Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄՎԱԾ Է
ՄԻՆՉԵՎ 2008Թ.

Օգոստոս 28,2004 00:00

Այնուամենայնիվ,
սեպտեմբերի 10-ին Հասմիկ Պապյանը Ազգային օպերային թատրոնի նվագախմբի հետ
հանդես կգա բարեգործական համերգով։
– Ինչպե՞ս են ձեզ ներկայացնում արտերկրում։ Խորհրդային ավանդույթներով մեզ մոտ ասում են՝ «վաստակավոր (ժողովրդական) արտիստ, այսինչ մրցույթի դափնեկիր»…

– Եվրոպ

այի ու աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում պատահական երգիչներ բեմ դուրս չեն գալիս։ Նրանց մասնակցությամբ յուրաքանչյուր մենահամերգին եւ օպերային ներկայացմանը պատրաստվում է շքեղ բուկլետ, ուր տեղ են գտնում մանրամասն տեղեկություններ անցած բեմական գործունեության, միջազգային մրցույթներին ու փառատոներին նրանց մասնակցության, հյուրախաղերի, թողարկված CD-ների, անգամ օպերային աստղերի հետ համատեղ ելույթների մասին։ Հայտագրերում, գովազդային հոլովակներում արդեն չի նշվում, օրինակ, միջազգային մրցույթների դափնեկրի եւ այլ ձեռքբերումների մասին։ Ինչպես գիտեք, աշխարհում գոյություն չունեն վաստակավոր, ժողովրդական կոչումներ։ Ընդամենն ասվում է՝ աշխարհահռչակ սոպրանո, տենոր, մի խոսքով՝ շեշտվում է երգչի համաշխարհային ճանաչումը։

– Ճանաչված երգչի ելույթները աշխարհի տարբեր բեմերում նրա իմպրեսարիոյի կողմից տարիներ առաջ են կազմվում։ Հասկանալով, որ դուք էլ ունեք նման գրաֆիկ, ինչպե՞ս ժամանակ գտաք մասնակցելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին։

– Տասնհինգ տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի մշակույթի նախարարությունից հրավեր ստացա՝ որպես պատվավոր հյուր մասնակցելու փառատոնին։ Անկեղծ ասած, եթե նույնիսկ հրավեր էլ չլիներ, պետք է գայի։ Ես իմ տուն եմ գալիս, բնականաբար, իմպրեսարիոյիս հետ համաձայնեցնելով։ Ի դեպ, ուրախ եմ այս փառատոնի անցկացման համար, քանի որ աշխարհում փառատոներ կազմակերպվում են զարգացած երկրներում։ Ասել կուզեմ, որ նման միջոցառում կարող է թույլ տալ բարեկեցիկ կյանքով ապրող երկիրը։ Ի վերջո, փառատոները խթանում են մշակույթի, տուրիզմի, մանր բիզնեսի զարգացումը, բարելավում տնտեսական վիճակը, ոգեւորում մարդկանց։ Ուրախ եմ, որ արդեն նման ձգտում, ցանկություն կա։

– Ո՞վ է ձեր իմպրեսարիոն։

– Փարիզում երկու տարի առաջ վաղաժամ վախճանվեց իմ գլխավոր իմպրեսարիոն՝ Ժան-Մարի Պուալվեն։ Արդեն երկրորդ տարի է՝ աշխատում եմ մյունխենաբնակ Հիլբերտ Ժերմինալի հետ։ Նա այսօր, փաստորեն, այն անձնավորությունն է, ումից կախված է իմ բեմական գործունեությունը։

– Այսօր ի՞նչ է անհրաժեշտ աշխարհի հեղինակավոր բեմ դուրս գալու համար։

– Պետք է ունենալ պրոֆեսիոնալին հատուկ բարձր ինտելեկտ, կարգապահություն, լեզուների իմացություն, բնականաբար՝ ձայն, աշխատասիրություն։ Ես իմ կողմից կավելացնեմ՝ ինքնազոհության աստիճանի աշխատասիրություն։

– Կարելի՞ է ենթադրել, որ երգչուհու բեմական կյանքը կարճ է, ու դուք գիտակցելով այդ, ձեզ զրկում եք կյանքի վայելքներից։

– Չէի ասի, որ երգչուհու բեմական կյանքը կարճ է։ Օրինակ, վերջերս իտալացի աշխարհահռչակ երգչուհի Միրելա Ֆրենին 70 տարեկանում բնագրով կատարեց Ժաննա դը Արկի դերերգը՝ Չայկովսկու «Օռլեանի կույսը» օպերայում։ Ինչ խոսք, պետք է ձայնը պահպանել։ Յուրաքանչյուր մարդ յուրովի է վերաբերվում «վայելք» ասածին։ Այո, եթե ես ընտրել եմ այս ճանապարհը, ինչ-ինչերից պետք է հրաժարվեմ։ Ի վերջո, կա պատասխանատվություն։ Մինչեւ 2008 թվականը կազմված է իմ աշխատանքային ծրագիրը։ Տարբեր բեմերում խաղընկերներ եմ ունենալու այնպիսի աշխարհահռչակ երգիչների, ինչպիսիք են իտալացիներ Ռոջերո Ռայմոնդին, Ռոբերտո Ալանիան, Ջակոմո Արագալին, արգենտինացի Մարչելո Ալվարեսը եւ այլք։

– Երեւանյան մենահամերգին կլինե՞ն անակնկալներ։

– Գիտակցելով, որ հայ հանդիսատեսը հնարավորություն չունի հատուկ մեկնել Եվրոպա՝ այս կամ այն օպերան լսելու, CD-ների գներն էլ բարձր են, կներկայացնեմ հայ ունկնդրին սակավ հայտնի արիաներ Պուչինիի «Ծիծեռնակ» եւ «Քույր Անժելիկա», Ռոսինիի «Վիլհելմ Թել» եւ այլ օպերաներից։ Ասեմ նաեւ, որ Օպերային թատրոնի նվագախումբը կղեկավարի ծնունդով Լիբանանից, կանադաբնակ դիրիժոր Հարութ Ֆազլյանը։

Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել