Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Օգոստոս 27,2004 00:00

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Պաշտոնակալության ստանձնումից ի վեր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին
թերեւս ամենասուր հայտարարություններն է արել Մոսկվայի հասցեին:
Նա ՌԴ իշխանություններին մեղադրել է վրաց-օսական հակամարտության մեջ ուղղակի ռազմական միջամտություն ունենալու համար: Նշենք, որ մինչ այդ նման մեղադրանքներ էին հնչեցնում միայն նրա ստորադասները: Նախօրեին ֆրանսիական «Լիբերասիոն» թերթում հրապարակված հարցազրույցում Սահակաշվիլին ասել է, թե «Վրաստանը շատ մոտ է Ռուսաստանի հետ պատերազմին»: Վրաց-ռուսական հարաբերությունները ներկայումս սրվել են այն աստիճան, որ Սահակաշվիլին երկրի ողջ բնակչությանը կոչ է արել համակողմանիորեն նախապատրաստվել երկարատեւ առճակատման: Այս համատեքստում ուշագրավ է, որ վերջինս հավանություն է տվել պահեստազորային ուժերի ստեղծման վերաբերյալ կառավարության որոշմանը: «Մենք որոշում ենք ընդունել պահեստազորայինների ուժեր ստեղծելու մասին, որում կընդգրկվեն Վրաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն համապատասխան ֆիզիկական հնարավորություններ»,- Բաթումում կառավարության արտագնա նիստի ժամանակ հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին: «Բոլոր պահեստայինները կունենան համազգեստ, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ զենք կստանան: Սակայն զենքը ոչ մեկի ձեռքը չի տրվի: Այն կգտնվի ոստիկանության շրջանային կամ երկրամասային բաժանմունքներում»,- նշել է Վրաստանի ղեկավարը: Հետաքրքիր է, որ վերջինս ակնարկել է անգամ երկրի զինված ուժերում կին զինծառայողների ներգրավման հնարավորությունը՝ բերելով Իսրայելի բանակի օրինակը:

Ռուսաստանյան դիտորդները նշում են, որ Սահակաշվիլու այս «հարձակումների» ենթատեքստը միանգամայն հասկանալի է. այդպիսով վերջինս փորձում է վախեցնել աշխարհին անդրկովկասյան նոր՝ լայնածավալ պատերազմի հեռանկարով եւ հասնել վրաց-օսական հակամարտության միջազգայնացմանը: Արդյունքում Ռուսաստանը կզրկվեր խաղաղապահի մենաշնորհից եւ այս հարցում իր կամքը թելադրելու գրեթե անսահմանափակ հնարավորություններից: Ի դեպ, հատկանշական է, որ Սահակաշվիլու վերոհիշյալ հայտարարություններից հետո վրացական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նրան հրապարակավ պաշտպանել է, այսպես կոչված, Իչկերիայի նախագահ Ասլան Մասխադովը:

Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել