Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ»

Օգոստոս 27,2004 00:00

Նախորդ
համարում «Առավոտը» ներկայացրել էր Մեխակ Գաբրիելյանի տեսակետը իր եւ Խոսրով
Հարությունյանի «հակամարտության» վերաբերյալ: Այս հրապարակմամբ խոսքը տալիս
ենք հակառակ կողմին՝
Խոսրով Հարությունյանին:
«Ես շատ վճռական եմ տրամադրված. այս իրադարձությունների հետ առնչություն ունեցող բոլոր անձինք, ովքեր խախտել են օրենքը, զանցանք են թույլ տվել, խուլիգանություն են արել, հովանավորել են՝ ուղղակի կամ անուղղակի, պատասխանատու են լինելու օրենքի առջեւ: Եվ այդ ամենը ես անելու եմ հրապարակավ, հանրության համար ընկալելի, որպեսզի ոչ ոքի մոտ կասկածներ չմնան»,- գազալցակայանի շուրջ առաջացած Խոսրով Հարությունյան- Մեխակ Գաբրիելյան՝ արդեն երկու ամիս ձգվող հրապարակային վեճի առիթով երեկ իր կարծիքը հայտնեց նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը: Այս առիթով մամուլում տեղ գտած լուսաբանումները պարոն Հարությունյանը մի ողջ շղթայի վերջին հատվածն է համարում: Իսկ իրականությունն, ըստ նրա, տրամագծորեն հակառակն է: Պարոն Հարությունյանի մատուցմամբ, շուրջ երկու տարի առաջ իր «դուռն է եկել» 1995 թվականի համատեղ պատգամավորական գործունեությունից իրեն ծանոթ Մեխակ Գաբրիելյանը: Նա խնդրել է օգնել գազալցակայանի շինարարության եւ գործարկման, ապա առաջարկել մասնակցություն ունենալ սարքավորումների հայթայթման եւ տեղադրման գործում: Արդյունքում ձայնաբաժինները բաշխվում են՝ 50 տոկոս Գաբրիելյանների ընտանիքին, 25-ական՝ Խ. Հարությունյանին եւ երրորդ գործընկերոջը: Մ. Գաբրիելյանը խնդրում էր նաեւ, որպեսզի գործադիր տնօրեն նշանակվի իր որդի Սարգիսը: Դեմ լինելով փայատիրոջ՝ նաեւ գործադիր տնօրեն լինելուն, որը բարդացնում է ներքին հսկողությունն ու հակակշիռներ ապահովելը, փայատերերն, այդուհանդերձ, համաձայնում են: Մի քանի ամիս անց տեղի է ունենում Խ. Հարությունյանի համար առաջին եւ անսպասելի միջադեպը՝ իրենց ներկայացուցիչը, որը ունեցել է փոխտնօրենի կարգավիճակ, ներկայացել է ծեծված եւ պատառոտված հագուստով, տեղեկացրել, որ Մեխակի տղաներն են իրեն քաշքշել՝ անհասկանալի պատճառներով: Մ. Գաբրիելյանն ինչ-որ պարզաբանումներ է տվել, եւ այդքանով միջադեպը հարթվել է: Անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից նոր որակներ են ստանում փայատերերի ներկայացուցիչների նկատմամբ արժանապատվությունը նսեմացնող դրսեւորումները: Մասնավորապես՝ «մենք առավոտից իրիկուն աշխատում ենք, բա դուք ո՞վ եք, ի՞նչ եք անում, ի՞նչ կարգավիճակ ունեք, որ փող եք ստանում» եւ այլն:

Այդ ժամանակ Խ. Հարությունյանը հանդիպում է ունենում Սարգիս Գաբրիելյանի հետ եւ բացատրում փայատերերի իրավունքներն ու կարգավիճակը: Զրույցի արդյունքում 2,5 անգամ բարձրացվում է տնօրենի աշխատավարձը, սակայն «հակառակորդների» նկատմամբ վերաբերմունքը նոր որակներ է ստանում: Խախտում կատարելու համար աշխատանքից Խ. Հարությունյանի առաջարկով ազատվում է իր իսկ քեռու որդին, որին Մ. Գաբրիելյանի որդիները ճանապարհում են ծեծով: Հետո փորձում են խախտել աշխատանքի նշանակումների մասին փայատերերի նախնական պայմանավորվածությունները: Սույն թվականի հունիսի 23-ին Խ. Հարությունյանին է զանգահարում Սարգիս Գաբրիելյանը՝ «ձեր այսինչ խնամուն այսինչ ձեւով ճանապարհեցինք, հիմա էլ դու արի, քո հարցերը լուծենք»: («Այսինչն» ու «այնինչը», բնականաբար, հայհոյանքներ էին): Փոխտնօրեն-խնամու ծեծի առիթը լինում է ինչ-որ շարժիչ, որը շատ հոսանք է խլում: Նպատակը, ըստ Խ. Հարությունյանի՝ «ինչ-ինչ ձեւերով մեզ բիզնեսից դուրս մղելն է»: Միջադեպից հետո Մ. Գաբրիելյանի տղաների հետ հանդիպում է ունենում իրական փայատերը՝ Խ. Հարությունյանի որդին: «Տղաս փորձում է ճշտել՝ ինչումն է բանը: «Արա, գնա հորդ բեր՝ ասեմ»,- պատասխանում են Մ. Գաբրիելյանի տղաները: Լեզվակռիվը վերածվում է հրմշտոցի: Ձայներից ներս են վազում լցակայանի աշխատողները՝ փայտերով, որոնք իրենց բարեկամներն են, «սպանեք, սատկացրեք սրանց», մատնանշելով տղայիս եւ ընկերոջը՝ պատվիրում են նրանք: Մի կերպ է հաջողվում դուրս պրծնել: Ամբողջությամբ արյունոտված, քիթը, հոնքը վնասված»,- պատմում է Խ. Հարությունյանը: «Համագործակցությունն այլեւս անիմաստ էր, ես ուզում էի ամեն ինչ հանդարտեցնել ու վաճառել փայաբաժինս: Միգուցե սխալ չէր լինի այդ ժամանակ դիմել ոստիկանություն: Բայց գործարար կյանքը ունի իր չգրված կանոնները: Մարդ երբեք իր գործընկերոջը չի տանի դատարան: Ինձ չէին հասկանա, ես այլ բիզնեսներ ունեմ, գուցե այդպիսի քայլը անվստահելի մարդու տպավորություն առաջացներ: Որոշեցի Մեխակի հետ ամեն ինչ պարզել»,- շարունակում է մեր զրուցակիցը:

Երկար համոզելուց հետո Մ. Գաբրիելյանի հետ հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվում: Այդ ընթացքում շարունակվում են վերջինիս որդիների «հաշիվ մաքրելու» առաջարկները: Իրար հաջորդած երեք հանդիպումների ընթացքում Մ. Գաբրիելյանը Խ. Հարությունյանի փայաբաժինը գնելու առաջարկ չի անում, ավելին՝ առաջարկում է ամեն ինչ թողնել նույնությամբ, ինքն էլ երաշխավոր է կանգնում, որ իր որդիներն այլեւս իրենց լկտի չեն պահի: Համաձայնությունը կնքվում է պայմանով, որ կրկնվելու դեպքում Խ. Հարությունյանը ազատ է իր մասնաբաժինը վաճառելու մեջ: Այնուհետեւ Խ. Հարությունյանի՝ տղաներին հաշտեցնելու առաջարկը Մ. Գաբրիելյանը դժվարությամբ է ընդունում: Ու վերջինիս բազմազբաղ լինելու պատրվակով հաշտեցումն այդպես էլ չի կայանում: Երեք օր հետո փայատերերի հերթափոխի նկատմամբ վերսկսվում են սպառնալիքները: «Կամ Մեխակն իմ գլխի տակ փափուկ բարձ էր դրել, կամ չէր տիրապետում իրավիճակին, կամ դրդում էր: Ես հակված եմ վերջին տարբերակին: Այդ ժամանակ ես իմ փայաբաժինը վաճառեցի Թեւոս Սաֆարյանին: Մինչ առքուվաճառքի ձեւակերպումը նրան տրամադրեցինք մասնակցի լիազորագիր,- պատմում է մեր զրուցակիցը:- Այդ մասին տեղեկացրեցինք Գաբրիելյաններին: Ի պատասխան, Մեխակն ասաց, որ իրենք էլ մտադիր են իրենց բաժինը վաճառել: Հաջորդ օրը Թեւոսին ուղեկցեցի լցակայան՝ ծանոթացնելու մյուս գործընկերներին: Մեխակի տղաները ըմբոստացան, ես բացատրեցի, որ իրենց՝ դեմ լինելը նշանակություն չունի, եւ քանի որ շտապում էի՝ դուրս եկա: Այդ պահին իմ հասցեին հայհոյանք լսեցի, ջերմուկի դատարկ շշով մեքենային հարված, բայց նշանակություն չտվեցի: Գառնիից վերադարձել եմ երեկոյան ու տեղեկացել դեպքի մասին: Իմ բացատրություններում գրել եմ մի կարեւոր բան, որում հիմա համոզված եմ. եթե այդ անձը չլիներ Թեւոս Սաֆարյանը, լիներ ցանկացած մեկը՝ նույն բանը տեղի էր ունենալու: Հաղթելու էր նա, ով ուժեղ կգտնվեր: Հերթափոխում բոլորն իրենց հարազատներն էին: Բոլոր մեղադրանքները, որոնք հնչեցին իմ հասցեին՝ պատասխանները պիտի տրվեն: Նրանք միտումնավոր չեն խոսում այն մասին, որ որդուս ծեծի առիթով քրեական գործ է հարուցվել եւ այժմ նախաքննություն է ընթանում: Ի դեպ, սկզբում իրենք հրաժարվում էին, թե նման բան է եղել, այժմ հայտնվել է Մեխակի տղայի հետ ծառայած ոմն Կարեն եւ մեղքը վերցրել իր վրա: Եթե Թեւոսին, Օհանին, Հարությունին մեղադրում են խուլիգանության մեջ, որի արդյունքում հասցվել է մարմնական վնասվածք, ապա այս փաստի կապակցությամբ որակումը հետեւյալն է. մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ խուլիգանական արարք»:

Թե ի՞նչ կապ կար Թ. Սաֆարյանի եւ Խ. Հարությունյանի միջեւ՝ վերջինս պատասխանեց. «Նախ ես կարող էի իմ մասը վաճառել ցանկացած մեկին, այդ թվում՝ Թեւոսին: Ես նրան ճանաչում եմ որպես բիզնեսմեն: Եթե բոլորը բորբոքված ասում են, որ նա վտանգավոր է հասարակության համար, ինչո՞ւ է նա ազատության մեջ: Նա դատված չի եղել: Մինչդեռ այս մարդիկ, որոնք երբեւէ օրգանների հետ առնչություն չեն ունեցել, հոգեբանությամբ ավելի կրիմինագեն են: Եվ իրենք, եւ իրենց ոգեւորողները միտումնավոր գնում են հանցագործությունների»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել