Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ կուսակցության մոտակա համագումարում կհայտարարեն երկրորդ ընդդիմադիր ճակատի ստեղծման մասին: Պարոն Հակոբյանի կարծիքով, ընդդիմության հեղինակությունը պաշտպանելու միակ ճանապարհը «ողջ անձնակազմով տոտալ բոյկոտի քաղաքականություն տանելն է»: Այսինքն՝ «վայր են դնում մանդատները, հայտնում են ժողովրդին, որ կրիմինալ-խունտայական, մաֆիոզ պառլամենտի հետ համընդհանուր ոչինչ չունեն»: Նա վստահ էր, որ այս ԱԺ-ով հնարավոր չէ ոչինչ անել ի շահ ազգի. «Ինչպես մեր Լենինն է ասել՝ դա առնվազն կատարյալ քաղաքական ապուշություն է»:
Դավիթ Հակոբյանի կարծիքով՝ «էս ընտրական իրավունքը հանցագործ երկրապահների արդյունքն է: Այսօրվա իշխանությանը նրանք են բերել՝ փետրվարի 4-ի հեղաշրջման արդյունքում: Քաղաքական ավանտյուրիզմի եւ տեռորիզմի ճանապարհով իշխանության բերելու առաջին օրինակը տվել են այսօր ռեւանշի ձգտող երկրապահները: Սա չի նշանակում, թե ես պաշտպանում եմ Քոչարյանին: Մեր կարգախոսը լինելու է՝ «տՏսվՈ’ Ռ ոպջՏչՏՉՏՐՏփվՈ’ ՍՈտՌՑցս’ՓՌ’ ՍՈՐՈոՈւրՍՌւ ՉՌՍՌվչՏՉ»:
Ընդդիմությունն այսօր «Հակոբյանի պատկերը տեսնել չի ուզում»: Իշխանությունն էլ ասում է՝ լավ է այս ընդդիմության հետ գործ ունենալ, քան Հակոբյանի: Որովհետեւ Հակոբյանը գտնում է, որ ամեն գործընթաց պետք է լինի գիտականորեն հիմնավորված. «Ռոբեսպիերի ասած՝ համատարած գաղափարական խավար է»: Խավարը ցրելու առաքելությամբ հայ մարքսիստները պատրաստ են պայքարել: Բացի այդ՝ Դ. Հակոբյանը գտնում է, որ քաղաքական դաշտում վակուում է հատկապես լիդերների առումով. «Կարիք կա բազմակողմանի պատրաստված եւ բարձր կատարելությամբ լիդերի: 13 տարվա սեւագրությունից հետո նոր տնտեսական, ագրարային քաղաքականության խնդիր է դրված ազգի առաջ»: Արդյո՞ք իրեն այդ լիդերի դերում տեսնում է Դ. Հակոբյանը: «Պոտենցիալ, տեսական առումով ես կարող եմ ստանձնել այդ դերը»,- եղավ պատասխանը: «Իսկ հասարակական զանգվածները կաջակցե՞ն»՝ այս հարցին պատասխանեց՝ «Ազգի աչքը Աստծո աչքն է, ազգի կամքը՝ Աստծո կամքը»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ