Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇՈԳ ՈՒ ՄՈՒԹ ՕՐԵՐ՝ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇՈՒՄ

Օգոստոս 31,2004 00:00

ՇՈԳ ՈՒ ՄՈՒԹ ՕՐԵՐ՝ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇՈՒՄ Նախորդ շաբաթվա ընթացքում Նորք-Մարաշ համայնքի բնակիչները մի քանի անգամ հոսանքազրկվել են: Մեկ շաբաթում երեք անգամ, եւ յուրաքանչյուր անգամ՝ մոտ 12-16 ժամով: Համեմատաբար կարճ ժամանակահատվածներով հոսանքազրկումներ եղել են նաեւ դրանից առաջ: Եվ ընդհանրապես դա պարբերական երեւույթ է այս տարածքում: Եթե հաշվի առնենք, որ համայնքը հոսանքազրկվում է հսկայական տարածքով, եւ այդտեղ գտնվում են նաեւ մի շարք առեւտրի, սպասարկման կետեր, որ շոգ ամառ է, ապա կարելի է պատկերացում կազմել այդ առեւտրի օբյեկտներում վաճառվող մսամթերքի պիտանիության մասին: Իսկ վնասի չափը ամեն մի օբյեկտում տարբեր է՝ կախված պրոֆիլից ու ծավալներից: Բացի այդ, վնասներ են կրում նաեւ տնային տնտեսուհիները՝ էլի սառնարանների «հարկադիր պարապուրդի» պատճառով: Չհաշված ամռան այս տապին սառը ջուր կամ հյութ խմելու, կոնդիցիոներից օգտվելու հնարավորությունից զրկվելը, որոնք մնացած անհարմարությունների համեմատությամբ բարոյական վնասների շարքն են դասվում: Բնակիչներին պատճառաբանել են, որ երկար ժամանակով հոսանքազրկումները տեղի են ունենում վթարների պատճառով: Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատեր «Միդլենդ ռեսորսիզի» լրատվական ծառայությունից հաստատեցին այս տեղեկությունը, ավելացնելով, որ վթարներն այստեղ հաճախակի են տեղի ունենում մաշված կաբելների պատճառով: Նաեւ նշեցին, որ իրենց աշխատակիցներն ադեն հինգ օր է՝ աշխատում են այդ տարածքում եւ փոխում են կաբելների ամենամաշված, ամենավատ վիճակում գտնվող հատվածները: Ըստ լրատվական ծառայության, «դրանք բարձր լարման գծեր են, եւ արդեն քառասուն տարի է՝ այդ վիճակում են: Տարածքը բավականին մեծ է, կաբելներն էլ հին են, մի տեղ վերացնում են, մեկ ուրիշ տեղ նորից վթար է տեղի ունենում: Սրան գումարվում են նաեւ աշխատանքների ավարտից հետո ասֆալտապատման խնդիրները, որոնք պետք է համաձայնեցվեն տեղական ինքնակառավարման մարմնի հետ»: Վատն այն է, որ չի բացառվում, թե առաջիկա օրերին էլ լինեն անջատումներ, մինչեւ աշխատանքներն ավարտվեն: Ընկերության աշխատակիցը մասնավորեցրեց, որ Նորք-Մարաշ համայնքը առաջնայիններից է, որտեղ հոսանքալարերի վերանորոգման աշխատանքներ պետք է կատարվեն: Հարց է ծագում, թե ինչու բաշխիչ ցանցերի սեփականատերը դա չի արել սեփականությունն ստանալուց հետո այս 1,5 տարվա ընթացքում: Հիշեցնենք, ԲԷՑ-երի մասնավորեցման անհրաժեշտության փաստարկներից մեկն էլ մաշված ցանցի թարմացման առաջնահերթությունն ու անխուսափելությունն էր (դրա համար պետությունը միջոցներ չուներ): Միգուցե «Միդլենդ ռեսորսիզը» թարմացրել է ա՞յլ թաղամասերի հոսանքի գծերը: Բայց միայն վերջերս մեկ շաբաթում 3 անգամ անջատումներ են եղել Թբիլիսյան խճուղում, Շենգավիթում (Երրորդ մաս, Չարբախ) գրեթե ամեն օր են կես ժամով անջատումներ տեղի ունենում, Բութանիայում օգոստոսի 16-21-ը երկու անգամ 2-3 ժամով է անջատվել հոսանքի մատակարարումը: Այլ տարածքներում հոսանքի լարման ուժեղացման պատճառով կենցաղային տեխնիկայի փչանալու բազմաթիվ դեպքերի մասին են բողոքել մեր ընթերցողները: Այս պայմաններում բաշխիչ ցանցերի սեփականատիրոջ կատարած եւ խոստացած ներդրումների համապատասխանությունն ստուգելու կամ վերահսկելու պարզապես անհրաժեշտություն է առաջանում: Երեկ Էներգետիկայի նախարարությունից չհաջողվեց այս մասին տեղեկություններ ստանալ, ինչը կփորձենք անել նաեւ առաջիկայում: Իսկ ընդհանրապես, հետաքրքիր է, որ այս ամենից հետո բաշխիչ ցանցերի սեփականատիրոջը չեն անհանգստացնում վնասի փոխհատուցման պահանջներով: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել