Լրահոս
Օրվա լրահոսը

Միայնակ՝ դատարանի առջեւ

Սեպտեմբեր 01,2004 00:00

Ընդդիմության եւ ոչ մի ղեկավար երեկ Արտակ Զեյնալյանի կողքին չէր, երբ նա Վերաքննիչ դատարանում փորձում էր հասնել ապրիլի 12-ի գիշերն իր նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ հստակ պատասխանի:

Դեռ մայիսի 10-ին էր «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը դիմել գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանները ներխուժելով կուսակցության գրասենյակ՝ իր նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություն եւ նվաստացրել իր արժանապատվությունը: Նրան տարել էին «էրեբունի» ժամանակավոր պահման մեկուսարան, ուր մնացել էր շուրջ 36 ժամ: «Առայսօր ինձ հայտնի չէ իմ նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու, անազատության մեջ պահելու, տառապանք պատճառելու որեւէ հիմք»,- գրել էր պրն Զեյնալյանը եւ պահանջել, որ իրեն ապօրինի բերման ենթարկելու, ազատությունից զրկելու հրաման տված եւ ապօրինի հրաման կատարած պաշտոնատար անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Հակոբ Ղարախանյանը մայիսի 21-ին պատասխանել էր նրան, թե իր դիմումը կցվել է թիվ 62202104, այն է՝ «Արդարության» դեմ հարուցված քրգործին: Գրագրության հաջորդ փուլը՝ մայիսի 31-ին Արտակ Զեյնալյանը հիշեցրել էր Հակոբ Ղարախանյանին, որ մայիսի 10-ի իր հայտարարությունը «Քրեական դատավարության օրենսգրքի» հոդված 177-ով նախատեսված՝ հաղորդում է հանցագործության մասին, եւ դատախազությունը պարտավոր էր ընդունել ՔԴՕ հոդված 181-ով նախատեսված 3 որոշումներից մեկը՝ գործ հարուցելու մասին, գործ հարուցելը մերժելու մասին, հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին, իսկ դատախազը պարտավոր էր այդ որոշումն ուղարկել հայտարարության հեղինակին: «Կատարեք, խնդրում եմ, օրենքի պահանջը եւ ինձ ուղարկեք հայտարարությանս հիման վրա դատախազի ընդունած որոշումը»,- գրել էր Արտակ Զեյնալյանը, եւ երբ որեւէ պատասխան չէր հետեւել՝ նախանձելի հետեւողականությամբ դիմել էր արդեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան՝ խնդրելով վերացնել իր իրավունքի խախտումը եւ պարտավորեցնել Հակոբ Ղարախանյանին կատարել ՔԴՕ-ով նախատեսված իր պարտականությունները: Իսկ երբ հուլիսի 16-ին էլ դատավոր Պարգեւ Օհանյանը, առանց դատաքննության ընթացքում բողոքի վերաբերյալ նյութերը հետազոտելու (եւ անգամ իսկ՝ առանց դատավորական պատմուճանի), մերժել էր նրա պահանջը՝ դիմել էր արդեն ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան:

Երեկ այս դատարանն էլ մերժեց նրա բողոքը: Դատավոր Եվա Դարբինյանը ինչ-ինչ փաստարկներ ներկայացրեց, թե դատախազության այս որոշումն ընթացակարգային է՝ ոչ վերջնական, ուստի ենթակա չէ բողոքարկման: Արտակ Զեյնալյանը համաձայն չէր այն մոտեցմանը, թե իր անձի վերաբերյալ կայացված որոշումները չպետք է իրեն ուղարկվեն, եւ պատրաստվում է դիմել նաեւ վճռաբեկ դատարան:

Սակայն այս պատմության մեջ հատկանշականն այն էր, որ Արտակ Զեյնալյանն իր դեմ իրականացված բռնությունների վերաբերյալ պատասխանը փորձում էր ստանալ մեն-մենակ: Ո՛չ «Արդարության», ո՛չ «ԱՄ» ղեկավար անդամներից եւ ոչ մեկը նրա կողքին չէր: Գրեթե նույն կերպ, լավագույն դեպքում՝ կիսադատարկ դահլիճներում էին անցել նաեւ Արտակ Գաբրիելյանի եւ ապրիլյան դեպքերի ընթացքում բռնությունների ենթարկված այլ անձանց դատավարությունները: Հետաքրքիր է՝ այս պատկերը տեսած անձանցից քանի՞սը հանրահավաքային պայքարի վերսկսման դեպքում կգնան ընդդիմության ետեւից:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել