Առաջին շրջանավարտները Օգոստոսի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Տերնոպոլի պետական ժողովրդական տնտեսության ակադեմիայի երեւանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին հանդիսավոր արարողությամբ հանձնվեցին ավարտական դիպլոմներ՝ տրված Ուկրաինայի կրթության եւ գիտության նախարարության կողմից, որը ճանաչվում է աշխարհի 82 երկրում: Երեւանյան մասնաճյուղը Ուկրաինայի կողմից ստեղծված միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն է Հարավային Կովկասում, որը հիմնադրվել է 2001-ին եւ որի տնօրեն է նշանակվել Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Մարդ, որին բնութագրելու համար խոսքեր գտնելն անհնար է, մեծ հայրենասեր, որը 20 տարի ապրելով Ուկրաինայում եւ զբաղեցնելով բարձր պաշտոններ, թողել է այս ամենը, վերադարձել հայրենիք եւ կատարում է սուրբ գործ՝ ստեղծելով կրթական օջախ, որը հանդիսանում է գիտական եւ մշակութային կամուրջ հայ եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ: Պարոն Ղուդրատյանը հավատացած է, որ բուհի որդեգրած սկզբունքները՝ գիտական բարձր մակարդակի ապահովում, մշակութային արժեքների գնահատում, անսահման սեր հայրենիքի եւ լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ՝ կյանքի են կոչվել: Առաջին շրջանավարտներին շնորհավորելու էին եկել Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Տիագլոն, Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը, Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դմիտրովը, Բելառուսի դեսպանի խորհրդական Ալեքսանդր Սոլովյովը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության աշխատակիցներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ եւ այլ պատվավոր հյուրեր: Շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու պատվավոր պարտականությունը ստանձնեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Վ. Տիագլոն: Մասնաճյուղի տնօրեն Ս. Ղուդրատյանը եւ դեսպան Վ. Տիագլոն, ամենաջերմ խոսքերով եւ շնորհավորանքներով շրջանավարտներին հանձնեցին նրանց կյանքի «արծաթե բանալիները», ինչպես հենց իրենք նշեցին իրենց երախտագիտության խոսքը հայտնելիս՝ մասնաճյուղի տնօրինությանը եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Նրանք խոստացան, որ ուր էլ գնան, որտեղ էլ աշխատեն եւ ինչ պաշտոն էլ զբաղեցնեն, երբեք չեն մոռանա իրենց հարազատ բուհը եւ հատկապես մասնաճյուղի տնօրենին, որից սովորեցին ամենակարեւորը՝ պատասխանատվության զգացումը: Շրջանավարտներին ողջունեցին եւ շնորհավորեցին ԱԺ պատգամավորներ Արտակ Առաքելյանը, Հովհաննես Մարգարյանը, մասնաճյուղի աշխատակիցները եւ ուսանողները: Երեւանյան մասնաճյուղը շարունակում է 2004/2005 ուստարվա ընդունելությունը՝ առկա եւ հեռակա կրթաձեւերով: Մասնաճյուղի հասցեն՝ ք. Երեւան, Ավան, Աճառյան 31: Հեռ. 62.29.69, 62.29.59, 61.59.95, 61.22.02: R