Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՆԸՆԴՀԱՏ ՍՏԵԼՈՎ ԱՌԱՋ ՉԵՍ ԳՆԱ»

Օգոստոս 28,2004 00:00

Հավատացած
է ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը
Հենց ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին եռօրյայում ընդդիմադիր պատգամավորների մանդատների հարցը լսելու մասին քննարկումների ֆոնի վրա եւ «Արդարություն» դաշինքը, եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը երեկ եւ առաջին օրերին որոշումներ են կայացրել ԱԺ աշխատանքները աշնանը եւս բոյկոտելու մասին:

Կասկած չի հարուցում, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, արդեն հոկտեմբերին, որտեղ լսվելու է ԵԽ առջեւ ստանձնած ՀՀ պարտավորությունների կատարման մասին զեկույցը, հատկապես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանամետ հատվածը վկայակոչելու է ընդդիմության այս որոշումը՝ այն ներկայացնելով իբրեւ իշխանությունների հետ երկխոսության չգնալու դրսեւորում: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ իշխանական կոալիցիայի անդամների մատուցմամբ, ԵԽԽՎ-ն ՀՀ-ի վերաբերյալ իր ապրիլյան բանաձեւում ընդդիմությանը կոչ էր արել վերադառնալ խորհրդարան եւ երկխոսություն սկսել իշխանությունների հետ:

«ԵԽԽՎ գարնանային բանաձեւում որեւէ արտահայտություն կամ կոչ, որն ուղղված կլիներ ընդդիմությանը խորհրդարան վերադառնալու մասին, չկա, թեեւ այդպիսի լուրեր համառորեն տարածվում են: Ինչ վերաբերում է երկխոսության կոչին, ապա՝ դա վերաբերում է հավասարապես երկու կողմերին՝ եւ ընդդիմությանը, եւ իշխանություններին: Մնացած բոլոր պարտավորությունները վերաբերում են միայն իշխանությանը: Բայց իշխանությունները իրենց պարտավորություններից եւ ոչ մեկը դեռեւս չեն կատարել»,- մեր զրույցի ժամանակ շեշտեց ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Շավարշ Քոչարյանը:

Արդյո՞ք ընդդիմության որոշումը՝ շարունակել բոյկոտել ԱԺ աշխատանքները, իշխանությունները միջազգային հանրությանը չեն մատուցի որպես երկխոսությունից հրաժարվելու քայլ: «Նրանք միշտ էլ փորձել են փաստերը մատուցել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու, բայց չի կարելի անընդհատ ստելով առաջ գնալ: Այն, ինչ պահանջել է ԵԽԽՎ-ն, ակնհայտ է, բայց այդ պահանջները մինչ օրս էլ չեն կատարվել: Բայց հիմա կարեւորագույն խնդիրն այն չէ, թե ինչ կասեն ԵԽԽՎ-ում ընդդիմության մասին: Այսօր Հայաստանի առջեւ ավելի լուրջ խնդիրներ են ծառացած. կամ Հայաստանը թոթափելու է բռնապետական երկիր դառնալու ավանդույթը, կամ բռնելու է ժողովրդավարության ուղին: Մնացածը երրորդական հարցեր են: Իշխանություններն իրենցը կասեն, մենք՝ մերը, բայց սա չէ որոշիչը»,- նկատեց ԱԺ պատգամավորը:

Ինչ վերաբերում է Հայաստանի մասով ԵԽԽՎ բանաձեւում արձանագրված պահանջներին, ապա դրանցից եւ ոչ մեկը, պարոն Քոչարյանի գնահատմամբ, կատարված չէ: Մեր այն դիտարկմանը, թե օրինակ՝ կարող են ասել, որ քաղբանտարկյալներն ազատ են արձակվել, պարոն Քոչարյանը չհամաձայնեց. «ԵԽԽՎ բանաձեւում պահանջն անհապաղ ազատելու մասին էր, այլ ոչ թե դատավարություններ իրականացնելու, մարդկանց դատապարտելու մասին: Այսօր էլ մարդիկ կան, ովքեր դատապարտված են եւ կրում են սահմանված պատժաչափը, կամ ազատ են արձակվել, բայց նրանց դեմ հարուցված քրգործերը կարճված չեն: Մենք հո աչքակապությամբ չե՞նք զբաղվելու»:

ԵԽԽՎ պահանջներից մեկն էլ վարչական կալանքի պրակտիկային վերջ տալու մասին էր: «Բայց այդ պահանջից հետո էլ հարյուրավոր մարդիկ են կալանավորվել: Ինչ վերաբերում է «Հանրահավաքների, երթերի մասին» օրենքին, ապա այն հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային չափանիշներին: ՀՀ իշխանություններն այդ օրենքն անգամ փորձաքննության չուղարկեցին, այլ միանգամից ընդունեցին:

Պահանջներից մեկը խոսքի ազատությանն էր վերաբերում, բայց այդ ոլորտում էլ որեւէ քայլ արված չէ: Պահանջ կար բացահայտել այն մարդկանց, ովքեր դեռ գարնանը բռնություններ էին կիրառել լրագրողների եւ ք

աղաքական գործիչների նկատմամբ, եւ պատժել նրանց: Այդ մասով էլ որեւէ քայլ չի արվել, եթե չհաշվենք, որ լրագրողների նկատմամբ սափրագլուխների կողմից բռնությունները տակավին շարունակվում են: Ավելի վաղ նման գործողություններ կատարածներին, որոնց անունները բոլորին էին հայտնի եւ նրանց թաքցնել հնարավոր չէր, իբր, դատեցին՝ խորհրդանշական տուգանք նշանակելով: Այնպես որ, որեւէ պահանջ այդպես էլ չի կատարվել»,- թվարկեց պարոն Քոչարյանը:

Որպես ԱԺ աշխատանքները բոյկոտելու պատճառ ընդդիմության հիմնական պատճառաբանություններից մեկը վստահության հանրաքվե չանցկացնելու, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունները մերժելու իշխանական կոալիցիայի քայլերն են համարվել: Բայց դեռեւս ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից առաջ, լինելով Հայաստանում եւ հանդիպումներ ունենալով ՀՀ հասարակական եւ քաղաքական շրջանակների հետ, Հայաստանի զեկուցող Եժի Յասկերիան արդեն հունիսյան նստաշրջանում մոնիտորինգի հանձնաժողովում խոսելով այդ նույն վստահության հանրաքվեի մասին՝ հայտարարել էր, որ ՍԴ որոշման այդ կետը իմպերատիվ պահանջ չի եղել, այլ ընդամենը առաջարկություն է: Հիմա որքանո՞վ է լուրջ ընկալվելու այդ պատճառաբանությամբ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու ընդդիմության մոտեցումը: «Նախ, Եժի Յասկերնիան մասնավոր անձ է, որն, ըստ էության, արտահայտում է այն տեսակետները, որոնք անհրաժեշտ են ՀՀ իշխանություններին: Նա պարզապես խեղաթյուրում է իրականությունը: Ավելին, դեռեւս նախորդ տարի նա արդեն պնդում էր, որ այդ հարցը ՍԴ որոշման մեջ չի ներառված: Այսինքն՝ իրեն պետք էլ չէր գալ ու ծանոթանալ ՀՀ-ում արտահայտվող կարծիքներին: Նա այդ մասին սեփական կարծիքն ուներ, որը միշտ արտահայտել էր: Այդուհանդերձ, նրա կարծիքը, խոշոր հաշվով, ոչինչ չի փոխում: Այո, Ե. Յասկերնիան էր մեր զեկուցողը եւ նա էր պատրաստում ՀՀ մասով փաստաթուղթը, ընդ որում՝ դա խայտառակ փաստաթուղթ էր, բայց ԵԽԽՎ-ն փոխեց այդ փաստաթուղթը, ինչը նաեւ նրա աշխատանքի գնահատականն էր»,- նկատեց Շ. Քոչարյանը:

Բոլոր դեպքերում, սպասվում է, որ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին եռօրյայում դրվելու է ընդդիմադիր եւ խորհրդարանի աշխատանքները բոյկոտող պատգամավորների մանդատների հարցը: Ի՞նչ հանգուցալուծում կարող է ունենալ այդ նախաձեռնությունը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի նախաշեմին:

«Իսկ ո՞վ է ասում, որ այդ հարցը քննարկման առարկա է դառնալու ՀՀ ԱԺ-ում: Այդքան հիմա՞ր են: Չեմ կարծում: Թող անեն, դա իրենց խնդիրն է»,- նետեց Շ. Քոչարյանը:

Իսկ ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանից: Այդ կառույցի ընդունած բանաձեւերի չկատարումը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար այս անգամ: «Ամենատարբեր եվրոպական կառույցներ ՀՀ-ի մասով տարբեր հայտարարություններ, բանաձեւեր են ընդունել, որոնք մի բան են վկայում՝ Հայաստանը, լինելով ԵԽ անդամ երկիր, չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մնացածը մանրուքներ են: Հայաստանին մնում է կամ թոթափել բռնապետությունը, կամ միջազգային հանրությանն ու մեր հասարակությանը մոլորության մեջ չգցել»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել