«Ընդդիմությունը ելք չի տեսնում» Սակայն Արշակ Սադոյանը դեմ է անկումային տրամադրություններին Օգոստոսի 16-ին Ազգային ժողովրդավարների դաշինքը խորհրդարան է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների իր տարբերակը: Հիշեցնենք, որ այն ենթադրում է իշխանական համակարգի արմատական փոփոխություն՝ երաշխիքով, որ Ռոբերտ Քոչարյանը այլեւս չի առաջադրի իր թեկնածությունը: Իսկ այդ ժամանակահատվածում կարգուկանոնի երաշխավորը, ըստ ԱԺԴ172ի, լինելու են մարտնչող ժողովրդավարների ջոկատները՝ բիլակակռվի պատրաստ տղաները: Երեկ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արձագանքներ է գտել իր կուսակցության՝ սահմանադրական բարեփոխումների առաջարկը: Ի զարմանս մեր զրուցակցի, առաջին արձագանքները եղել են կոալիցիոն ճամբարից: Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների շուրջ համատեղ աշխատելու առաջարկը հենց խորհրդարանական մեծամասնությունն է արել, որ պատրաստակամ են փոխզիջումային տարբերակների: Բայց այս հայտարարությունները, ըստ Ա. Սադոյանի, երկխոսության առաջարկի իմիտացիա են միայն: Օգոստոսի 6-ին, ԱԺԴ համագումարից մեկ շաբաթ անց, կոալիցիան ներկայացրեց բարեփոխումների իր տարբերակը, որում, ըստ պրն Սադոյանի, շատ հարցեր նույնիսկ փոխհամաձայնեցված չէին: Ուստի, ի պատասխան այդ իմիտացիաների, ազգային ժողովրդավարներն ամառային հանգստի թանկագին ժամանակն օգտագործել են սահմանադրական փոփոխությունների իրենց տարբերակն առաջարկելու վրա: «Ցավոք, պետք է ասեմ, որ կոալիցիայի ներկայացուցիչները զգալով վտանգը՝ նույնիսկ այս շոգ օրերին են փորձում ակտիվացնել իրենց գործունեությունը՝ գոնե այս ոլորտում: Նույնը չի կարելի ասել ընդդիմության մասին: Բնական է, որ շատերի մոտ վհատություն, անկումային տրամադրություններ են՝ թե այս բիրտ ուժի հետ ոչինչ անել հնարավոր չէ, նույնիսկ մասնակի խուսափման դեպքեր կան: Մարտնչող ժողովրդավարների խմբերի ստեղծման խնդիրը շատ ինտենսիվ աշխատանք է պահանջում, դժվարություններ, լարվածություն»,- ասաց Ա. Սադոյանը: Համենայնդեպս, նա շարունակում է հույսեր կապել իր դաշնակիցների հետ: Լուրջ ակնկալիքներ ունենալով ուրբաթ օրը կայանալիք «Արդարություն» դաշինքի նիստից՝ նա կարծում է, որ առաջիկայում քաղաքական պայքարի մթնոլորտը կշիկանա: «Ընդդիմությունը որոշակի իմաստով նույնիսկ դատապարտված էր պասիվության,172 նկատեց ԱԺԴ ղեկավարը,172 իշխանավորները շատ պարզ ասացին՝ եթե տղամարդ եք, եկեք հրացանակռվի: Ընդդիմությունն էլ հասկանում է, որ չարժե գործը հասցնել քաղաքացիական բախումների: Ուստի բնական է, որ պայքարի ճանապարհի ընտրության խնդիրներ կան: Գաղափարներն էլ, ցավոք, չեն թեւածում: Այսինքն՝ ոչ թե արձակուրդներ են, գնանք հանգստանանք, այլ ելք չտեսնելու արդյունք է սա»: Սադոյանը, ի դեմս սահմանադրական փոփոխությունների, առաջարկում է շարունակել պայքարը: Եվ ի հեճուկս անկումային տրամադրություններ ունեցող գործիչների, գտնում է, որ «21-րդ դարում լուրջ չէ նստել-սպասել, որ երկնքից Սասունցի Դավիթ իջնի ու մեզ փրկի, մենք պետք է կազմակերպենք համաժողովրդական պայքար հանուն պետության ու պետականության ու խնդիրը լուծենք մինչեւ 2005 թվականի վերջը»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ