Լրահոս
Օրվա լրահոսը

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

Օգոստոս 26,2004 00:00

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

«Հաշվի առնելով քաղաքական պայքարի անցած փուլը, 2004 թվականի առաջին
կիսամյակի զարգացումներն ու արդյունքները, եթե ընդդիմությունը չվերադառնա
խորհրդարան, կարծում եմ՝ այդպիսով կստորագրի իր մահապատիժը»,- ի պատասխան
«Առավոտի» հարցի՝ ԱԺ աշնանային նստաշրջանին ընդդիմությունը պե՞տք է վերադառնա
խորհրդարան, այսպիսի կարծիք հայտնեց ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը:

Հիմնավորելով ասվածը՝ նա հավելեց. «Այլապես հանրությունը քաղաքական այդ ուժերից այլեւս ակնկալիքներ չի ունենա: Իսկ դա յուրաքանչյուր ուժի համար մահ է»: Ինչ վերաբերում է իշխանական ճամբարից հնչած՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու սպառնալիքներին՝ «Այդ քաղաքական մոտեցումը անհիմն է: Քաղաքական բոյկոտը գործադուլ չէ, այլ քաղաքական պայքարի ձեւ, որն ունի իր դրսեւորումները, այդ թվում՝ չմասնակցել նիստերին: Արդյունավետ էր դա, թե՝ ոչ, այլ հարց է: Մանդատների մասին ընդհանրապես չպետք է խոսել: Մանավանդ որ մենք նախադեպ ունեցել ենք: 1996-98 թվականներին քաղաքական փոքրամասնությունը խորհրդարանում չէր, բայց որեւէ անդրադարձ չեղավ մանդատներից զրկելուն: Լուրջ քաղաքական գործիչը իրեն չպետք է թույլ տա նույնիսկ անդրադառնալ այս խնդրին»,- գտնում է Խ. Հարությունյանը:

Այնուամենայնիվ ՔԴՄ նախագահը հորդորում է քաղաքական փոքրամասնությանը՝ «չկոմպլեքսավորվել նախկինում ընդունած որոշումներից, որովհետեւ քաղաքական պայքարը բազմազան եղանակներ ու միջոցներ ունի: Հատկապես, որ առջեւում սահմանադրական բարեփոխումների եւ «Ընտրական օրենսգրքի» քննարկումներն են: Ի վերջո, քաղաքական պայքարը երկխոսություն է, ոչ թե լոկ առճակատում, որը ոչ մի լավ բանի չի տանի: Ովքեր հորդորում են ընդդիմությանն ավելի կոշտ դիրքորոշում ունենալ՝ արջի ծառայություն են մատուցում նախեւառաջ հանրությանը»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել