Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՌՈՒՄ ԾԱՌԻ ԾՎԵՆՆԵՐ ԿԱՅԻՆ

Օգոստոս 31,2004 00:00

ԱՆՏԱՌՈՒՄ ԾԱՌԻ ԾՎԵՆՆԵՐ ԿԱՅԻՆ Գրեթե բոլոր ԶԼՄ-ները՝ անկախ քաղաքական կողմնորոշումներից, մասնակցեցին Ծաղկաձորում իրենց գործընկերների դեմ իրականացված հարձակման դեմ բողոքի ակցիային: Նաեւ տեսան անտառի վիճակն ու լսեցին այդ մասին Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանի պարզաբանումները: Դեպի «Արմավտո» պանսիոնատ տանող այս նոր կառուցվող ճանապարհի մասին քաղաքապետը թեթեւությամբ ասաց. «Այդ ճանապարհի հատվածում կարող է ընդամենը մի 10-15 ծառ է կտրվել», եւ արդարացրեց դրա անհրաժեշտությունը մասնավորապես՝ «թաղամասն աշխուժացնելու» պահանջով: Ռոբերտ Քոչարյանի «Բուրան» քշելու համար տրակտորով լայնացված այս մի անտառային ճանապարհի մասին էլ ասաց. «Կարող է՝ մի 20 հատ էլ ծառ այնտեղ է կտրվել, բայց մեքենա՛ պիտի մտնի անտառ… Հազար ու մի պատմություննե՜ր կան, հրդե՜հ կա»: «ՀԱ» թղթակցի հարցին՝ քանի՞ հրդեհի դեպք է եղել, որ հրշեջները չեն կարողացել մոտենալ եւ հանգցնել՝ Գարուն Միրզոյանը պատասխանեց. «Պետք է դեպքը լինի՝ նո՞ր մտածենք»: Որոշ հարցերում քաղաքապետը համաձայնեց լրագրողների հետ: Օրինակ, անտառի միջով անցկացված քարաշեն պարիսպների մասին ասաց, թե «իրենց սեփականությունը պատերով, սահմաններով առանձնացնելը, կարծում եմ, մի քիչ սխալ էր: Գուցե ցանկապատերով, ցանցերո՞վ արվեր»: «Մի մասն օրինական է, մյուս մասը՝ կիսաօրինական»,- կառույցների մասին ուշագրավ պնդում արեց պրն Միրզոյանը: Նաեւ լսելով լրագրողների բողոքները՝ խոստացավ. «Հենց այսօր կհանձնարարեմ՝ գնան, եթե որեւէ սեփական տարածքում կտրված ծառ կա, կպարտավորեցնենք՝ 5-ապատիկը, 10-նապատիկը կվերականգնեն, կտնկեն»: Այս լուսանկարն արված է «Մուլտի Էյր» ընկերությանը սեփականաշնորհված անտառում, ուր շուրջ 30 քոթեջ է կառուցվում, եւ լրագրողները տեսան նոր կտրվածի նշանները կրող եւ արմատախիլ արված ծառեր: Սակայն հենց այս տարածքի մասին ասաց Ծաղկաձորի քաղաքապետը. «Բնապահպանական խնդիրները, կարծում եմ, ամբողջովին լուծված են»: Եվ վերջապես պաշտոնյաների տների մասին հարցին էլ պատասխանեց. «Այդ տների ներկայիս սեփականատերերը երեւի 10-րդ գնորդներն են: Դրանք դեռեւս գործկոմների ժամանակով հատկացված հողատարածքների վրա տնակներ են եղել, վերակառուցվել, վաճառվել, նորից վաճառվել»: Իսկ լուսանկարում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի տունն է, որն «Ազատություն» ռ/կ-ով հայտարարել էր, թե իր տունը հնարավոր չէ լուսանկարել: Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի» Մակագրությունները՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել