«ԱՄ»-ն խորհրդարան չի վերադառնա «Ազգային միաբանությունն» առայժմ միայն հեռացնում է ընտրական հանձնաժողովում իրենց տեղերը ծախած կուսակցականին: Նման որոշում է ընդունվել «ԱՄ» նախագահության օգոստոսի 25-ին տեղի ունեցած նիստում Եղվարդի տարածքային կազմակերպության ղեկավար Պապիկ Մուրադյանի առնչությամբ: Սակայն մինչ այս պատմությունը մանրամասնելը՝ նշենք, որ նախագահության այդ նիստին վերստին անդրադառնալու առիթն այլ էր: Երեկ մեր թերթին «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը հայտնել էր, թե նիստում որոշվել է սեպտեմբերի 10-ին անցկացվելիք ակտիվի ժողովում քննարկել կուսակցության դիրքորոշումը ԱԺ աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ, քանի որ կուսակցության շարքերում տարակարծություններ կան, թե ինչ պայմանների դեպքում կվերադառնան խորհրդարան: «ԱՄ» մեկ այլ փոխնախագահ՝ Սարգիս Մուրադխանյանը հրապարակումից հետո հարկ համարեց ճշտել. «Մեր նախագահության անդամները վերահաստատել են իրենց մոտեցումն առ այն, թե պետք է է՛լ ավելի հետեւողականորեն պայքարել, որ այս ոչ օրինական իշխանության բեռը թոթափվի մեր ժողովրդի ուսերից: Ավելի՛ն, ասվել է, թե ընդդիմության գործողությունները պետք է լինեն է՛լ ավելի ճշգրտված ու ճկուն՝ խնդիր ունենալով համոզել ժողովրդական ամենալայն զանգվածներին, որ Հայաստանին սպառնում են լրջագույն փորձություններ, եթե իշխանությունը զավթած մարդիկ շարունակեն պաշտոնավարել: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նիստերին մասնակցել-չմասնակցելուն, ապա այս հարցում նույնպես միակարծիք էինք՝ այն առումով, որ եթե կոալիցիան իր մոտեցումներով ոտնահարում է խորհրդարանական աշխատանքի այնպիսի կարեւորագույն սկզբունք, ինչպիսին է օրինագծերի քննարկումը եւ որոշումներ ընդունելը, եւ խոչընդոտում, որ անգամ իսկ քննարկման առարկա դառնա «Հանրաքվեի մասին» օրենքը փոփոխություններով Սահմանադրությանը համահունչ դարձնելու կարեւորագույն խնդիրը, այս պարագայում ԱԺ նիստերին մասնակցելը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների ապօրինի գործողությունների վավերացում եւ օրինականության շղարշի հաղորդում»: «Ազգային միաբանության» փոխնախագահը մեկ այլ տեղեկություն էլ հայտնեց նախագահության նիստի վերաբերյալ՝ քննարկել են Պապիկ Մուրադյանի հարցը. «Եվ միաձայն անվստահություն հայտնեցին նրան թիվ 44 ընտրատարածքում թույլ տված կոպիտ սխալների, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում լուրջ կասկած հարուցող, վստահություն չներշնչող մարդկանց որպես կուսակցության ներկայացուցիչ ներգրավելու համար, որոնք ի սկզբանե կողմնակալ վերաբերմունք կդրսեւորեն առանձին պատգամավորության թեկնածուների նկատմամբ»: Ամենայն հավանականությամբ, խոսքը «Օրինաց երկրի» պաշտպանյալ Արտակ Սարգսյանի կողմնակիցներին իբրեւ «ԱՄ» ներկայացուցիչ ներգրավելու մասին է: «Որոշվեց Պապիկ Մուրադյանին հեռացնել կուսակցության շարքերից,- հայտնեց պրն Մուրադխանյանը:- Նախագահությունը նաեւ հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն՝ թիվ 44 ընտրատարածքի տեղամասային հանձնաժողովների անդամներ Պապիկ Մուրադյանին եւ Ավետիք Ավետիսյանին հայտնվում է անվստահություն եւ նրանց գործողությունների համար «ԱՄ»-ն չի կրում բացարձակապես եւ ոչ մի պատասխանատվություն»: Այս մասին լուրը հայտնի դարձավ նիստից միայն մեկ օր անց, քանի որ Պապիկ Մուրադյանն ինչ-ինչ խոստումներ էր տվել սխալները շտկելու վերաբերյալ, սակայն հետո անհետ կորել… համենայնդեպս՝ կուսակցական ընկերների համար: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ