությունները անվավեր ճանաչել: Այս ընտրատարածքում կնշանակվի
վերաքվեարկություն: Կասկածից վեր է, որ առաջիկայում եւս այս ընտրատարածքում
ֆավորիտները կլինեն դարձյալ «Օրինաց երկիրը» ներկայացնող Արտակ Սարգսյանն
ու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը վայելող Արայիկ
Հայրապետյանը:
Ի դեպ, թիվ 44 ԸԸՀ-ն նման որոշում է կայացրել՝ առանց որեւէ ընտրատեղամասում քվեատուփերը բացելու եւ վերահաշվարկ կատարելու: Ասում են, թե սա եղել է երկուստեք համաձայնությամբ, ինչպես ընդունված է ասել՝ ՀՀ նախագահի «բարձր հովանավորությամբ»:
Համաձայն «Ընտրական օրենսգրքի», ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում նոր ընտրությունները նշանակվում են ընտրությունն անվավեր ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 10 եւ ոչ ուշ, քան 20 օր հետո: Բայց այդ ժամկետը երեկ դեռեւս ճշտված չէր այն պատճառով, որ հնարավոր էր թեկնածուներից որեւէ մեկն այդ որոշումը բողոքարկեր կամ ԿԸՀ-ում, կամ դատարանում: Երեկ նման բողոք, սակայն, ԿԸՀ-ն չէր ստացել: Ասել է թե՝ այսօր, թերեւս, ԸԸՀ-ն հստակեցնի վերաքվեարկության օրը:
Երեկ «Օրինաց երկիրը» խորհրդի նիստ էր հրավիրել այս ընտրությունների եւ դրանք անվավեր ճանաչելու վերաբերյալ հարցը քննարկելու համար: Սպասվում էր, որ այդ առնչությամբ հայտարարություն է լինելու: Բայց երեկ դեռ ուշ երեկոյան կուսակցությունում սույնի մասին դժվարացան տեղեկություններ տալ:
Ն. Մ.