Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԴՄ-Ն ԳՆՈՐԴԻՆ Է ՊԵՏՔ

Օգոստոս 27,2004 00:00

ՀԴՄ-Ն ԳՆՈՐԴԻՆ Է ՊԵՏՔ

Հաշվիչ-դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) առեւտրի եւ սպասարկման ոլորտում
ներդրվեցին 1998 թվականին։ Սակայն կառավարությունը ընդամենը երեկ է մտածել
կոնկրետ որոշմամբ հստակեցնել ՀԴՄ-ների գրանցման, դրանց հետ «շփման» իրավունք
ունեցողների եւ այլ խնդիրները։
Մեկ այլ որոշմամբ, առեւտրային կազմակերպություններին հնարավորություն է տրվել այսուհետեւ իրենց շրջիկ կետերում հոկտեմբերի 1-ից նույնպես ունենալ ՀԴՄ-ներ։ Թեպետ կարելի է «հնարավորություն է տրվել» բառակապակցությունը հասկանալ «պարտադրվել է» բառով։ Թե չէ ո՞ր կազմակերպությունն է ուրախ իր առեւտրի շրջանառությունն ամբողջությամբ ի ցույց հանել հարկային ծառայությանը։ Կառավարության այս որոշումները երեկ լրագրողներին ներկայացրեց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը։ «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ներդրման սկզբում բավականին ակտիվ աշխատող ՀԴՄ-ները վերջին ժամանակներս դարձել են վաճառասեղանի դիզայն, եւ ոչ գնորդը, ոչ վաճառողը դրա մասին չի հիշում, Ա. Ալավերդյանը պատասխանեց. «Դա միայն գնորդի կամ սպառողի խնդիրն է, թող կտրոն պահանջեն ու եթե չեն ստանա՝ հարկայինն իրենց թիկունքում կանգնած է։ Իսկ ընդհանրապես զուր եք մտածում, որ մենք միջոցներ չենք ձեռնարկել։ Անցյալ տարի 4800 տուգանքի դեպք ենք ունեցել, այս տարի՝ շուրջ 2000»։ Հետո խոստովանեց, որ տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման խնդիրը չլուծելու պատճառով ստեղծված անհավասար մրցակցային դաշտը պատճառ դարձավ, որ ՀԴՄ-ների տարածումը բնականոն ընթացք ունենա։

Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանն էլ լրագրողներին ծանուցեց, որ այսուհետեւ պետական պարտատոմսերի առքուվաճառքով զբաղվելու է ֆոնդային բորսան։ Մինչ այդ գործարքով զբաղվում էին պարտատոմսերն իրենց մոտ կուտակած պետական առեւտրային բանկերը (ավելի շուտ՝ հիմնականում 4 բանկ), որոնք արժեթղթերի շարժի մասին տեղեկությունները ստանում էին «Սի Բի Էյ Նեթ» տեղեկատվական ընկերությունից։ «Դա հուսալի համակարգ չէր, մենք առաջարկում ենք առավել թափանցիկ ու երաշխավորված գործարքներ իրականացնող համակարգ եւ հույս ունենք, որ այն կնվազեցնի կեղտոտ փողերի լվացման հնարավորությունը»,- ասաց Է. Մուրադյանը։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել