Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ

Օգոստոս 31,2004 00:00

Օգոստոսի վերջին օրը «Առավոտը» փորձեց տեղեկանալ, թե մշակույթի
գործիչներն ինչպես են անցկացրել ամառը: Պարզվեց, որ գրեթե բոլորը լծված էին
տքնաջան աշխատանքի:
Ռուդոլֆ Ղեւոնդյան, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան. «Խորհրդային տարիներին կար ակտիվ հանգիստ հասկացություն, երբ օգտակարը հաճելիի հետ էր համատեղվում: Օրինակ, այդպիսի հանգիստ էր, երբ ուսանողներին տանում էին կարտոֆիլ հավաքելու, դրան զուգահեռ՝ նրանք շփվում, երգում, պարում եւ ուրախանում էին: Ես այս ամառ նման ակտիվ հանգիստ եմ ունեցել՝ նկարահանվելով մոսկվացի կինոռեժիսոր Ալեքսանդր Կլիմենկոյի «Ալմաստ» ֆիլմում: Մարմնավորել եմ վրեժ լուծող նոր հայի: Ինձնից բացի, ֆիլմում նկարահանվել են Գոռ Վարդանյանը՝ իր շքախմբով եւ Արեն Վաթյանը»:

Գեւորգ Գեւորգյան- «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն. «Արդեն 10 տարի է՝ երազում եմ հանգստանալու մասին: Այս տարի էլ չհանգստացա, որովհետեւ զբաղված էի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնով, որի փակման ու բացման արարողությունների ողջ պատասխանատվությունն ինձ վրա էր: Առաջիկա 2 ամսում եւս դժվար հանգստանամ»:

Ազատ Գասպարյան- Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան. «Մշակույթի մարդիկ կամ նրանցից շատերը այսօր չեն կարող հանգստանալ Հայաստանում, առավել եւս նրա սահմաններից դուրս, որովհետեւ դա թանկ հաճույք է: Մեր աշխատավարձը $50 է, իսկ Հայաստանի հանգստյան տներում մեկ օրն այդքան արժե»:

Ռուբեն Բաբայան- Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն. «Հասցրել եմ 2 շաբաթ հանգստանալ Շորժայում՝ Նկարիչների միության պանսիոնատում, հիմա էլ շարունակում եմ աշխատանքս: Տիկնիկային թատրոնը պատրաստվում է մասնակցել 2 միջազգային փառատոնի: Սեպտեմբերի 14-24-ը Իրանում կկայանա տիկնիկային արվեստի միջազգային փառատոն, որին կմասնակցենք «Զվարճասեր Մուկին» եւ «Փոքրիկ Իդայի ծաղիկները» ներկայացումներով: Սեպտեմբերի 20-30-ը Եգիպտոսում կկայանա էքսպերիմենտալ արվեստի փառատոն, որին կմասնակցենք «Աչքերի որս» ներկայացմամբ: Չնայած գումարային խնդիրներ կան, բայց երկու փառատոներին էլ պիտի ամեն գնով մասնակցենք, որովհետեւ մեզ համար մեծ պատիվ է նման հրավեր ստանալը»:

Արմեն Մելիքսեթյան- Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար. «Ժամանակ չի եղել հանգստանալու, քանի որ մեր թատրոնը մասնակցում էր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին: Լավ կլիներ, որ այդ փառատոնը կամ շուտ, կամ ավելի ուշ կազմակերպվեր եւ ոչ թե օգոստոսի 14-23-ը: Փաստորեն, այդ միջոցառումն անում են սփյուռքահայերի համար, որոնք այդ ժամանակահատվածում են ազատ, որպեսզի գան-վայելեն Հայաստանի բարիքները: Այնպես որ, տեղացիներս չենք հանգստացել: Հիմա էլ աշխատում ենք բեմադրել «Լիլիթը»՝ մեր տարբերակով, մնում է նախարարությունը կատարի իր խոստումը եւ հատկացնի համապատասխան ֆինանսավորումը»:

Արմեն Էլբակյան- Խամաճիկների թատրոնի տնօրեն. «Ես երկար տարիներ է չեմ հանգստանում, ինձ համար հանգիստը արտասահմանյան ուղեւորությունն է, ընդհանրապես գերադասում եմ ակտիվ հանգիստը: Այս ամառ Երեւանում եմ անցկացրել, որովհետեւ մասնակցում էինք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին: Խամաճիկների թատրոնը ներկայացավ Վ. Սարոյանի «Դուք մտնում եք աշխարհ» գործի բեմադրությամբ: Ընդամենը մի քանի անգամ հաջողացրել եմ Սեւան գնալ»:

Վիգեն Ստեփանյան- «Մետրո» թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար. «Ավաղ, չենք հանգստացել, որովհետեւ «Մետրոյի» խնդիրները դեռ լուծված չեն: Ինձ քաղաքապետարանից հրավիրել են ստանձնել Էրեբունի-Երեւան տոնակատարության ռեժիսորի պարտականությունը, ուստի 3 օրով մեկնել էի Ծաղկաձոր սցենարի վրա մտմտալու: Համ էլ, երբ ծերանանք, էնքա՜ն ժամանակ կլինի հանգստանալու»:

Խորեն Աբրահամյանը (Գ. Սունդուկյանի անվան թատրոն) խնդրեց թվարկել այն մարդկանց անունները, որոնք ներկայացրել էին իրենց ամառը: Նա սկզբում հրաժարվեց իր անունը տեսնել վերը նշված «ոհմակի» կողքին, այնուհետեւ ավելացրեց. «Շվեյցարիայում էի, հիմա էլ պատրաստվում եմ Ավստրալիա մեկնել (կատակում է- Գ. Հ.): Դեռ կհասցնեմ հանգստանալ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել