Երեկ պոլսահայ գրող, «Մարմարա» հասարակական, քաղաքական թերթի խմբագիր Ռոպեր Հատտեճեանը գրողների տանը ասուլիս էր հրավիրել՝ բանախոսելու հայ-թուրքական հարաբերությունների մասին:
«Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքական գիտություններու մասնագետ ալ չեմ, բայց մեկն եմ, որ ապրած է Թուրքիո մեջ եւ այդ երկրի դժվարություններն իր մորթու վրա շատ լավ զգացած է, դրա համար էլ ուզեցա հենց այս թեմայով խոսել»,- ասաց պրն Հատտեճեանը: Ներկաներին բացատրելու համար, թե «հոն ինչպիսի՞ հայություն կա», նա նշեց այն ընդհանուր տարբերությունները, որոնք ինքը տեսնում է «թուրք-հայ» եւ «Թուրքիա-Հայաստան» հասկացություններում. «սրանք շատ տարբեր բաներ են, եւ կա սրանց երրորդ երեսակը՝ Թուրքիո մեջ ապրած հայերը, որոնց վրա պետք է կանգ առնել»:
Ռ. Հատտեճեանն այն կարծիքին է, թե թուրք եւ հայ ժողովուրդների մեջ անհատական ջերմ հարաբերություններ կան: «Եթե նրանց մեջ ընդհանրապես թշնամություն էլ կա, ապա միայն պետական մակարդակի է: Եվ ասել, որ Թուրքիո եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, խաբեություն կլինի»: Հիմնավորելով իր այս տեսակետը՝ նա ասաց, որ նույնիսկ «բոլոր այստեղ եկող թուրքերը կզարմանան քաղաքական այն ջերմ ընդունելութենեն, որ կտեսնին հոս»: Պարզվում է՝ գրողին Թուրքիայում շատ բաներ են դուր գալիս եւ ուրախացնում՝ կապված հայ ժողովրդի հետ. «Ուրախանում եմ, որ հայկական սավառնակը (ինքնաթիռը-Հ. Ջ.) օրական 4 անգամ կը երթեւեկե, որ հայերու համար այնտեղ արգելքներ չկան: Ասում են, թե Թուրքիայում ոստիկանները հարցնում են ազգությունդ, եթե հայ ես լինում, անմիջապես ետ են ուղարկում, բայց նման բան չկա»: Ռոպեր Հատտեճեանը պատմեց նաեւ, որ իրենք «ինչքան լավ կազմակերպված հայկական կյանքով կապրեն հոն», թե մեր բանաստեղծություններն այսօր շատ ավելի լավն են, քան թուրքերինը: Հպարտացավ նաեւ այն փաստով, որ Թուրքիայի մեջ մենք թեեւ փոքրամասնություն ենք, բայց ունենք դպրոցներ, եկեղեցիներ, մինչդեռ «քուրդերը արյուն կհոսեցնեն փոքրամասնության կոչման համար»: Երբ նա խոսում էր այս ամենի մասին, մի խումբ պոլսահայեր, որոնք ինչպես հետո պարզվեց՝ երկու անգամ ծայրեծայր անցել էին Թուրքիան եւ շատ լավ տեղյակ են, թե ինչպես են վերաբերվում այնտեղ հայությանը, բղավեցին, թե «այս ի՞նչ կեղծ քաղաքականություն է, օրը ցերեկով սուտ կխոսիս, շատ տարածվեցար արդեն»: Թեեւ այս կոչերին Ռ. Հատտեճեանը չարձագանքեց, բայց ելույթից հետո պատասխանեց միայն նրանց հարցերին: Պոլսահայերից մեկն ասաց, որ իրենց ստացած տպավորությունները բացարձակ տարբերվում են գրողի կարծիքից, քանի որ այնտեղ նույնիսկ հայկական դպրոցների տնօրենները հայ չեն: Ռ. Հատտեճեանը հերքեց դա. «Հայ են, բայց փոխտնօրենները բոլորը թուրք են: Ճիշտ է, փոխտնօրեն անվան տակ երկրորդ տնօրեն կա, որը կհակակշռի դպրոցի մեջ կատարած աշխատանքները: Բայց վերջին տարիներին շատ բան փոխված է, եւ այսօր մեզ անհանգստացնող փոխտնօրեն կարելի է տեսնել մեկ-երկու դպրոցներում միայն»: Սակայն որպես խնդիր գրողը նշեց հետեւյալը. «Հայկական դպրոցներում դասավանդելու համար հայ ուսուցիչները պետք է ունենան թուրքական ուսուցչանոցի վկայական»,- ասաց նա:
Բարկացած պոլսահայերի խմբից մեկը դարձյալ կարծիք հայտնեց, թե՝ «ոչ Անիի, ոչ Աղթամարի վրա ոչ մեկ հայերեն բառ չկա գրված: Գոնե որեւէ դպրոցի վրա գրեն ոչ թե հայկական դպրոց, այլ՝ հայերը սա կառուցած են, բայց չկա նման բան: Այնպես որ այստեղ պնակալեզություն մի ընեք»: Գրողը նրան պատասխանեց. «Ես այստեղ թուրքերին պաշտպանելու համար չէ, որ եկած եմ: Ես չըսի՝ թուրքերը բարյացակամ վերաբերմունք ունին մեր նկատմամբ, բայց մենք պարտավոր ենք հոն մնալ, ապրել, որովհետեւ եթե անոնք գետնին վրա ունին հարստություններ, մենք ալ գետնին տակ ունինք»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ