Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՌՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՑԱՌԻԿ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Օգոստոս 28,2004 00:00

ԱՆՏԱՌՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՑԱՌԻԿ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ Նորքի եւ Ծաղկաձորի անտառները մաս-մաս անելուց հետո չի բացառվում, որ մեծահարուստներն ու տեղական իշխանները նման գործընթաց սկսեն անտառային մյուս տարածքներում։ Այժմ արդեն Վանաձոր-Ալավերդի ճանապարհի աջ հատվածում, հենց անտառի մեջ «բուսնել» են շուրջ տասը առանձնատներ։ Դրանց կարող են հետեւել նորերը, քանի որ ոչ մի ապօրինի հիմնական կառույց առայսօր հողին չի հավասարեցվել։ Օրինակ՝ Նորքի անտառագոտում վերջին մի քանի տարիներին կառուցված ապօրինի առանձնատները։ Բացի այն, որ Երեւանի քաղաքապետարանի, քաղաքաշինության նախարարության կամ Նորք-Մարաշ եւ Էրեբունի համայնքների վերահսկողական օղակներն աչք փակեցին ապօրինի հողազավթումների վրա, այլեւ մի քանի ամիս առաջ կառավարության մի որոշմամբ փոխվեց անտառային գոտու կատեգորիան շուրջ 46 հա-ի համար։ Դրանով այդ տարածքը դարձավ քաղաքաշինության համար թույլատրելի, իսկ դրա վրա կառուցված ինքնակամ շինությունները՝ օրինական։ Օրերս «Հայանտառ» ՊՓԲԸ տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի հետ զրույցից տեղեկացանք, որ կառավարության ստեղծած հատուկ հանձնաժողովը հաշվառում է անտառային գոտում մնացած կառույցները, իսկ վերջնական եզրակացության հիման վրա կառավարությունը կորոշի՝ ինչպես վարվել դրանց հետ։ Մինչ այդ՝ Երեւանի անտառային տարածքներում կառուցված ինքնակամների համար Երեւանի դատախազությունը դատարաններում 18 գործ է շահել՝ քանդման որոշում ստանալով դրանց համար։ Սակայն Անտառային օրենսգրքով նախատեսվում է, որ նման շինություններն առանց փոխհատուցման ապապետականացվում են։ «Հայանտառում» դեռ չէին կողմնորոշվել, թե ինչպես կվարվեն դրանց հետ. «Թող վերցնենք, հետո կմտածենք»։ Ինչ վերաբերում է Երեւանից դուրս գտնվող անտառների «նվաճմանը», ապա դրան նպաստող մի շարք հանգամանքներ կան, բացի զավթիչների սուր ցանկությունից։ Ամենակարեւորը՝ Անտառային նոր օրենսգրքով, որն այժմ քննարկման փուլում է, անտառը ստանում է բազմակացութաձեւ տնօրինման իրավունք, դադարելով դառնալ պետության բացառիկ սեփականությունը։ Դա նշանակում է, որ իբրեւ թե անտառի զարգացման նպատակով անտառային որոշ հատվածներ կփոխանցվեն համայնքների հաշվեկշիռ, իսկ որոշ հատվածներ էլ՝ մասնավոր անձանց, վարձակալության հիմունքներով։ Բնականաբար, առանց անտառային գոտու կատեգորիայի փոփոխության։ Նշենք, որ Հրազդանի անտառտնտեսության մաս կազմող Ծաղկաձորի անտառում 2003թ. կառավարության որոշմամբ հատկացված հողերը նույնպես տրվել են՝ այդ սկզբունքը պահպանելով։ Համենայնդեպս, այդպես տեղեկացրեց «Հայանտառի» տնօրենը։ Սակայն դա չի խանգարել, որ, օրինակ, 5 հա ստացողը տարածքը «սրբի» ծառերից 10 հա-ի վրա, իբր թե՝ կոմունիկացիաներ, անցկացնելու համար։ Հետեւաբար, անտառի նոր տերերի համար սա ռեալ հնարավորություն է իրենց ճաշակով կանաչ տարածքը վերաձեւելու։ «Կարծում եք հե՞շտ է անտառում շենք կառուցելը, երբ ոչ մի կոմունիկացիա չկա»,- մեզ հետ չհամաձայնեց Մ. Մաթեւոսյանը։ Դժվար է, բայց՝ նայած ում համար։ Անտառային գոտու կորստի հաջորդ նախապայմանը երկրում տուրիզմի զարգացման նպատակով հյուրանոցային եւ հանգստյան տների լայն ցանցի ստեղծումն է։ Բնականաբար, անտառոտ տարածքում այն կստեղծվի ծառերի հաշվին։ Մեր անհանգստությունը զարմացրեց տնօրենին. «Պետք է նայել՝ աշխարհում ինչ է կատարվում։ Ի վերջո, միշտ եւ ամենուր հանգստյան տները կառուցվել են անտառներում, ուրիշ էլ որտե՞ղ կառուցվեն։ Բայց դրա համար անպայման չի, որ մեծածավալ հատումներ լինեն»։ Ցավոք, ծաղկաձորյան օրինակն այլ բան է ասում։ Բացի այդ, խորհրդային տարիներին կառուցված պանսիոնատներն իրենցից ներկայացնում են միայն շենքեր՝ կցակառույցներով։ Իսկ այժմ եվրոպականացել ենք՝ անտառում հանգիստը պետք է ուղեկցվի նվազագույնը ջրավազաններից, մարզահրապարակներից օգտվելով։ Ի դեպ, Մ. Մաթեւոսյանն ինքն ասաց, որ շատ երկրներում ժամանակին ապապետականացված անտառներն այժմ պետությունն աստիճանաբար ետ է բերում՝ դարձնելով իր սեփականությունը։ Ասում են՝ խելոք մարդն ուրիշի սխալների վրա է սովորում։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել