Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության հիթ-շքերթ

Օգոստոս 28,2004 00:00

Ատելության հիթ-շքերթ

«Կովկասյան ազգության դեմքերի» համար Ռուսաստանում ապրելն աստիճանաբար
ավելի ու ավելի անտանելի է դառնում: Նախօրեին ռուս իրավապաշտպանները հրապարակել
են քսենոֆոբիայի, ռասիզմի, էթնիկական դիսկրիմինացիայի եւ հակասեմիտիզմի հակազդման
հասարակական արշավի առաջին տարվա արդյունքները, որոնք, մեղմ ասած, սարսուռ
են պատճառում:
Այսպես. չնայած իրականացված լայնածավալ արշավին, վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում գրեթե կրկնակի աճել է, այսպես կոչված, սքինհեդների թիվը: Սրանք, պատկերավոր ասած, ռուսական սափրագլուխների մի ենթադաս են, որոնք, ի տարբերություն հայկական կենսաբանական տեսակի, ֆիզիկական եւ բարոյական հաշվեհարդարներ են տեսնում ոչ թե սեփական, այլ օտար էթնոսների ներկայացուցիչների հետ: Ընդհանուրն այն է, որ երկու դեպքում էլ այդ ամենը տեղի է ունենում իշխանությունների լուռ թողտվությամբ: Իրականացված սոցհետազոտությունների համաձայն, ՌԴ քաղաքացիների ավելի քան 42%-ը համոզված է, որ «անհրաժեշտ է իշխանական կառույցներում, քաղաքականության մեջ, ձեռնարկատիրական, կրթական, իրավաբանական ոլորտներում եւ շոու-բիզնեսում կտրուկ սահմանափակել հրեաների ազդեցությունը»: Ավելին, եւս 28%-ը համարում է, որ հրեաներին առհասարակ պետք է վտարել Ռուսաստանից: Ի համեմատ Մովսեսի հետնորդների, շատ ավելի անմխիթար է կովկասցիների վիճակը: Սրանց Ռուսաստանից անհապաղ քշել է ցանկանում ռուսաստանցիների 60%-ը: Ուշագրավ է, որ վերջիններիս համար ամենաատելի երեք օբյեկտների հիթ-շքերթում կովկասցիներն առաջին տեղում են: Շատ ռուսների գիտակցության մեջ կովկասյան ծագման մարդը պարզապես ասոցիացվում է ներքին թշնամու կերպարի հետ: Այս համատեքստում թերեւս արժե նկատել, որ սոցհետազոտությունների արդյունքները ոչինչ չեն ասում այն մասին, որ «սքինհեդական» կամ առնվազն հասարակական գիտակցության մեջ հայերը կովկասցիների ընդհանուր զանգվածից զատվում են իբրեւ ստրատեգիական գործընկերներ եւ ռուսների ազիզ ախպերներ: Ասել կուզի՝ չնայած մեր քաղաքական զոհողություններին, մենք ադրբեջանցիների, լեզգիների եւ չեչենների հետ գտնվում ենք միեւնույն շարքում:

Տխուր է գիտակցելը, որ ռուսների ատելության օբյեկտների ցանկում կովկասցիներս զբաղեցնում ենք ավելի բարձր հորիզոնական, քան հոմոսեքսուալիստները: Սրանք երկրորդ տեղում են: «Պատվավոր» եռյակը եզրափակում են հրեաները: Ներկայումս Ռուսաստանի շատ իրավապաշտպաններ (փառք Աստծո, այնտեղ դեռ նորմալ մարդիկ կան), որոնք, ի դեպ, նույնպես սքինհեդների եւ դրանց տիպի այլ տարրերի հարձակման մշտական թիրախներից են, վերը նկարագրված իրավիճակի դեմն առնելու ուղիներ են մտմտում: Օրինակ, առաջիկայում ՌԴ յոթ ֆեդերալ օկրուգներում կաշխատեն իրավաբանական կենտրոններ, որոնք կօգնեն քսենոֆոբիայի զոհերին իրենց իրավունքները պաշտպանելիս: Առաջարկվել է նաեւ հրատարակել այլազգիների նկատմամբ հանդուրժողականություն ուսուցանող դասագրքեր: Միամիտ հույսեր:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել