Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնյաները կռվում են, մշակույթը՝ տուժում

Օգոստոս 27,2004 00:00

Պաշտոնյաները կռվում են, մշակույթը՝ տուժում Չնայած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը ավարտվել է, սակայն Գյումրիում շարունակվում են վերջինիս շուրջ թեժ քննարկումները: Ինչպես հայտնի է, փառատոնը սկսվելուց առաջ «Առավոտին» էր դիմել Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Աշոտ Մկրտչյանը՝ բողոքելով, որ Գյումրու՝ փառատոնին մասնակցելու մասին իրեն բացարձակապես տեղյակ չեն պահել: Ըստ պրն Մկրտչյանի, քաղաքի մշակութային կյանքին վերաբերող ցանկացած հարց «սկսվում եւ վերջանում է» մեկ անձով՝ մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանով, որն էլ «շարժվում է իր քմահաճույքներով»: Հիշեցնենք, որ բողոքն արձանագրելիս մեզ չէր հաջողվել լսել մարզպետարանի պաշտոնյայի մեկնաբանությունները՝ նրա Կիպրոսում գտնվելու պատճառով: Այս անգամ «Առավոտը» պարզաբանումներ ստացավ նաեւ Հասմիկ Կիրակոսյանից: Նրա ներկայացնելով՝ մշակույթի նախարարությունում անցկացված առաջին խորհրդակցությունից անմիջապես հետո ինքը հեռախոսազրույց է ունեցել քաղաքապետարանի պաշտոնյայի հետ եւ խնդրել է շատ արագ լուծել Շաբոյանի խմբի մասնակցության հարցը: Նախատեսված էր փառատոնը սկսել Շաբոյանի պարային համույթի «Գյումրվա հարսանիքի» կատարմամբ: Եվ քանի որ կազմակերպիչներն առաջարկում էին ելույթ ունենալ ֆոնոգրամայով, պրն Մկրտչյանին խնդրել էին լուծել այդ հարցը: Տիկին Կիրակոսյանը նաեւ զարմացած է, որ քաղաքապետարանի պաշտոնյան այդքան տարի աշխատելով՝ մինչեւ օրս չգիտի, թե ո՞րն է համայնքի ֆունկցիան: «Կառավարությունը հո չի՞ կարող ամեն համայնքի հետ առանձին- առանձին աշխատել. դրա համար գոյություն ունի մարզպետարան, կամ հո Գյումրին առանձին կարգավիճակ չունի՞»,- զայրանում է նա: Այս ամենը կապում է Աշոտ Մկրտչյանի «մշակույթում պատահականություն» լինելու, «միլիցայությունից ու լվացքատներից չգիտես ինչպես այս բնագավառ հայտնվելու հետ»: Տիկին Կիրակոսյանի համոզմամբ՝ Հայաստանում «որտեղ մի պոստ ազատվի»՝ Աշոտ Մկրտչյանը նախագահին նամակ է գրում, թե՝ ինձ տվեք: «Ո՞վ չգիտի, որ քաղաքապետարանի կադրային պրոցեսը կատարվում է ոչ թե կադրային, այլ թիմային ձեւով: Եվ ընդհանրապես քաղաքապետարանի կադրերը պատահական մարդիկ են, որոնցից ոչ մեկը կապ չունի իր բնագավառի հետ»,- ասում է մարզպետարանի մշակույթի բաժնի պետը: Նա էլ դժգոհում է, որ Աշոտ Մկրտչյանը ոչ միայն գործ չի անում, քաղաքի մշակույթում «որեւէ հյուլե» չի ավելացրել, այլ Հասմիկ Կիրակոսյանի «30 տարի շարունակ մատներով ստեղծածը քանդում է»: Որպես քաղաքապետարանի մշակույթի բաժնի «անգործության» ակնառու օրինակ՝ մարզպետարանի պաշտոնյան վկայակոչում է քաղաքի «խղճուկ» տոնածառը, որը միայն միակողմանի խաղալիքներ ունի, սակայն վերջինիս վրա մեծ գումարներ է ծախսվում: «Ու՞ր է գնում համայնքի բյուջեից մշակույթին հատկացվող 13 մլն դրամ տարեկան գումարը, երբ ձեւի համար քաղաքում մի փառատոն կամ մշակութային միջոցառում չի անցկացվում»,- հարց է տալիս Հասմիկ Կիրակոսյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ քաղաքում թե իրեն եւ թե Աշոտին լավ են ճանաչում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել