Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԵՐԿՈՒՍ

Օգոստոս 28,2004 00:00

ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԵՐԿՈՒՍ

Լինում են կանխատեսումներ, որոնք անելու համար վերլուծական ձիրք
պետք չէ: Օրինակ, երբ երկու տարի շարունակ ես պնդում էի, որ 2003-ին նախագահ
է հռչակվելու Ռոբերտ Քոչարյանը, մարդիկ ինձ հետ վիճում էին: Հիմա, երբ ասում
եմ, որ Քոչարյանը կմնա մինչեւ 2008 թվականը, էլի են վիճում, նույնիսկ ոմանք
գրազ են գալիս: Հեշտությամբ կարելի է կանխատեսել նաեւ, թե ինչ է լինելու
2008-ից հետո: Նախագահ կդառնա նա, ում ձեռքին կլինեն ուժային կառույցները
եւ սափրագլուխների ավազակախմբերը: Դա բարձրագույն մաթեմատիկա չէ՝ երկու անգամ
երկուս է:
Ճիշտ նույն ձեւով մեկից մեկ կանխատեսելի է, թե ինչ հեռանկարներ է ունենալու օգոստոսի 24-ին լրագրողների վրա հարձակվածներից մեկի` Գագիկ Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա իր հանցագործության վերաբերյալ կհնչեցնի մի անհեթեթ եւ անհավատալի առասպել. օրինակ՝ «գնացել էի Ծաղկաձորի անտառ՝ սունկ հավաքելու, մեկ էլ տեսա՝ ինձ նկարում են, ու կատաղեցի»: Քննիչներն ու դատավորները ձեւ կանեն, որ այդ հեքիաթներին հավատում են, մի քանի կոպեկի տուգանք կնշանակեն ու կազատեն հանցագործին: Սափրագլուխը շարունակում է իրեն լկտի ու ամբարտավան պահել, որովհետեւ վստահ է, որ, ըստ էության, անպատիժ է մնալու: Եվ՝ որովհետեւ իր տերը՝ Ալրաղացի Լյովը, արդեն համաձայնեցրել է իրավապահ կառույցների հետ, թե ինչ ստեր է Գագիկը փչելու՝ օրինական պատժից խուսափելու համար: Լրագրողների վրա մնացած հարձակվողները, ինչպես նաեւ նրանց տերերը՝ նույն Ալրաղացը եւ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը (որը դղյակ է կառուցել, հավանաբար, իր ոստիկանական աշխատավարձով), ընդհանրապես դուրս կմնան քրեական գործից: Մեր քրեածին օլիգարխներն ու պաշտոնյաները սկզբից «քսի են տալիս» իրենց սափրագլուխներին լրագրողների վրա, որպեսզի վերջիններս իրենց համար անցանկալի բաներ չնկարեն, հետո էլ չքմեղանում են՝ «նրանք մեր աշխատողները չեն»:

Սափրագլուխ Գագիկն արդեն իսկ մտել է մեր նկարահանումներին օգնող ծաղկաձորցի վարորդի տուն եւ սպառնալիքներ տեղացել: Վարորդը կվախենա ճշմարիտ ցուցմունքներ տալ: Նույն ձեւով «տակները կանեն» վկաների մեծ մասը, այդ թվում՝ մեր փառապանծ «ազգային մտավորականության» ներկայացուցիչները: Ճիշտ այնպես, ինչպես «Պապլավոկում»:

Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ այդպես կլինի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել