Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարձր» մրցույթ եւ ցածր մակարդակ

Օգոստոս 25,2004 00:00

«Բարձր» մրցույթ եւ ցածր մակարդակ Փոխնախարար Արա Ավետիսյանը փորձում է բացատրել ընդունելության քննությունների այս հակասությունը: Այս տարի, անցյալ տարվա համեմատ, ընդունելության քննությունների մասնագիտական մրցույթների անցողիկ բալերն ակնհայտորեն բարձրացել են: Եթե թվային այդ ցուցանիշները համեմատենք ոլորտի պատասխանատուների՝ ողջ քննությունների ընթացքում արած հայտարարությունների հետ, թե այս տարի կտրուկ ընկել է դիմորդների որակական մակարդակը, ապա իրավիճակն առնվազն հակասական է: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը դա բացատրում է հետեւյալ կերպ. «Բարձր շեմը բարձր որակով չի պայմանավորված: Պետք է համեմատականներ տանենք բոլոր մնացած գործոնների միջեւ նույնպես: Օրինակ, հայոց լեզվի, անգլերենի պարագայում քննություններն անցկացվում են ժողովածուներով. այդ ժողովածուները գործում են արդեն 3-4 տարի: Այս ընթացքում պարապող ռեպետիտորներն իրենք են հմտանում ու իրենց սխալների վրա սովորում, եւ գնալով ավելի ճիշտ են սովորեցնում հաջորդ տարվա պարապողին: Այս իմաստով որակական աճ կա»: Նույնը՝ հայոց լեզվի դեպքում: Ավելին՝ այս տարի քննական տարբերակներից հանվեցին երկակիություն պահանջող առաջադրանքները, եւ, ըստ փոխնախարարի, դա զրկեց խիստ տարբերակներ ստեղծելու հնարավորությունից: Դիմորդների բողոքարկումներն ու զանազան մեկնաբանությունները սրանից իհարկե քչացել են: Սակայն, Ա. Ավետիսյանի կարծիքով, այս ձեւով դիմորդի գիտելիքների մասին ամբողջական պատկերացում կազմել հնարավոր չէ: Եթե մի քանի տարի առաջ դիմորդից պահանջվում էր սովորել ամբողջ ծրագրային նյութը, ապա հիմա դիմորդը վարժեցվում է առաջադրանքների որոշակի շրջանակի: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ անցողիկ բարձր գնահատականը եւ դիմորդների ցածր պատրաստվածությունը պայմանավորված են պարզապես մրցութային նիշերը վերջին օրերին նկարելով: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ դա այդպես չէ: «Երաշխիքը հետեւյալում է. մինչեւ հուլիսի 15-ը գործերի ընդունումն է, մինչեւ ամսի 18-ը բազային մուտքագրումների ճշգրտումն է, դիմորդների բազան էլեկտրոնային կրիչների վրա պատճենահանվում է մի քանի տարբեր տեղեր եւ պահվում: Այնպես որ, որեւէ մեկը միջամտություն անելու հնարավորություն չի ունենա, որովհետեւ միշտ կա պատճենը: Եթե ինչ-որ մեկը աճպարարություն անում է, այդ մարդը գիտի, թե դա ինչ կնշանակի»,- ասում է փոխնախարար Ավետիսյանը: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այս ամենի մեջ չկա թափանցիկություն, իսկ աճպարարության ձեւեր՝ որքան ուզեք. ի վերջո՝ ամեն ինչ իրենց ձեռքում է: Իսկ քննությունների կամ գրավորների ստուգման ժամանակ միջամտության որեւէ դեպքի առնչությամբ նա ասաց. «Գրավորների ստուգման ժամանակ միջամտության դեպքի ներկա չեմ եղել, հուշելու մասին որեւէ բողոք իմ սեղանին դրված չի, գրավոր բողոք չենք ստացել: Առանձին դեպքերը կամ կասկածամտությունը ֆոն չեն ստեղծում»: «Բացառո՞ւմ եք նախագահի վերահսկողության բաժնի աշխատակիցների արձանագրությունը, թե որոշ տետրերի վրա հատուկ նշաններ են արված եղել» հարցին պրն Ավետիսյանը պատասխանեց. «Տեսականորեն ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց կոնկրետ դահլիճում լինում են նախագահն իր տեղակալներով, ներկա են վերահսկողության բաժնի աշխատակիցները»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել