Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ «ԾԱԽԵՑ» ՂԱՐԱԲԱՂԸ

Սեպտեմբեր 01,2004 00:00

«Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի անդամի համար միեւնո՞ւյն է, թե որ պետության կազմում
կլինի Ղարաբաղը՝ Հայաստանի կամ Ադրբեջանի:
«Համաձայնություն» կենտրոնի կազմակերպած «Գլոբալացումը եւ Հարավային Կովկասը» թեմայով սեմինարի ընթացքում, «Ամբիոն» շաբաթաթերթի համաձայն, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, ի շարս այլ պնդումների, բառացիորեն հայտարարել էր. «Բոլորովին կարեւոր չէ Ղարաբաղի տարածքային պատկանելությունը»: Դիմեցինք նրան պարզաբանումների համար, թե իրո՞ք նման համոզում ունի, եւ եթե այո՝ ինչպե՞ս է այս դիրքորոշումը համադրվում «Հանրապետության» հիմնադիր երկրապահների մոտեցումների հետ, որոնց համար Ղարաբաղի հարցը սկզբունքային էր այնքան, որ վճռորոշ դարձավ 1998-ի իշխանափոխության ժամանակ: Նշենք նաեւ, որ ըստ թերթի՝ այդ սեմինարի ընթացքում պրն Սուրենյանցը հայտարարել էր, թե 90 տոկոսով արտահայտում է կուսակցության դիրքորոշումը:

«Նախ՝ ես սեմինարում հանդես եմ եկել որպես անհատ,- պարզաբանեց Սուրեն Սուրենյանցը:- Երկրորդ՝ ասվածի իմաստը խեղաթյուրվել է, քանի որ ես ասել եմ, թե Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, ազատությունների եւ ինքնորոշման իրավունքի համատեքստում տարածքային պատկանելության խնդիրը երկրորդական է: Հիմա էլ եմ պնդում, որ նշածս առաջին երեք խնդիրների համատեքստում առաջնայինը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցն է, այն սկզբունքը, որ մինչեւ 1998-1999-ը պաշտպանվում էր նաեւ Հայաստանի կողմից: Եվ այս միտքն արտահայտել եմ այն համատեքստում, որ Ղարաբաղի խնդիրը ներկա իշխանության օրոք տրանսֆորմացվել է տարածքային վեճի, ու եթե մենք խնդիրն արծարծում ենք տարածքային վեճի հարթության մեջ, ուրեմն՝ անխուսափելիորեն նաեւ Հայաստանը պետք է անի տարածքային զիջումներ»:

Ղարաբաղի տարածքային պատկանելությունը երկրորդական համարելու վերաբերյալ հայտարարությունը եթե 1998-ից առաջ հնչեր, հենց Սուրեն Սուրենյանցի ներկայիս կուսակից երկրապահներից ոմանք կգնահատեին իբրեւ «Ղարաբաղը ծախելու կամ հանձնելու» պատրաստակամություն: «Ղարաբաղը ծախում կամ տալիս են բոլոր այն քաղաքական ուժերը (անկախ նրանից՝ դիմությո՞ւն են, թե՞ ընդդիմություն), ովքեր սատարում են գործող վարչախմբի խնդրի սառեցման քաղաքականությանը՝ նպաստելով, որ Ղարաբաղի խնդիրը դառնա ռուսական շահերի պատանդ ու պահպանվի Հայաստանի տնտեսական ու քաղաքական օլիգարխիկ վիճակը»,- ասաց պրն Սուրենյանցը: Նրա այս մի պնդումն էլ առիթ դարձավ հիշելու «Հանրապետության» դաշնակցի՝ ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Զաքարյանի բազմիցս արված հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցում պատրաստ են համագործակցել իշխանության հետ: Ըստ այդմ՝ իր վերոհիշյալ բնորոշումը վերաբերում է նաեւ «Արդարություն» դաշինքում իրենց դաշնակցի՞ն: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ «Հանրապետության» քաղխորհրդի անդամն ասաց. «Չգիտեմ, թե Ստեփան Զաքարյանն ինչ է ասել, բայց ընդդիմադիր որեւէ գործիչ նման բան ասելուց առաջ պետք է մտածի, որ նա դրանով, ըստ էության, համաձայնում է Ռոբերտ Քոչարյանի առաջարկած՝ Հայաստանի ինքնամեկուսացման բանաձեւին»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. «Ամբիոնը» «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանին
խնդրել էր մեկնաբանել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին Սուրենյանցի
արտահայտած տեսակետը, որ մեջբերել ենք մեր առաջին էջում, եւ ստացել ոչ պակաս
ուշագրավ պատասխան: «Ո՞վ է ասում, որ մենք տարբեր քաղաքակրթությունների կրողներ
ենք,- ասել էր Արամ Սարգսյանը:- Մեր երկիրը Թուրքիայից ոչ մի բանով էլ չի
տարբերվում. թուրքերն էլ են տոլմա ուտում՝ մենք էլ: Ոչ մի երկրի խոհանոց
էդքան մերինին նման չի, ինչքան թուրքերինը: Եթե մշակութային արժեքները հաշվի
առնենք՝ մենք մեր Մաշտոցն ու Նարեկացին ունենք, թուրքերն՝ իրենց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել