Կաթողիկոսը
մրցանակներ է հանձնում
կրթության մշակներին
Երեկ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ- 2004» աննախադեպ մրցանակաբաշխությունը, որին աջակցել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ու կրթության եւ գիտության նախարարությունը: Նախարար Սերգո Երիցյանն ասաց, որ ինքը մինչ օրս տեղյակ չի եղել, թե ովքեր են այն երջանիկ ուսուցիչները, որոնք ստացել են մրցանակներ, քանի որ ծրարները բացվեցին անմիջապես մրցանակաբաշխության ժամանակ: Ընդհանուր առմամբ պարգեւատրվեց 53 ուսուցիչ: Նրանցից երեքը ստացավ առաջին կարգի մրցանակ՝ $1000- ական պարգեւով, 8 ուսուցիչ ստացավ երկրորդ, 15-ը՝ երրորդ կարգի մրցանակ՝ համապատասխանաբար $700 եւ 500 պարգեւով: Մյուսներին շնորհվեց խրախուսական մրցանակ՝ 150-ական դոլար պարգեւատրմամբ: «Թեեւ կարեւորը ոչ թե գումարն էր, որի մասին մենք չէինք էլ երազում, այլ մեր նկատմամբ դրսեւորած այս բացառիկ ուշադրությունը, այնուամենայնիվ չափազանց ուրախ ենք, որ այս նեղ պայմաններում մեզ հոգեւոր աջակցությունից բացի նյութապես էլ են աջակցում»,- նշեց խրախուսական մրցանակ ստացած մի ուսուցչուհի: Կրթության մշակներին ողջունելով՝ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանն ասաց, որ ուսուցիչները նյութական իմաստով պետք եղած չափով չեն գնահատվում, այդ պատճառով էլ ավելի է արժեւորվում այս վսեմ առաքելությունը: «Միշտ էլ հայ առաքելական եկեղեցին եղել է ուշադիր հայ ուսուցչի նկատմամբ: Այսօր էլ եկեղեցին դեմքով շրջվել է դեպի ուսուցիչը»,- ասաց Սերգո Երիցյանը: Պարզվում է՝ մրցանակաբաշխության գաղափարն առաջացել է «Հայ եկեղեցու պատմություն» դասագրքի շնորհանդեսի ժամանակ ու պատահական չէ, որ մրցանակների մեծ մասը ստացան հենց այդ առարկան դասավանդող ուսուցիչները, թեեւ բարձր կարգի մրցանակների արժանացան նաեւ հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն դասավանդողները: Հատկանշական է նաեւ այն, որ մրցանակակիրները հիմնականում մարզերից էին, ոչ թե մայրաքաղաքից ու խտրականություն չէր դրվել պետական ու ոչ պետական վարժարանների միջեւ: Կաթողիկոսի հովանավորությամբ հաջորդ տարի նույնպես լինելու է նմանատիպ մրցանակաբաշխություն, բայց այս անգամ գնահատվելու է ոչ թե Հայաստանի, այլ Սփյուռքի ուսուցիչների վաստակը: Մրցանակաբաշխությունից հետո կաթողիկոսը սփյուռքահայերի հետ առանձին հանդիպում ունեցավ՝ քննարկելու հայ դպրոցների առջեւ ծառացած խնդիրները: Ընդհանուր առմամբ բարձրացվեցին արեւմտահայ լեզվի, մանկական գրականության, ուսուցիչների վերապատրաստման հարցերը: «Անհրաժեշտ է, որ հայ մանուկները գոնե մեկ անգամ այցելեն իրենց հայրենիք, արմատներ նետեն այստեղ»,- ասաց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Առանձին առաջարկությամբ հանդես եկավ Աբխազիայի հայության ներկայացուցիչը. «Աբխազիայում 60-70 հազար հայերի համար շատ քիչ եկեղեցի ունինք, դուք չէի՞ք կարող մեզ աջակցել այս հարցում»: Կաթողիկոսը միանգամից պատասխանեց, թե դրա համար մեր եկեղեցին այժմ ֆինանսներ չունի: Այնուհետեւ պարզվեց, որ Աբխազիայի ուսուցիչը պարզապես շփոթվել է եւ հոգեւորական բառի փոխարեն է ասել եկեղեցի: «Դա արդեն ուրիշ հարց է»,- ասաց կաթողիկոսը՝ պատրաստ լինելով անգամ հրապարակել Աբխազիա ճանապարհ ընկնող հոգեւորականի անունը:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ