Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԻԿՈՍ ՅՈՐՂՈՒԼԱՍԸ ԿԴԱՏՎԻ՞

Օգոստոս 27,2004 00:00

ՆԻԿՈՍ ՅՈՐՂՈՒԼԱՍԸ ԿԴԱՏՎԻ՞ Շուրջ մեկ տարի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունում գործեր են հարուցված «ԱրմենՏելի» բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նկատմամբ: Այդ թվում՝ տարածքային նախկին տնօրեն Գ. Փանոսյանի նկատմամբ: Նրանք մեղադրվում են չարաշահումների, ինչպես նաեւ «իզի» քարտերի՝ սեւ շուկայում հայտնվելու համար: Անցած տարի այդ մասին գրել ենք: Սակայն տեղեկացանք, որ քրեական գործ կա հարուցված նաեւ «ԱրմենՏելի» նախկին գլխավոր գործադիր տնօրեն Նիկոս Յորղուլասի նկատմամբ, որն այժմ Հունաստանում է: «ԱրմենՏելում» ՀՀ կառավարության ներկայացուցիչ Սերժ Սարգսյանի տվյալներով՝ ընկերության երբեմնի ղեկավարը մեղադրվում է յուրացումների եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Քրեական գործ կա հարուցված նաեւ զինվորական դատախազությունում: Պարոն Սարգսյանը պարզաբանեց, որ «Պաշտպանության համակարգի (Մերգելյան ինստիտուտի) ձեռնարկությունների հետ գործարքներ են եղել: Թանկարժեք մետաղների դիմաց «ԱրմենՏելին» պետք է գումարներ վճարվեին, սակայն այդ մետաղների արժեքը մինչ օրս ընկերությունը չի ստացել: Յուրացումներ են եղել: Այդ կազմակերպությունը ոչ միայն «ԱրմենՏելի» նկատմամբ է այդպիսի յուրացումներ թույլ տվել»: Հայաստանի կառավարության ներկայացուցիչը պնդեց, որ նման արարքներ է թույլ տվել նաեւ Նիկոս Յորղուլասը. «Կան նման նյութեր, որոնք, հույս ունեմ, հանրությանը կներկայացվեն»: Պարոն Սարգսյանը գտնում է, որ այս գործերի նախաքննություններն օբյեկտիվորեն կարող էին մեկ տարի տեւել, որովհետեւ քննվում են հավելյալ մի շարք հանգամանքներ եւս: Չնայած հայտարարությանը, որ նոր ղեկավարությունը «ԱրմենՏելին» ավելի լուրջ է վերաբերվելու, Սերժ Սարգսյանը դժգոհ է ընկերության նոր ղեկավարներից, որովհետեւ «ես մտածում էի, որ OTE-ի ղեկավարությունը պետք է որոշակի հետեւություններ աներ: Ճիշտ կլիներ, որ նախորդ ղեկավարության թերությունները պարզ եւ անկեղծ հնչեցվեին որպես ինքնաքննադատություն, տրվեին դրանց գնահատականները: Ես ցավում եմ, որ նման գնահատական չտրվեց: Դա ավելի լուրջ քայլ կլիներ անկեղծ խոսակցությունների եւ բանակցությունների համար»: Նկատենք սակայն, որ OTE-ի տեսակետից այսպիսի գնահատական տալու հավանականությունը ոչ ռեալ է, ոչ էլ դրանից հետո բանակցություններն իմաստ կունենային: Այս դիտարկմանն ի պատասխան, «ԱրմենՏելում» Հայաստանի կառավարության ներկայացուցիչը հայտարարեց. «Ես կուզեի դա լիներ, որ OTE-ն մյուս անգամ նման անլուրջ մարդկանց չուղարկեր Հայաստան»: Այս քրեական գործերի նախաքննությանը զուգահեռ ընկերությունում կադրային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնցից մի մասի տրամաբանությունը 10 տոկոսի բաժնետիրոջ ներկայացուցչի համար նույնիսկ հասկանալի էլ չէ: Իսկ ներկայիս գլխավոր գործադիր տնօրենի փոփոխությունը Հունաստանում ընտրական գործընթացների արդյունքում տեղի ունեցավ: Նոր տնօրենն իր հերթին փոխեց տարածքային տնօրեն Նազարեթ Ոսկերիչյանին, որը, Սերժ Սարգսյանի տեղեկացմամբ, միանգամից մի քանի բարձր պաշտոն էր զբաղեցնում. «պետք էր ենթադրել, որ այդ աշխատանքներն այնքան էլ ծավալուն չէին, բայց միեւնույն ժամանակ կարելի է համոզված պնդել, որ այդ աշխատանքները լրիվ չափով մի մարդ իրականացնել չի կարող: Ի վերջո՝ նշանակվեց ազգությամբ հույն նոր տնօրեն, որն անգամ ինձ չի էլ ներկայացվել, չեմ ծանոթացել: Սա ես դրական քայլ չեմ համարում ներկայիս գլխավոր գործադիր տնօրենի կողմից»: Նախ, տարածքային տնօրենի պաշտոնը ցածր չէ, որպեսզի բաժնետիրոջ ներկայացուցիչը նրա նշանակումից անտեղյակ լինի, ապա՝ ըստ պարոն Սարգսյանի, դրսից ներգրավված ցանկացած օտարազգի մասնագետ ընկերության բյուջեի վրա անհամեմատ թանկ է նստում: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել