Ողջ
ամառ Զեյթուն ուսավանի նախկին 8-րդ մասնաշենքի շուրջ 150 ընտանիք ապրում
է առանց մի կաթիլ ջրի։
Անցյալ տարվա գարնանից շենքը կառավարության որոշմամբ կրթության եւ գիտության նախարարության հաշվեկշռից անցել էր Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ենթակայությանը։ Դա ենթադրում էր, որ բնակելի շենքի կարգավիճակ ստացած կիսավեր մասնաշենքում աստիճանաբար պետք է կարգավորվեին կոմունալ պայմանները, փոխվեին ջրագծերն ու լուծվեր աղբահանության հարցը։ Սակայն փորձեք այսօր այցելել մասնաշենք։ Մուտքից սկսած գարշահոտը խեղդում է կոկորդդ։ Տպավորությունն այն է, թե մտել ես ոչ թե բնակելի տարածք, այլ հանրային զուգարան, այն էլ խորհրդային ժամանակների։ Պատճառն այն է, որ վերջին երեք ամիսներին 7 հարկանի շենքը բացարձակապես ջուր չի ստանում։ Բացի այդ, երկու ամսից ավելի է, ինչ չի դատարկվում աղբատար խողովակը, եւ բնակիչները ստիպված աղբի տոպրակները շպրտում են շենքից դուրս, աղբատարի տակ։ Այստեղ յուրաքանչյուր 18 քառ. մետր մակերեսով սենյակում ապրում է միջին հաշվով 3 շնչով ընտանիք։
Լույսը բացվելուն պես տղամարդ ու կին, զինված շշերով, դույլերով ու զանազան տարաներով, շտապում են ջուր հայթայթելու։ Մի մասը հերթի է կանգնում հարեւան մասնաշենքի մոտ՝ 1 շիշ խմելու ջուր լցնելու հույսով։ Ավելի տոկունները կտրում են 150 մետր ճանապարհ՝ բենզալցակայանի ցայտաղբյուրից ջուր վերցնելու։ Ժամանակ առ ժամանակ բախտը ժպտում է եւ կարելի է 3 ժամ հերթ կանգնելով, կռիվ-ղալմաղալով ջուր վերցնել առաջին հարկի Մարիամի տան ծորակից։ Այս բացառիկ հոսքագիծն էլ թերեւս արդյունք է ինչ-որ տեղում պայթած մի խողովակի: Բարեբախտաբար վթարը վերացնող չկա։ Բնակիչների բողոքներին թաղապետարանում պարբերաբար պատասխանել են՝ «սպասեք, նոր ջրագիծ ենք անցկացնելու»։ Հին ջրագիծը փակված է, որովհետեւ այն հոսում էր ուսանողական ավանի 5-6 մասնաշենքերից, որտեղ այժմ նորոգումներ են եւ բնակիչ չկա։
Անցած մեկուկես տարվա ընթացքում թաղապետարանն իր գոյությունը զգացնել է տվել միայն բնակիչների մասին փաստաթղթեր հավաքելով, մարդկանց սենյակից սենյակ տեղափոխելով կամ «գրաված» երկրորդ սենյակներից արտաքսելով։ Մեկ ամիս առաջ էլ մի կնոջ փորձում էին սենյակից վտարել։ Վերջինս դիմադրություն ցույց տվեց։ Արդյունքը եղավ այն, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները գետնատարած քարշ տվեցին նրան երկար միջանցքով, իբր «բաժին» տանելու նպատակով։ Ուշաթափված կնոջը ոստիկաններից փրկել են հարեւանները։
Սենյակային խնդրից դուրս թաղապետարանի ներկայացուցչությանը ոչինչ չի հետաքրքրում։ Մեկ-երկու շաբաթ առաջ համայնքը սպասարկող ջրմուղ-
կոյուղուց փորձեցինք տեղեկանալ, թե ինչպես է լուծվելու ջրի խնդիրը։ Պատասխանը եղավ, թե թաղապետարանի հետ համատեղ փորձում են նոր ջրագծի հարց լուծել։ Իսկ արդյունքը՝ ջրագիծը հասավ շենքի բակ եւ կանգ առավ։ Օգտվել դրանից չի կարելի՝ հոսքն ուժեղ է, խողովակն էլ՝ զմռսած։ Գոնե ժամանակավորապես դրա վրա մի աղբյուր դնեին։ Դա էլ չեն անում, ջրագիծը շենք մտցնել նույնպես չեն շտապում։ Շենքի բոլոր հարկերում զուգարաններն ընդհանուր են։ Բնակիչները դրանք լվանում են տանը հավաքած կեղտաջրով։ Ավելի մանրամասնելու կարիք չկա։ Որքան կշարունակվի համաճարակի աղբյուր այս իրավիճակը՝ ոչ մեկին պարզ չէ։
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Հ. Գ. Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Ռուբեն Սինոյանը վերջին մեկ
տարում շարունակ արտերկրում է՝ մասնակցում է համայնքային զարգացման զանազան
ծրագրերի։ Կատարելագործում է թաղապետի իր հմտությունները: