Ջոկողություն
Երեկ ԿԳ նախարար Ս. Երիցյանը ստորագրել եւ բուհերի ռեկտորներին է հանձնել արդեն ուսանող դարձած դիմորդների ցուցակները: Հանրապետական ընդունող հանձնաժողովի ամփոփիչ նիստին նախարարը հանձնարարել է կանչել միայն «Հայլուրին»՝ «փաստն արձանագրելու»: Նիստի վերջում մի կերպ ներս էին խցկվել նաեւ «Շանթի» ու «ԱԼՄ»-ի թղթակիցները:
Հիշենք՝ անցյալ տարի այս արարողությունը նախարարը բավական մեծ շուքով նշեց՝ հրավիրելով բոլոր լրատվամիջոցներին ու շնորհակալություն հայտնելով՝ քննություններին նրանց մասնակցության համար: Այս տարի, սակայն, արհամարհված են ոչ միայն լրագրողները: Մեր տվյալներով, նախարարը ողջ քննաշրջանում Հանրապետական ընդունող հանձնաժողովի ոչ մի նիստ չի հրավիրել, ընթացիկ որեւէ հարցի շուրջ հանձնաժողովի հետ քննարկում չի անցկացրել, որոշումները կայացրել է միանձնյա, աշխատել է ուղիղ հաշվիչ կենտրոնի հետ՝ առանց «ավելորդ» միջնորդների:
Իսկ երեկվա նիստում նախարարը փորձել է բացատրել, թե ինչպես պատահեց,
որ ընթացիկ վատ ցուցանիշներից հետո հանկարծ անցողիկ միավորների անակնկալ
բարձրացում եղավ: Նա, ինչպես փոխնախարար Արա Ավետիսյանը «Առավոտին» տված
հարցազրույցում, բացատրել է, թե բարձր շեմը ձեւավորվել է հիմնականում անգլերենի
ու հայերենի քննությունների բարձր արդյունքներից: Իսկ այս առարկաների բարձր
արդյունքներն էլ արդեն մի քանի տարի նույն շտեմարանից վարժվելու եւ անգիր
անելու արդյունք է: