Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզատերը հաղթեց «Հայէլցանցերին»

Օգոստոս 28,2004 00:00

Ալավերդցի Սամվել Ծատինյանի խոզն այս տարվա ապրիլի 15-ին քաղաքի
Սանահին սարահարթ թաղամասի 2Ե շենքի բակում զբոսնելիս հոսանքահարվեց ու սատկեց։

Ս. Ծատինյանը կորուստը հեշտ չտարավ. խոզն ընդամենը մեկ շաբաթից ծնելու էր։ Հերձումից պարզվեց, որ խոզը 10 գոճի էր ունենալու։

Անասնատերն այս հարցում մեղադրեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ Դեբեդ մասնաճյուղին եւ հայցով դիմեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարան։ Դատարանը լսեց երկու կողմերին։ Պարզվեց, որ խոզը քանդել է էլեկտրական հոսանքալարը ծածկող հողաշերտն ու հոսանքահարվել։

Համաձայն կաբելային գծերի կառուցման կանոնների` հողի մեջ էլեկտրական մալուխները պետք է լինեն առնվազն 70 սմ խորությամբ։ «Այս դեպքում կդժվարանար գործն ու կապահովվեր նաեւ մարդկանց անվտանգությունը»,- նշում է Ս. Ծատինյանը։ Դատարանի ներկայացուցիչը եղավ դեպքի վայրում եւ համոզվեց, որ կաբելային գծերի կառուցման կանոնը խախտվել է՝ մալուխները 40 սմ խորություն ունեին։ Դատարանը Ս. Ծատինյանի հայցը բավարարեց մասնակիորեն։ Հայցվորն իր հերթին վարչական խախտում է թույլ տվել՝ անասունին չարգելելով մտնել բնակելի շենքի տարածք։ Ուստի դատարանը պարտավորեցրեց ընկերությանը տուժածին վճարել վնասի միայն 80 տոկոսը՝ 240 հազար դրամ։

«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ Դեբեդ մասնաճյուղը համաձայն չէ դատարանի այս վճռի հետ։ Մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Միշա Փիրուզյանն ասում է, թե «խոզը բակում գործ չուներ, երեխաներն էլ դժվար թե հողը քանդեին»։ Ընկերությունը դիմել է վերաքննիչ դատարան եւ հույս ունի, որ երկրորդ ատյանում վճիռ կկայացվի հօգուտ ընկերության։ Սակայն Ս. Ծատինյանը հաստատակամորեն ուզում է պաշտպանել իր, խոզի, 10 գոճիների ու շենքի բնակիչների իրավունքները, «անգամ եթե հարկ լինի դիմել Եվրոդատարան»։

Ընկերությունը ձեռնամուխ է եղել հոսանքալարի վերանորոգմանը։ Միշա Փիրուզյանը նշում է, որ դա միանգամից հնարավոր չէ, բայց կաշխատեն աստիճանաբար հոսանքագծերը համապատասխանեցնել պահանջվող կարգին։

ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ,
ԳՈՀԱՐ ՈՍԿԱՆՅԱՆ
www.hetq.am
Այս պատմության մեջ մի քանի դրական հանգամանք կա: Նախ, որ
քաղաքացին չնայած ուժեղ հակառակորդին, պաշտպանում է իր շահերը: Նույնիսկ
եթե դրա համար անհրաժեշտ է եղել փոխհատուցման գումարի մի մասով վճարել փաստաբանին:
Երկրորդ, որ դատարանը, չնայած կողմերի «կշիռներին», վճիռ է կայացրել համաձայն
օրենքների: Ապա, ի վերջո, «Հայէլցանցերն» ավելի ուշադիր կլինի անվտանգության
նվազագույն նորմերն ապահովելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել