Ասում են Քաշաթաղի բնակիչները
ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանի աշխատասենյակում խնամքով փակցված էր ՀՀ պաշտպանության նախարարի նկարը: Մեզ հետ զրույցում գեներալը որոշ վերապահումներով խոսեց հայաստանյան դեմոկրատիայի մասին: Նրա կարծիքով, պատերազմող երկիրն ու դեմոկրատիան անհամատեղելի են: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը բանակի համար թիվ մեկ նախագահն է. «Պատերազմն ավարտեք, հետո ում ուզում եք ընտրեք»:
Անդրադառնալով վերաբնակեցման հարցին, պարոն Հակոբյանն ասաց, որ բռնի վերաբնակեցում չի լինում, քանի որ մարդիկ խուսափում են ապրել աշխարհից կտրված: Մինչդեռ նախկին Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի բնակիչների կարծիքը մեկն էր. «Եթե լինեն պայմաններ, բոլորն էլ կգան եւ կապրեն այստեղ»: Գեներալն ինքն էլ է համաձայն, որ այդ կողմի հողերը ամենաբերրին են: Նա ընդգծեց գործարարների հետաքրքրությունն այդ տարածքների նկատմամբ։ Այսպես՝ Հադրութի շրջանում բեղուն գործունեություն է ծավալել «Մաքս» գրուպը:
Քաշաթաղի շրջանի Հայկազյան գյուղում հանդիպեցինք գյուղապետ Ռուբեն Խաչատրյանին. «Այս կյանքը ձեր ապրելու հետ մի համեմատեք, գազելի վարորդներից ենք իմանում վերջին նորությունները: Լույս չկա, 12 վոլտանոց հեռուստացույց կա, ակումուլյատորով նայում ենք: Մարդիկ եկել են, նույնիսկ հետ գնալու գումար չունեն»,- վրդովված էր նա: Գյուղապետն ասում է, որ չնայած այդ ամենին, չի պատրաստվում լքել հողը, քանի որ իր հարյուրավոր ընկերներին այդտեղ է կորցրել:
Շահումյանի շրջանի (նախկին Քելբաջար) վարչակազմի ղեկավար Վասիլի Նալբանդյանն էլ պնդում է, որ բողոքավոր են նրանք, ովքեր չեն աշխատում եւ մի քանի ամսում ծախսում են իրենց հատկացված անասնավարկը՝ 200 հազար դրամ: Լինում են դեպքեր, երբ բնակվելու են գալիս կասկածելի անցյալով մարդիկ, որոնց կարիքը շրջանը չունի: Ստանում են 200 հազարը եւ մեկ ամիս անց հեռանում: «Ճամպրուկային տրամադրությամբ են գալիս, կարծես իրենց համար սանատորիա է,- ասում է պարոն Նալբանդյանը,- գյուղացիները նրանց անվանում են դաչնիկներ»:
Շրջանն ունի 16 համայնք, որից երկուսում եկող ամիս շուրջօրյա լույս կլինի: Դա Ծար համայնքն է, որի սրբավայրերը ազերիներն ու քրդերը ծառայեցնում էին որպես անասնագոմ: Խաչքարերն օգտագործել են տուն կառուցելու, շան բուն սարքելու համար: Ծար համայնքում ծնունդներն ընդունում է գյուղապետի կինը՝ շուրջ 12 երեխա:
Շրջանի ղեկավարն անդրադառնալով հիմնախնդիրներին, կարեւորեց որեւէ գործարանի կամ ֆերմայի ստեղծումը, որը կապահովի աշխատատեղեր: Շրջանում զգացվում է մանկավարժական կադրերի պակաս: Գործող միակ հիվանդանոցում աշխատում են երեք բժիշկ: Ներկայումս շրջկենտրոնում կառուցվում է մշակույթի պալատ: Մեկ ամսից շրջանը կունենա հեռախոսակապ եւ հեռուստաաշտարակ:
Քաշաթաղի Ջիվանի գյուղի բնակչուհի տիկին Կարինեն գոհ է իր բախտից. «Տղայիս երազանքն իրականացավ: Սովորում է ինստիտուտում, դպրոցում դաս է տալիս: Գյուղապետն էլ մի կով է մեզ նվիրել: Ապրում ենք մեր նորակառույց գեղեցիկ տանը»: Տիկին Կարինեի միակ մտահոգությունն այն է, որ իր տղային հարմար հարսնացու չկա, բոլորը փոքր են:
Այգեհովիտ գյուղում գյուղացիներից մեկն ինձ մի կողմ հրավիրեց եւ հարցրեց. «Նոր պատիֆոններ են դուրս եկել, երկաթից պլաստինկով։ Դա դուզ ա՞»։ Պատմում են, որ հարեւան գյուղերում իրենց բարեկամների մահվան լուրերն իմանում են մեկ շաբաթ ուշացումով: Այստեղ, ինչպես եւ մնացած Հայաստանում, վարկերը տրվում են «դաբրոյով», շրջանի ղեկավարը Ալեքսան Հակոբյանն է: Մի քանի տարի շարունակ ասում են, որ 4 գյուղի տրամադրելու են մեկ կոմբայն: Բայց մինչ օրս կոմբայնը չի երեւում: Այս հարցը բարձրացվում է միայն ընտրությունից-ընտրություն, երբ պաշտոնյաները ցուցադրական երկխոսությունների մեջ են մտնում: Այս օրերին բերքը չփչանալու համար մարդիկ Գորիսից են կոմբայն վարձակալում, իսկ կրծողների եւ վնասատուների դեմ ընդհանրապես պայքար չեն կազմակերպում: Հարմարվել են, որ բերքի կեսը կրծողներինն է: «Ճիշտ է՝ դժվար է, վատ է, բայց գիտենք, թե հանուն ինչի է,- ասում է տեղի բնակիչ Վարդան Սեդրակյանը:- Միակ լավ բանն այն է, որ պարապությունից անընդհատ երեխա ենք ունենում, վատ չի»:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ
Քաշաթաղ-Շահումյան-Երեւան