Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ՏՎԵՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՏԻԿԱ»

Օգոստոս 31,2004 00:00

Երեկ խորհրդակցության ժամանակ պահանջեց դպրոցի տնօրեններից մեկը

«Դպրոցն անելիք ունի»,- վկայակոչելով այս տարվա ընդունելության քննությունները՝ երեկ տնօրենների խորհրդաժողովի ժամանակ նման եզրակացության եկավ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Քաղաքապետի կարծիքը չի համընկնում ԿԳ նախարար Սերգո Երիցյանի՝ մեկ օր առաջ արած այն հայտարարությանը, թե «մենք ուժեղ դպրոց ունենք»: Փոխարենն այն համընկնում է ոլորտի մյուս բոլոր պատասխանատուների կարծիքին, որոնք ներկա էին խորհրդաժողովին: Մասնավորապես՝ ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը մեզ հետ զրույցում մատնանշեց այս տարվա ընդունելության հայոց լեզվի բանավոր քննության արդյունքները, որոնք ամենավատագույնն էին. «Որպես հայ ժողովուրդ, հայ ազգ, մենք պետք է սրա մասին լուրջ մտածենք. ի՞նչ է նշանակում, որ մենք հայերեն չգիտենք, բա ի՞նչ գիտենք: Եթե այսօր մենք դպրոցից որակ չպահանջենք, մնացածը անճիշտ է»:

Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն էլ հայտարարեց, որ թեպետ, ըստ թվային տվյալների, անցնող ուսումնական տարին նախորդների համեմատ կրթական բարձր որակ է ապահովել, սակայն թվերն իրական պատկերը չեն ներկայացնում, իսկ գնահատականների արհեստական բարձրացումների, փնթի մատենավարության ու ջնջումների դեպքերը, մեղմ ասած, քիչ չեն: Ըստ վարչության պետի, նմանատիպ խախտումներ են հայտնաբերվել, օրինակ, թիվ 110, 156, 19 դպրոցներում, որտեղ դրանք ներկայացվել են որպես պատահականություն, իսկ տնօրենն իբրեւ մեղավորներ մատնացույց է արել իր ենթականերին: Սակայն բոլորս էլ գիտենք, որ նման դեպքերը համատարած բնույթ են կրում, եւ, ինչպես քաղաքապետը նշեց, պետք չէ հարցն անձնավորել, անուններ նշել, պետք է պարզապես արձանագրել փաստերն ու դրանց շտկման մեխանիզմներ մշակել:

Օ. Վաթյանի նշած մյուս խախտումն այն է, որ իրենց վարչության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, թե շատ դպրոցներում հայոց լեզվի ժամերը բարձր դասարաններում նվիրված են շտեմարաններին վարժեցնելուն, մինչդեռ դպրոցի գործը պետական կրթական չափորոշիչների ապահովումն է, համակողմանի զարգացած քաղաքացի դաստիարակելը, եւ ոչ թե բուհին նախապատրաստելը: Սակայն Օ. Վաթյանը համառորեն շրջանցեց այն դպրոցները, որոնք մեդալի վերջին քննություններում խայտառակ (0, 1, 2 միավորներ) արդյունքներ էին ցուցաբերել, եւ նշեց միայն, որ այդ տնօրենները ենթարկվել են վարչական տույժերի ու «մենք, իբրեւ մանկավարժներ, կարող ենք հասկանալ, որ երեխան վատ է զգացել, բայց հարցը մտահոգիչ է, եւ կրթության վարչությունը, քաղաքապետարանը առաջարկություն են ներկայացրել կրթության նախարարությանը մեդալի արտոնությունը վերացնելու մասին»: Նույն թեմային անդրադառնալով՝ Ե. Զախարյանը ցավով նշեց. «Բոլորովին պարտադիր չէր, որ այս իրավիճակն արձանագրվեր հանրապետության նախագահի վերահսկողության ծառայության կողմից: Մեծ բացթողում եւ աշխատանքի թերացում եմ տեսնում նաեւ քաղաքապետարանի կրթության վարչության կողմից: Բայց, միեւնույն է, այդ բոլորի մեղքը չի թեթեւացնում այն դպրոցների տնօրենների մեղքը, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել այդ բոլոր աշխատանքներին, եւ ժամանակն է, որ տնօրենները շրջվեն դեպի այդ իրողությունները, որ այսօր կան»: Քաղաքապետը միանշանակ կարծում է, որ դպրոցի տնօրենի աշխատանքով է պայմանավորված, թե կրթական ինչ մակարդակ կունենանք:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Նարինե Հովհաննիսյանը դպրոցի համար վարկաբեկիչ է համարում այն, որ աշակերտը, դպրոց գալու փոխարեն, գնում է ռեպետիտորի մոտ պարապելու. «Ես ականատես եմ եղել նման տեսարանի, երբ առավոտյան աշակերտները խմբով գնում էին դասախոսի մոտ, ահավոր վարկաբեկող պահ է»: Տնօրենը կոչ արեց իր գործընկերներին՝ չհամաձայնել, որ որեւէ աշակերտ դասի չգա. «եկեք միասին պայքարենք, դա վարկաբեկող գործարք է»: Կոչը մնաց անարձագանք: Ն. Հովհաննիսյանը դժգոհեց նաեւ դպրոցներում իրականացվող դրամահավաքից եւ նշեց, որ անհարմար է զգում լրատվամիջոցների հրապարակումներից, թե այսինչ դպրոցում ապօրինի դրամահավաք է եղել: Նա չհամաձայնեց իրենից առաջ տնօրեններից մեկի արտահայտած այն կարծիքին, թե դրամահավաքը կարող է լինել նաեւ բարեմիտ, ծնողի բարի կամքով: «Ծնողի օգնությունը պետք է, սակայն քանի դեռ մեր վերադասը հատուկ մեխանիզմ չի մշակել, չի թույլատրել, ծնողն իրավունք չունի օգնելու, բարեմիտ դրամահավաք չի լինում, մենք ուզում ենք պետական կավիճ, պետական գրատախտակ, պետական մաստիկա»: Դրամահավաքի եւ ընդհանրապես ծնողական օգնության մասին իր կարծիքը հայտնեց նաեւ Հրանուշ Հակոբյանը. «Աշխարհում տեղական իշխանությունն է պահում դպրոցը, ոչ թե պետությունը, բայց ուրիշ բան, որ այս բոլորը ուրիշ կերպ է կարգավորվում»: Իսկ մինչ այս բոլորը կկարգավորվի օրենքով եւ կառավարությունը հստակ կանոնակարգ կմշակի, քաղաքապետ Երվանդ Զախարյանը տնօրեններին խորհուրդ տվեց. «Փոխանակ այս ամբիոնից բողոքներ ներկայացնելու, ներքին կանոնակարգ մշակեք եւ բաց աշխատեք, մինչեւ կառավարությունը կանոնակարգ կմշակի»:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել