Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԵՐԺ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ՀԱՎԵՐԺ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 27,2004 00:00

Ժողովրդավարությունները չեն պատերազմում իրար հետ

Ղարաբաղյան հարցի շուրջ ադրբեջանական հասարակության տրամադրությունները մոտ են հուսահատության. «Պատերազմել անհնար է, Հայաստանի մեջքին կանգնած է Ռուսաստանը, Արեւմուտքն էլ համառորեն պահանջում է հարցի խաղաղ լուծում: Տարբեր միջնորդների օգնությամբ խաղաղ բանակցությունները տարիներով ընթանում են եւ ոչնչի չեն հանգեցնում: Նավթային դիվանագիտությունը (մեր նավթը՝ ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց աջակցության փոխարեն) նույնպես ոչնչի չի հանգեցրել: Արեւմուտքից հովանավորվող ժողովրդական դիվանագիտությունը եւս իրեն չարդարացրեց»:

Հասարակության մեջ ձեւավորվում է այն տպավորությունը, թե Ադրբեջանին դավաճանել են, «քցել են» բոլոր կողմերից: Հասարակությունը մոտ է ֆրուստացիային, ինչն արդեն սկսել է արտահայտվել անվերահսկելի ատելության տեսքով, եւ դրա արտահայտչաձեւերը շատ նման են նրան, ինչ կատարվում է պաղեստինա-իսրայելյան հակամարտության շրջանակներում: «Այդ ատելությունը ծանոթ է,- ասաց ինձ հայտնի հայ լրագրող Մարկ Գրիգորյանը մի քանի տարի առաջ Թբիլիսիում կայացած կոնֆերանսի ժամանակ,- սկզբում դուք շատ երկար ժամանակ հաղթում էիք (հավանաբար նա նկատի ուներ վերջին հազարամյակի ընթացքում ձգվող հայ-թուրքական կոնֆլիկտները -Հ.Հ.), եւ մենք ձեզ ատում էինք: Հիմա մենք ենք հաղթում ձեզ, եւ դուք եք մեզ ատում»:

Այս խորաթափանց նկատառմանը ես որեւէ պատասխան չգտա: Միայն հուսահատություն զգացի՝ ո՞րն է ելքը: Եթե, իշալլահ, մենք որեւէ ձեւով հաղթենք նրանց, այդ դեպքում նրանք նորից կսկսեն ատել մեզ: Եվ այսպես մենք անընդհատ կոչնչացնե՞նք միմյանց՝ մինչեւ աշխարհի վերջը: Մի՞թե մեզ հավերժ պատերազմ է սպասում:

Պետք է փոխվի մեր մտածելակերպը, աշխարհին եւ պատմությանն ուղղված մեր հայացքը: Պետք է հասկանալ, որ այդ բոլոր «պատմական փառավոր հաղթանակները» ոչ այլ ինչ էին, քան՝ ինչ-ինչ սահմանափակ ռեսուրսների համար մղվող «բոլորն ընդդեմ բոլորի» պայքարի ընթացքում իրականացված կողոպուտ եւ հարեւանների բռնի տեղահանում: Այսօր այդ ռեսուրսները, որոնց համար մենք նախկինում կոտորում էինք միմյանց, արժեզրկվել են:

Մեր կոնֆրոնտացիոն մտածողությունը չեն կարող փոխել ոչ երրորդ ուժերը, ոչ գրված օրենքները ու սահմանադրությունները, ոչ էլ մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրերի վավերացումները: Այն կարող է փոխվել միայն ազնիվ եւ ազատ բանավեճի արդյունքում, որ անում են ազատ եւ ազնիվ երկրի քաղաքացիները: Այսպիսով, ես կարծում եմ, որ հավերժ պատերազմը հավերժ խաղաղության փոխելու համար մեր երկրները պետք է դառնան ժողովրդավարական: Կամ, ինչպես գրում էր Կանտը իր «Տրակտատ հավերժ խաղաղության մասին» գործում՝ «հավերժ խաղաղության ձգտող կողմերից յուրաքանչյուրի պետական կառուցվածքը պետք է դառնա հանրապետական»:

Մինչ բանակցությունների սկսելը, կողմերը նախեւառաջ պետք է զբաղվեն իրենցով: Կողմերը պետք է դառնան հանրապետություններ, նրանց հասարակություններում պետք է սկսվեն ազատ եւ բազմաձայն քննարկումներ այն ամենի մասին, ինչն անհանգստացնում է այդ երկրների քաղաքացիներին: Այդ հասարակությունները պետք է իրենց մեջ քաղաքացիական քաջություն գտնեն մի կողմ նետելու պատմական կապանքները եւ քննարկելու հավերժ պատերազմի եւ հավերժ խաղաղության հարցը: Եվ եթե միջազգային հանրությունն ուզում է օգնել մեզ հավերժ խաղաղություն հաստատելու գործում, ապա պետք է դադարի փողերի անիմաստ վատնումը «համատեղ ուսումնասիրությունների եւ ծրագրերի համար», այլ օգնի մեր երկրներին դառնալ բաց եւ ազնիվ, ժողովրդավարական: Ժողովրդավարությունները չեն պատերազմում իրար հետ:

Մարկ Գրիգորյանի հետ մի անգամ էլ հանդիպեցի այս տարի՝ Դուրբանում (Հարավաֆրիկյան Հանրապետություն), որտեղ ընթանում էր «Հանուն դեմոկրատիայի միջազգային շարժման» երրորդ ասամբլեան: Ինչպես պարզվեց, Մարկը ստիպված էր եղել թողնել իր երկիրը եւ հաստատվել Լոնդոնում՝ խուսափելով իր լրագրողական գործունեության պատճառով հայաստանյան իշխանությունների սանձազերծած հետապնդումներից: Ես էլ ցանկություն չունեի հեքիաթային Դուրբանից վերադառնալ իմ երկիր, որտեղ 2003թ. նախագահական ընտրություններից հետո տարածվել էր զանգվածային ռեպրեսիաների ալիք:

Հետագայում, հիշելով մեր զրույցը, ես ուշադրություն դարձրի այն բանի վրա, որ առանց որեւէ պայմանավորվածության՝ մենք ոչ մի բառ չփոխանակեցինք հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Մարկն ինձ ցույց տվեց իր մարմնի վրայի սպիները, որ թողել էին այն նռնակի 32 բեկորները, որը իշխանության կամակատարները գցել էին նրա խմբագրության վրա: Իսկ ես պատմում էի ադրբեջանական բանտերում առօրեական դարձած կտտանքների եւ մասնագիտական խոչընդոտների մասին, որոնց ենթարկվում են մեր այն քաղաքացիները, ովքեր համարձակվում են ընդվզել նախագահական ընտրությունների ժամանակ կատարված զանգվածային կեղծիքների դեմ: Միմյանց ոչնչացնելու ցանկություն, թեկուզ՝ խոսքի միջոցով, մեր մեջ չառաջացավ: Փոխարենը ծնվեց միմյանց օգնելու ցանկությունը:

ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻ-ԶԱԴԵ,
քաղաքագետՀոդվածը գրվել է IWPR (Institute of War and Peace Report, London)
պատվերով, տպագրվում է կրճատումներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել