Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավարտել եմ 17 դատավորների դասարանները»

Օգոստոս 27,2004 00:00

Օգոստոսին
«Առավոտին» նամակներ է ուղարկել
22 քաղաքացի։ Նրանցից 8-ի նամակներն առնչվում են դատաիրավական ոլորտին։
Մարտի 28-ին Օշականում սպանվեց հայտնի գործարար Յուրա Գրիգորյանը։ «Առավոտը» նախաքննության փուլում անդրադարձավ դիտավորյալ սպանության առանձին մանրամասներին։ Խմբագրությանն ուղղած նամակում Յուրա Գրիգորյանի կինը՝ Ելենան, գրում է, որ մինչ օրս մեղադրանք չեն առաջադրել Խաժակ եւ Գրիգոր Բադալյան եղբայրներին, որոնք, ըստ տուժողի իրավահաջորդի, «մասնակցել են ինչպես ամուսնուս սպանությանը, այնպես էլ սպանությունից առաջ կազմակերպված ծեծին, մեքենայի վնասմանը»։ «Առավոտը» նշել էր, որ սպանության մասնակիցների մեջ է եղել բարձրաստիճան ոստիկանի որդի Արտակ Մկրտչյանը։ Տիկին Ելենան գրում է, որ վերջինս «ընդհանրապես անհետացել է թե գործով, թե անունով»։ Ե. Գրիգորյանը տեղեկացնում է, որ դիմել է հանրապետության նախագահին՝ հույսով, որ «Հայաստանում հռչակված օրենքները չեն մնա թղթի վրա»։ «1943թ. զրկվել ենք մորից, 1964-ից՝ հորից։ Ողջ կյանքումս տառապելով աշխատել եւ խնամել եմ ի ծնե առաջին խմբի հաշմանդամ քրոջս»,- «Առավոտին» դիմելով՝ գրում է Արշակունյաց 36ա շենքի բնակչուհի Ելիզավետա Ամիրյանը։

Վերջինս խնայբանկում գումար է ներդրել. «Արտասահմանյան մեքենաներ ունեցողներն ասում են որտեղի՞ց տանք, ո՞ր ֆոնդից»։ Ե. Ամիրյանը առաջարկում է. «Տվեք այն ֆոնդից, որտեղից հեշտությամբ հանում եք երկրորդական նշանակության գործերի համար»։

«Առավոտի» հաջորդ նամակագիրը Լոռու մարզի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Աթաբեկյանն է։ Նա տեղեկացնում է. «ավարտել եմ 7 դատախազների եւ 17 դատավորների դասարանները»։ «Հայկական դատարանների վարույթում 3,5 տարի լողացող հայցս՝ ընդդեմ Լոռու մարզպետի՝ ինձ նախկին պաշտոնում (թիվ 1 դպրոցի տնօրենի-խմբ.) վերականգնելու պահանջի մասին, չի բավարարվել։ Հանիրավի պաշտոնանկ 3,5 տարի գործազուրկիս Լոռու մարզպետի հալածանքից փրկելու հույսով դիմում եմ ձեզ, իմ երկրի իշխանություններին՝ Լենինի դամբարանին դիմելու եւ միջազգային ատյաններում հայրենիքիս վարկը կասկածի տակ դնելու փոխարեն»,- գրում է նամակագիրը։ Նա հավաստիացնում է, որ որպես նախկին ամբաստանյալ (արդարացվել է դատավճռով) «չի չարացել եւ չի պահանջում պատժել գահակալ դահիճներին։ Թախանձագին խնդրում եմ դատարանից վերականգնել իմ պատիվն ու իրավունքները»։

Արամ Խաչատրյան 19 շենքի 52 բնակարանի բնակիչ Գ. Զաքարյանը երկտողի հետ ուղարկել է գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Ռ. Փարսադանյանի պատասխանը. «ՀՀ գլխավոր դատախազի 10.05.2000թ. թիվ 15 հրամանի համաձայն, Ձեր դիմումները թողնվել է առանց քննարկման»։ Այսինքն՝ անցել է 4 տարի, քաղաքացին ահազանգում է, թե իրեն առեւանգել են, փաստաթղթեր հափշտակել, իսկ հսկողությունն իրականացնողը պատասխանել է, թե դատախազի հրամանով դուք դիմելու իրավունք չունեք։ Գուցե հրապարակվե՞ր նաեւ ՀՀ այն քաղաքացիների ցանկը, որոնց համար նմանօրինակ մասնավոր հրաման է կայացվել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել