Իրավապահ
մարմիններն այս անգամ բավական օպերատիվ արձագանքեցին «Ֆոտոլուրի» թղթակից
Մխիթար Խաչատրյանի նկատմամբ Ծաղկաձորում կատարված հարձակմանը:
Մամուլի հրապարակումների հիման վրա գործ հարուցվեց, ընդ որում՝ ոչ թե Կոտայքի, այլ միանգամից հանրապետական դատախազությունում: Գործը վարում է պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Հայկ Մարգարյանը: Երեկ Մխիթար Խաչատրյանը հրավիրվել էր բացատրություն ներկայացնելու, սակայն հրաժարվել դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց: «Ես դատախազությունում պատմեցի այն ամենը, ինչ կատարվել է,- պատմեց լուսանկարիչը:- Քննիչները պնդում էին, որ գնամ դատական բժշկի մոտ, ես հրաժարվեցի՝ հետագա քաշքշուկներից խուսափելու համար: Ես չեմ ցանկանում ընդհանրապես գործ ունենալ ո՛չ այդ տղաների, ո՛չ էլ որեւէ մարմնի հետ: Նրանք խոստացան, թե կվերադարձնեն իմ չիպը: Եվ աղմուկը միայն նրա համար է, որ դրանք եւ դրանց տերերը խելքի գան ու հասկացնեն իրենց շներին, թե այդպես չի կարելի վերաբերվել մարդկանց»: Որքան մեզ հայտնի է՝ այսօր քննչական խումբը մեկնելու է Ծաղկաձոր՝ տեղում գործի հանգամանքները պարզելու համար:
Գործի ընթացքով հետաքրքրվել է նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Իսկ լրագրողները ծրագրում են զանազան գործողություններ: Ասենք՝ բացառված չէ, որ, անկախ քաղաքական կողմնորոշումներից, մի շարք լրատվամիջոցների թղթակիցներ առաջիկա օրերին մեկնեն Ծաղկաձոր ու նույն «երթուղով» անցնելով՝ նկարահանեն ամառանոցների առջեւ ընկրկող անտառը:
Ի դեպ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ այս թեմայի շուրջ առաջիկայում ներկայացնելու ենք բնապահպանական համակարգի պատասխանատուների պարզաբանումները: Ուստի բոլոր նախադրյալները կան, որ կատարենք լրագրողի վրա ձեռք բարձրացրած պահնորդների տերերին տրված խոստումը, թե բռնություն գործադրելով՝ այս պատմությունը բնավ չի ավարտվելու, ընդհակառակը՝ սկսվելու է:
Ա. Ի.