Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԾԱՆՐՈՐԴԸ

Օգոստոս 28,2004 00:00

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԾԱՆՐՈՐԴԸ Գագիկ Հարությունյանը 55 տարեկան է Հայկական ծանրամարտը աշխարհին տվել է մի շարք փայլուն անուններ, որոնք փառք ու պատիվ են բերել հայկական սպորտին եւ հայ ժողովրդին՝ Սերգո Համբարձումյան, Ռուբեն Մանուկյան, Իվան Ազդարով, Միքայել Հակոբյանց, Վարդան Միլիտոսյան, Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, Իսրայել Միլիտոսյան, Աշոտ Դանիելյան եւ այլք: Ատլետների այս համաստեղության մեջ կային մի քանի շնորհալի մարզիկներ, որոնք թեեւ չհասան առավելագույն բարձունքների, սակայն իրենց լավագույնս են դրսեւորել միջազգային հեղինակավոր մրցաշարերում՝ բարձր պահելով հայկական սպորտի պատիվը: Նրանցից է 110կգ քաշային Գագիկ Հարությունյանը: 1968-ին առնական երիտասարդն ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտ, եւ անվանի մարզիչ-մանկավարժ, պրոֆեսոր Գալուստ Ազիզյանի հմուտ ղեկավարությամբ նվիրվեց ծանրամարտին: Ինստիտուտի ավանդական սպարտակիադայում առաջին կուրսի ուսանողը հաղթեց իր փորձառու մրցակիցներին, եւ պարզ դարձավ, որ նա ունի հիանալի տվյալներ ու լավ հեռանկար: Երկրորդ կուրսում դարձավ Հայաստանի չեմպիոն ու լրացրեց ԽՍՀՄ սպորտի վարպետի նորման: Մրցումից մրցում արդյունքներն աճում էին մեծ արագությամբ: Յուրաքանչյուր մրցման ժամանակ սահմանում էր հանրապետական ռեկորդներ եւ վստահորեն բարձրանում մարզական վարպետության աստիճաններով: 1974թ. Երեւանում անցկացվող «Բարեկամության գավաթ» միջազգային խոշոր մրցաշարում պոկում վարժությունում բարձրացնելով 167,5կգ, դարձավ հաղթող, իսկ երկամարտի 372,5կգ արդյունքով երրորդն էր: 1975թ. ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայում արժանացավ բրոնզե պարգեւի: Տաղանդավոր ծանրորդը բազմիցս դարձել է «Բուրեվեստնիկ» մարզական ընկերության կենտրոնական խորհրդի եւ մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: 1973-77թթ. նա ԽՍՀՄ հավաքականի անդամ էր: Գագիկ Հարությունյանը Հայաստանի առաջին ծանրորդն էր, որ դարձավ միջազգային կարգի սպորտի վարպետ: Անվանի ծանրորդն օրերս դարձավ 55 տարեկան: Հայ դյուցազնին մաղթում ենք առույգություն, ուրախ ու երջանիկ կյանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել