Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիկից մինչեւ սափրագլուխ

Օգոստոս 31,2004 00:00

Երեւանյան վերջին անեկդոտը. Ռոբերտ Քոչարյանը իր հետ Աթենք է տարել մի քանի հատ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, որպեսզի օլիմպիական մեդալներ չստանալու դեպքում, այնուամենայնիվ, «պարգեւատրման արարողություն» կազմակերպի մեր մարզիկների եւ նրանց ղեկավարների համար:

Եթե այդ կատակը ճիշտ լիներ, ապա, անշուշտ, «կեղծ մեդալակիրների» շարքում առաջինը կլիներ Հայաստանում սպորտային երկու գլխավոր պաշտոնները (Սպորտկոմիտեի եւ օլիմպիական կոմիտեի ղեկավարի) համատեղող Իշխան Զաքարյանը: Ինչ խոսք, մեծ են նրա ծառայությունները հայրենի սպորտի առջեւ. անմար կոմերիտական ավյունով նա կազմակերպում է Ռ. Քոչարյանի ազատ ժամանակը, նրա ակտիվ սպորտային հանգիստը: Բայց խոստովանենք, որ այս առումով նա անփոխարինելի չէ. «թագավորին» դուր գալու լակեյական ծառայամտության առումով նրա հետ կմրցեն մի քանի նախարարներ եւ օլիգարխներ:

Սակայն պրն Զաքարյանի առաքելությունն ավելի ընդգրկուն է. նա մեծապես նպաստեց, որ սպորտսմեններին սկսեցին օգտագործել որպես բութ գործիք քաղաքականության մեջ եւ միջկլանային ուժային պայքարում: Այսօր «իրեն հարգող» ցանկացած օլիգարխ կամ պաշտոնյա պարտավոր է ունենալ մի 40-50 հոգանոց «զորք» (ըստ էության, անօրինական զինված կազմավորումներ), որոնք պատրաստ են մարդ ծեծել կամ մարդ սպանել՝ իրենց տերերի հրահանգով: Այդ «զորքերը» կազմված են հիմնականում մարզիկներից եւ, բացի իրար ոչնչացնելուց, ծառայում են նաեւ երկրի ներքին կայունությունը պահպանելու վեհ նպատակին:

Բերենք մի քանի օրինակ. 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ պրն Զաքարյանը ստեղծեց «Հաղթանակ» հասարակական կազմակերպությունը, որը սատարում էր Ռոբերտ Քոչարյանին: Եվ սատարեց. ընտրությունների ժամանակ ամրակազմ տղաները խրձերով քվեաթերթիկներ էին լցնում եւ ծեծում այն քաղաքացիներին, որոնք դրան դիմադրում էին: Երբ նախընտրական շրջանում աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն ասաց, որ կան նաեւ Ռ. Քոչարյանին չսատարող մարզիկներ, պրն Զաքարյանը դատավարություններից մեկի ժամանակ դահլիճը լցրեց սափրագլուխ սպորտսմեններով՝ հակառակն ապացուցելու համար: Վերջապես հիշենք, որ այս տարվա ապրիլի 5-ին լրագրողների վրա հարձակվողները մարզիկներ էին:

Անզեն մարդկանց (առաջին հերթին՝ լրագրողներին) ծեծելը շատ ավելի հեշտ է, քան մարզադահլիճներում իրենց ուժն ու կարողությունները ցույց տալը: Հայաստանում չեմպիոն դառնալը պակաս պատվավոր է եւ նյութապես պակաս շահեկան, քան «խաղաղ բնակչության» նկատմամբ սեփական «բիլակները» ցույց տալը: Պատահական չէ, որ այլ երկրների դրոշների տակ հանդես եկող հայերն ու նախկին հայաստանցիները Աթենքի օլիմպիադայում շահել են մեդալներ, իսկ Հայաստանի հավաքականի անդամները՝ ոչ: Դա եւս մի ապացույց է Իշխան Զաքարյանի՝ «սպորտային փայլուն կազմակերպիչ» լինելու:

…«Իմ պապայի հորեղբոր բաջանաղը այսինչի ախրանայում է աշխատում»,- վերջերս լսեցի 13 տարեկան մի տղայից: Դա ասվեց այնպիսի հպարտությամբ, կարծես խոսքը տիեզերագնացի կամ գյուտարար գիտնականի մասին է: Եվ իրոք՝ «պարծենալու» բան կա. «ախրանայում» աշխատելը նշանակում է հնարավորություն ունենալ մտնել ցանկացած «օբյեկտ» եւ ռեկետ անել, «տանիք» կանգնել ցանկացած գործի, բացել սեփական բիզնեսը եւ չվճարել հարկերը: Բավական է նայել, թե ինչպես են Երեւանի փողոցներում երթեւեկում «7»-եր կամ «8»-եր պարունակող համարներով «ջիպերն» ու «մերսեդեսները» (ո՞ր ոստիկանը կհամարձակվի կանգնեցնել), եւ ամեն ինչ պարզ կդառնա:

Իմ պատանեկության տարիներին մենք այդպիսի հպարտությամբ խոսում էինք Տիգրան Պետրոսյանի կամ «Արարատ» ֆուտբոլային թիմի մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել