ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
Հանրահավաքային ընդդիմության երրորդ ուժը՝ Հայաստանի կոմունիստական
կուսակցությունը, դեմ է, որ ընդդիմադիր պատգամավորները Ազգային ժողովում
շարունակեն աշխատանքները: «Նրանք բարոյական իրավունք չունեն ԱԺ վերադառնալու,-
«Առավոտի» հետ զրույցում ասաց կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ
Ռուբեն Թովմասյանը,- որովհետեւ վերադառնալով՝ նրանք կապացուցեն, որ պայքարը
ժամկետի մեջ ծրագրված գործողություն էր ընդամենը, որն ավարտվեց գարնանային
փուլով:
Մենք գիտենք, թե ովքեր են ԱԺ-ում նստած ժողովրդի անունից կոճակներ սեղմում: Ընդդիմությունը մեկընդմիշտ կհեղինակազրկվի, եթե վերադառնա խորհրդարան: Մեծամասնությունը իր գործը կանի, իսկ ձեւի համար «այո» կամ «ոչ» կոճակներ սեղմելը ժողովրդին նպաստ չի բերի»: Իսկ ի՞նչ պետք է անել: Այստեղ կոմկուսը եւս ապավինում է նախագահի ու կառավարության խոհեմությանը: Պրն Թովմասյանը գտնում է, որ ապրիլյան դեպքերից, որոնք հիմնականում նախագահի խղճին են նստած, իշխանությունները պետք է լուրջ հետեւություններ անեն եւ ինքնակամ հեռանան: Դիտարկումը, թե այդ դեպքերը ապացույցն էին նրա, որ իշխանությունները չեն պատրաստվում խոհեմ լինել՝ անդրդվելի թողեց թիվ մեկ կոմունիստին:
Ամառային շրջանում բազմիցս լինելով հանրապետության մարզերում՝ պրն Թովմասյանին խորապես մտահոգում է հանրապետությունում օրեցօր ծանրացող սոցիալական իրավիճակը: Հատկապես՝ իշխանությունների «դոլարային աֆյոռայից» հետո: Կոմկուսի ղեկավարը հարցեր էր հնչեցնում եւ պատասխան տալիս. «Սրա վերջը ի՞նչ պետք է լինի, ո՞վ է վերջնականապես ասելու՝ վերջ տվեք այս թալանին, երկիրը կողոպտելուն, մարդկանց աղքատությունը խորացնելուն. եւ ոչ մեկը չի ասելու»,- հետեւեց պատասխանը: Այս համատեքստում նա գտնում է, որ ընդդիմության միակ լուրջ քայլը կլիներ ժողովրդին դեպի հաղթանակ ուղղորդելը, բայց՝ առանց զենքի: «Այսօր մարդիկ բարկացած են նաեւ ընդդիմության դեմ, որ չեն առաջնորդում»,- ասում է պրն Թովմասյանը:
Ն. Գ.