Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԴՊՐՈՑ ՈՒՆԵՆՔ»

Օգոստոս 28,2004 00:00

Վերջին
ընդունելության քննություններից հետո պարզել է Սերգո Երիցյանը
Երեկ Ծաղկաձորի մարզահամալիրում տեղի ունեցավ եռօրյա համահայկական կրթական համաժողովի բացումը: Ըստ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի՝ համաժողովի հիմնական նպատակն է քննարկել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացել են ոչ միայն մեր, այլեւ սփյուռքահայ դպրոցների առջեւ: Համաժողովին մասնակցում են շուրջ 29 երկրներից 220 պատվիրակներ, որոնց ողջունեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, ինչպես նաեւ մշակույթի եւ երիտասարդական հարցերի նախարար Հովիկ Հովեյանը: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի կարծիքով՝ այս համաժողովն առանձնահատուկ է, որովհետեւ սերունդների հայեցի դաստիարակությունը մեր գերխնդիրն է: Նա առիթը բաց չթողեց եւս մեկ անգամ դժգոհել «բլեյանական աճպարարությունից» ու օպտիմալացման խտրական վերաբերմունքից, երբ «դժվար է ասել՝ ում ջրաղացին ենք ջուր լցնում»: «Այս ամենի արդյունքում թողարկում ենք կիսագրագետ շրջանավարտներ ու դրա պատճառը ոչ թե դպրոցում դասավանդող ուսուցիչն է, որն անընդհատ քարոզում է բարձր ու վեհ գաղափարներ, այլ՝ միջավայրը: Աշակերտը տանը, փողոցում հետեւում է այլ բարքերի, չի կարդում»,- իր մտահոգությունը հայտնեց Լ. Անանյանը:

Ս. Երիցյանն իր ելույթի սկզբում նշեց, որ այսօր իրեն լիազորել են ունենալ «բաց խոսակցություն», ուստի բեմից սկսեց պատմել նախորդ օրերին իր ստացած նամակների բովանդակության, ինչպես նաեւ այն մասին, որ «մենք ուժեղ զենք ունենք մեր ձեռքում, ես դեռ պիտի գնամ Լիբանան, Ռումինիա, Կանադա, այնտեղ, բնականաբար, ինչ-ինչ փաստաթղթեր պիտի լրացնեմ նախարարների հետ, դուք հիմա ինձ մի քանի կետ հուշեք, որ այդ փաստաթղթերում նշեմ, կառչենք դրանից»: Կասկած չկա՝ սեփական արտասահմանյան ուղեւորությունների հարցում Ս. Երիցյանն իր խոսքի տերը կլինի: Նախարարը մեծ առաջխաղացում է համարում այն, որ արդեն հասցրել են մշակել ուսուցիչների վերապատրաստման ծրագիր. «Պետք է անպայման համագործակցել: Առաջիկա 3 տարիների ընթացքում չի լինելու մի ուսուցիչ, որը վերապատրաստված չլինի, հոկտեմբերից արդեն սկսելու ենք աշխատանքներն իրականացնել»,- ասաց պարոն Երիցյանը:

Բայց նրա այս բաղձալի երազանքը չկիսեց «Սփյուռք» ազգասիրական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը. «Ի՞նչ վերապատրաստման մասին է խոսքը, երբ մեր ուսուցիչներն անգամ չեն էլ պատրաստված, նախ պետք է պատրաստել, նոր վերապատրաստել»: Քիչ հետո նա սկսեց բացահայտ հակառակվել նախարարի ելույթին՝ ասելով. «դուք ուզում եք արեւմտահային մտցնել արեւելահայի մեջ, մինչդեռ պետք է ստեղծել արեւմտահայ մանկավարժական ինստիտուտ, որովհետեւ այսօր արեւմտահայ մշակույթի, լեզվի պաշտպանության ամենից կարեւոր օղակը այդ ինստիտուտի ստեղծումն է: Եվ պետք չէ գործ անելու համար մի քանի համաժողովներ անել, բավական է անել մեկը, բայց կոնկրետ խնդիրներ շոշափել»: Սրան ի պատասխան, պարոն Երիցյանը սկսեց գրիչով հարվածել բարձրախոսներին՝ ներկաներին հրավիրելով ճաշի:

Նախարարը բարձրացրեց նաեւ դպրոցների տեխնիկական հագեցվածության խնդիրը՝ հույս հայտնելով, որ եթե 360 աշակերտի հասնում է մեկ համակարգիչ, այս թիվը շուտով կհասնի գոնե 40-ի, «պարզապես պետք է այսպես հավաքվել, խելք-խելքի տալ ու փորձել գտնել դեղատոմսեր»: Մինչ Լիբանանի, Ռուսաստանի ներկայացուցիչները խոսում էին իրենց խնդիրներից, դպրոցի թույլ մակարդակից, Ս. Երիցյանը, պարզվում է, այնուհանդերձ գոհ էր մեր, հայաստանյան դպրոցների մակարդակից. «Մենք ունենք ուժեղ դպրոց, դա ցույց տվեցին վերջին ընդունելության քննությունները»: Հիշեցնենք, որ քննությունների ողջ ընթացքում նախարարը շեշտում էր, որ դիմորդների մակարդակն այս տարի անհամեմատ ցածր է: Իսկ արդեն քննություններից հետո անցողիկ բարձր շեմը բացատրեց դիմորդների՝ հայոց լեզվի ու անգլերենի շտեմարաններին լավ վարժված լինելով: Նախարարը նաեւ խոսեց կրթության համակարգում նախարարության իրականացրած բարեփոխումների մասին: «Շատերը փորձում են նենգափոխել մեր կատարած աշխատանքն՝ ասելով, թե մեր բարեփոխումներն իրականացվում են ինչ-ինչ կազմակերպությունների թելադրանքով, բայց ես հայտարարում եմ, որ ոչ ոք չի կարող մեր դպրոցի բովանդակությունը մեզ թելադրել»,- ասաց պարոն Երիցյանը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել