Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԿՇՌՎԵՑԻՆ

Օգոստոս 27,2004 00:00

Հայաստանի
18 օլիմպիական մարզիկներից 14-ը արդեն ավարտել են իրենց մրցելույթները Աթենքում:
Օգոստոսի 26-ին մեր պատվիրակությունը անելիք չուներ մրցասպարեզներից եւ ոչ
մեկում, սակայն երեկոյան անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտիկների վիճակահանությունը:
Հուսանք, որ Հայաստանը ներկայացնող 4 մարզիկները կամ նրանցից մեկ-երկուսը
գոնե կաշխատեն ուրախացնել հայ մարզասերներին:
55 կգ քաշային կարգում, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Եվրոպայի գործող չեմպիոն Մարտին Բերբերյանը, մրցելու են 22 հոգի: Վիճակահանությամբ Մարտինն ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հունաստանի դրոշի ներքո հանդես եկող Ամիրամ Կարբանովը, կորեացի Օ Սոն Նավը եւ թուրք ըմբիշ Հալուն Դորանը: Ի դեպ, վերջինս այն ըմբիշն է, որը 2003-ին Թեհրանում կայացած աշխարհի առաջնությունում հանդես գալով 60 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում հաղթել էր Արամ Մարգարյանին, սակայն խթանիչներ օգտագործելու պատճառով որակազրկվել էր, իսկ ոսկին հանձնվել էր մեր հայրենակցին:

Ստացվել է այնպես, որ այս՝ 7-րդ խմբում առաջին տեղը զբաղեցնող մարզիկը միանգամից մտնելու է 1/2 եզրափակիչ:

66 կգ քաշային կարգում Ժիրայր Հովհաննիսյանը երրորդ խմբում է: Հույն Ապոստոլոս Տասկադիսը եւ հնդիկ Կոմալա Խամեշը, որոնք նրա մրցակիցներն են, դեռեւս համաշխարհային ըմբշամարտում բարձր դիրք չունեն, այնպես որ, Ժիրայրը խմբային փուլը հաղթահարելու վատ հեռանկարներ չունի:

Մեր երրորդ մարզիկը՝ 84 կգ քաշային կարգում հանդես եկող Մամեդ Աղաեւը, ընդգրկվել է 5-րդ խմբում, որտեղ նրան բավականին ծանր մրցակցություն է սպասվում: Ուկրաինացի Տարաս Դանկոն, չնայած երիտասարդ տարիքին, դժվար մրցակից է ցանկացած ըմբիշի համար: Նույնը կարելի է ասել նաեւ թուրք Գողան Յավեշերի մասին: Մամեդին չափազանց դժվար օր է սպասվում օգոստոսի 27-ին:

Հիշյալ երեք քաշերում մեր մարզիկների մրցապայքարը մեկնարկելու է ուրբաթ օրը՝ օգոստոսի 27-ին: Նույն օրը կկայանա մեր վերջին ներկայացուցչի՝ 74 կգ քաշային, աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանի կշռումը եւ վիճակահանությունը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ,
Աթենք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել