Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 28,2004 00:00

ԹԱՂԵՄ ՔԵԶ Ակամայից պառավական այս անեծքը մտաբերեցի՝ օրեր առաջ «Ազատություն» ռ/կ-ով լսելով այն խոսքը, որ մշակույթի եւ երիտասարդության նախարար Հովիկ Հովեյանն ասել էր՝ Դիլիջանում մասնակցելով երիտասարդական շինջոկատների ներկայացուցիչների հետ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հանդիպմանը։ Մեջբերում ենք ըստ նախարարի ուղիղ խոսքի ձայնագրության. «Ես հանկարծ ինձ հայտնաբերեցի, որ անընդհատ գնում եմ թաղումների, որովհետեւ իմ թաղելու ժամանակն է եկել արդեն։ Հիմա վաղը-մյուս օրը իրենք էլ պիտի թաղման գնան։ Եվ իրենք պիտի սովորեն կարգը, որովհետեւ ամեն ինչ կարգ ունի։ Եթե կարգը չիմանաս՝ ո՞նց ես թաղելու։ Չէ՞ որ թաղելն էլ հսկայական ինստիտուտ է։ Պատկերացրեք՝ հիմա որ վաղը թաղման գնաք, գիտե՞ք, թե դագաղը ոնց եք պտտելու։ Չէ՞ որ պտի սովորեք։ Վաղը-մյուս օրը ես որ մեռնեմ՝ պիտի թաղեք, չէ՞։ Բա ո՞նց պիտի պտտեք։ Ո՞վ է առաջինը՝ կափարի՞չն է առաջինը գնալու… Ահա այսօրինակ հավաքներով մենք ե՛ւ ծնելն ենք սովորում… մենք տերն ենք ե՛ւ մեր օրորոցի, ե՛ւ թաղման, ե՛ւ շինարարության։ Այսինքն՝ պիտի հավաքվենք, իրար հետ խելք-խելքի տանք, տեսնենք՝ ինչ ենք անելու»։ Թղթակցի հարցին՝ թե հնարավո՞ր չէ ավելի ուրախ բաներ սովորել, նախարարը պատասխանել է. «Թաղումը տխուր չէ»։ Որեւէ մեկնաբանություն, կարծում եմ, կփչացնի տպավորությունը։ Միայն հույս հայտնենք, որ պրն Հովեյանը կլծվի թաղելու մշակույթ սերմանելու գործին, սակայն չի թաղի մշակույթը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել