«ԲԺիշկները սպանեցին» Համոզված են Գայանե Քյուրքչյանի հարազատները Հունիսի 16-ին Գյումրիի ծննդատանը ծննդաբերությունից մահացել էր 35-ամյա Գայանե Քյուրքչյանը: Հիշյալ փաստի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրօրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ Գյումրիի ծննդատան երկու բժշկուհիներ Լիլյա Պողոսյանի եւ Նաիրա Մկոյանի դեմ: Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել մահացածի հարազատները՝ դժգոհելով, որ Շիրակի մարզի դատախազությունում այդ գործին ընթացք չի տրվում: Հիշեցնենք, որ ըստ հարազատների, մահվան պատճառը եղել է կնոջ արգանդի մեջ մետաղյա գործիք մտցնելը, ընդ որում ոչ թե ծննդաբերական աթոռին, այլ՝ մահճակալում, որից էլ վնասվել է արգանդի վզիկի մոտ գտնվող մայր երակը ու սկսվել է ներքին արյունահոսություն: Գայանե Քյուրքչյանի սկեսուր Սուսաննա Ավետիսյանի ասելով՝ բժիշկներն ամեն ինչ արել են ծննդկանին ձեռքներից բաց չթողնելու, հետեւաբար եւ ծննդաբերությունն արագացնելու համար, այլապես կավարտվեր նրանց հերթափոխի ժամը եւ կզրկվեին «հասանելիք գումարից»: Գայանե Քյուրքչյանի 3-րդ երեխան ծնվել է մահացած վիճակում: Հարազատները համոզված են, որ կես ժամ անց մահացել է նաեւ Գայանեն: «Սակայն բժիշկները մեռած մարդուն տարան վիրահատարան ու հեռացրին արգանդը, որպեսզի թաքցնեին իրենց կատարած սպանությունը: Երբ ներս մտանք վիրահատարան՝ արյունոտ շորերի մի հսկա դեզ էր կուտակվել»,- պատմում էր Սուսաննա Ավետիսյանը: Ժուռնալիստների հետ հանդիպման ժամանակ հարազատները բողոքեցին, որ դեպքից անցել է 70 օր, սակայն մինչ օրս դատախազությունում բժիշկների հետ առերեսում չի կատարվել: Արդեն երկրորդ անգամն է ծեր սկեսուրը ներկայանում դատախազություն, սակայն բժիշկները տարբեր պատճառաբանություններով չկան: «Մեկ թոքաբորբ են, մեկ քաղաքում չեն, սակայն զանգում ես ծննդատուն, կազմ-պատրաստ գործի են գնում»,- ասում է Սուսաննա Ավետիսյանը: Առ այսօր չի տրվել նաեւ դատաբժշկական փորձագետների վերջնական եզրակացությունը: Ավելին, հարազատների ասելով 2172րդ եզրակացության մեջ հիվանդությունների թիվը ճոխացել է. ներքին արյունահոսությանը ավելացել է նաեւ թոքային էմբոլյան, որը ենթադրում է վայրկենական մահ: Մինչդեռ սկեսուրի համոզմամբ, նման հիվանդություն չկար, քանի որ իր հարսը ոչ թե մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո, այլ 30 րոպե անց: Այդ ընթացքում կինը անգամ հասցրել է զրուցել հարազատների հետ: Գայանե Քյուրքչյանի ամուսնու՝ Գագիկ Մուսոյանի ասելով էլ՝ «գործը ջրելու համար» իրեն բազմիցս կաշառք են առաջարկել, սակայն իրենք մինչեւ վերջ պայքարելու են եւ մեղավորներին չպատժելու դեպքում նույնիսկ դիմելու են Եվրոդատարան: Նրանք արդեն հասցրել են դիմել հանրապետության բոլոր բարձր ատյաններին, ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին ու բոլորի պատասխանը մակագրվել է Շիրակի դատախազությանը: «Եթե բժիշկները անմեղ են, ինչո՞ւ են մեզանից փախչում եւ մի՞թե դատախազությունն այդքան անզոր է, որ մի առերեսում չի կարող կազմակերպել»,- հարցնում էին հարազատները: Հուսանք, որ Շիրակի մարզի դատախազությունը «Առավոտի» էջերում եւս հանդես կգա պարզաբանմամբ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ