Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՈԼՈՐ ԴԱՇՏԵՐՈՒՄ

Օգոստոս 31,2004 00:00

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՈԼՈՐ ԴԱՇՏԵՐՈՒՄ Այսպես է գնահատում Գալուստ Սահակյանը հայ մարզիկների պարտությունը Աթենքում Շատերն են կարծում, որ Աթենքի օլիմպիադայում հայ մարզիկների անփառունակ պարտության պատճառով Իշխան Զաքարյանը պաշտոնանկ չի արվի։ Արդարացումներ գտնելը դժվար չէ։ Օրինակ, կասվի, որ մեղավորը մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանն է, որի ջանքերի շնորհիվ 1999-ին հանրապետական սպորտդպրոցները կրթության համակարգի ենթակայությունից առանձնացան եւ տրվեցին վերոհիշյալ նախարարությանը։ Ավելի ուշ մանկապատանեկան սպորտը այդ նախարարությունից եւս առանձնացավ եւ դարձավ Իշխան Զաքարյանի անձնական օգտագործման «դուքանը»։ Արդյունքում պակասեց սպորտով զբաղվողների այն անհրաժեշտ քանակը, որից սովորաբար ընտրվում է հարկավոր որակը։ Հետեւաբար պետք է հետին թվով պաշտոնանկ անել Ռոլանդ Շառոյանին, իսկ Իշխան Զաքարյանը, վստահ են շատերը, կպահպանվի պետության կողմից։ Փաստորեն, Ռ. Քոչարյանի անձնական սպորտային հաջողությունները, որոնք նա բազմիցս ցուցադրեց հայ ժողովրդին, էական ազդեցություն չեն թողել մեծ սպորտի վրա։ Աթենքում ցավալիորեն ապացուցվեց, որ սպորտի նկատմամբ պետական հոգածությունը հերթական փուչիկ է, առասպել։ Ծայրահեղ դեպքում՝ անպտուղ վատնումներ։ Անկեղծ ասած՝ ինքս հատուկ մարզական հակումներ չունեմ, բայց, առանց չափազանցության, լաց եղա, երբ հայ մարզիկները սկսեցին իրար ետեւից դուրս մղվել մրցապայքարից։ Խոսքն ամենեւին էլ սպորտի մասին չէ. խոսքը հոգեբանության եւ ազգային պատվախնդրության մասին է։ Ի՞նչ են սովորել մեր մարզիկները, ինչպե՞ս են կրթվել վերջին տարիներին։ Պարզվեց՝ որեւէ կրթություն չեն ստացել. խոսքը դարձյալ ոգու մասին է, եւ մկանների պրկվածությունն ու վզի հաստությունը այս ամենի հետ որեւէ կապ չունեն։ «Բա ամոթ չէ՞ր»,- երեկ այսպիսի՝ զուտ հայկական հարց ուղղեցինք ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին՝ փորձելով իմանալ վերջինիս կարծիքը Հայաստանի սպորտի վիճակի մասին։ «Դա մեր ժամանակների պարտություններից մեկն էր եւ՝ բոլոր դաշտերում»,- անկեղծացավ պրն Սահակյանը։ Եվ քանի որ գործադիր մարմնում Հանրապետականը մեծամասնություն է կազմում, նշանակո՞ւմ է արդյոք, որ երկրի գործադիր մարմինը սպորտում լուրջ պարտություն կրեց, եւ որ դրան կհետեւեն մի շարք անձանց պաշտոնանկություններ։ Ըստ Գալուստ Սահակյանի՝ այդ իմաստով գործադիր իշխանությանը ոչինչ տրված չէ. «Սպորտը սպորտային քաղաքականություն է եւ, ինչպես շատ այլ գործոններ, ազգինն է, պետությանն է, ժողովրդինն է։ Եվ այդ դառը պարտության համար բոլորս պետք է պատասխան տանք»։ Գալուստ Սահակյանը գտնում է, որ սպորտը չի կարգավորվի հրաժարականներով կամ պաշտոնանկություններով. «Մենք պետք է կարողանանք մեր պետության մեջ սպորտային մթնոլորտ ստեղծել, որը չկա։ Փաստորեն, սպորտը հոգեբանորեն հասարակությանն իր մեջ չի ներառել։ Կարծում եմ՝ սխալը կատարվել է այն ժամանակ, երբ մանկապատանեկան սպորտը կրթության նախարարությունից վերցվեց։ Դրանով մենք խիստ հարված հասցրինք նաեւ դպրոցի ֆիզկուլտուրայի պարապմունքներին»։ Ճիշտ նույն կարծիքին է նաեւ կոալիցիայի մյուս՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել