Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՎԵՑ ՄԵԴԱԼՈՎ

Օգոստոս 25,2004 00:00

Բայց՝ ոչ Աթենքի օլիմպիական խաղերից

Հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը ԱՄՆ-ում անցկացված միջազգային մանկական օլիմպիական խաղերում 4 մարզաձեւում հանդես եկած 12-15 տարեկան տասը հայ մարզիկներ Հայաստան են վերադարձել 1 ոսկե եւ 5 արծաթե մեդալով:

ԱՄՆ մեկնած խմբի ղեկավարներ Սամվել Ռոստամյանն ու Արա Գալստյանը հայ փոքրիկ օլիմպիականների հաջող մրցելույթները Հայաստանի համար մեծ նվաճում են համարում, քանի որ օլիմպիական մրցաշարերին մասնակցելու համար մարզիկներ են ընտրվել այն մարզաձեւերից, որոնց զարգացումը մեր երկրում դանդաղ է ընթանում:

Ամեն տարի Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանավորությամբ իրականացվող մանկական խաղերին Հայաստանն առաջին անգամ է մասնակցել: Խմբի ղեկավարների տեղեկացմամբ, հայ երեխաները մրցասպարեզ են դուրս եկել թեթեւ ատլետիկա, մեծ թենիս, մարմնամարզություն եւ լող սպորտաձեւերով եւ խաղերին մասնակից 140 քաղաքների 2500 մարզիկների թվում բարձրագույն արդյունքների են հասել՝ բացի լողից: Ոսկե մեդալի է արժանացել հեռացատկորդ Հայկանուշ Բեգլարյանը: Իսկ 5 արծաթե մեդալները նվաճել են հայ մարմնամարզիկները: Ա. Գալստյանը գովելի համարեց այն, որ հայ երեխաներն, առաջին անգամ միջազգային ասպարեզ դուրս գալով, անկաշկանդ մրցելույթներ են ունեցել. «Բոլոր հայ երեխաներն էլ մարզչական լավ դպրոց են անցել եւ լավ մարզավիճակում էին»:

Ա. Գալստյանի խոսքերով, ֆինանսական սուղ միջոցների պատճառով Հայաստանից ընդամենը 14 հոգանոց պատվիրակություն է մեկնել. «Թեեւ Միջազգային օլիմպիական կոմիտեն մոտ 30 մարզիկի հրավեր է ուղարկել: Հնարավորություն չունեցանք մեզ հետ տանելու նույնիսկ երեխաների մարզիչներին, որոնք մրցասպարեզ դուրս գալուց առաջ մարզիկներին կնախապատրաստեին»: Մյուս երկրների մարզիկները խաղերին ժամանել են իրենց խոհարարներով, մերսողներով եւ թիկնապահներով:

Մեկնելուց առաջ խմբի ղեկավարները ֆինանսական աջակցություն են խնդրել մի քանի ձեռներեցներից եւ կազմակերպություններից, սակայն մերժում են ստացել: Փոխարենը, Ա. Գալստյանի պատմելով, Հայաստանից մեկնած մարզական պատվիրակությունը, օդանավակայանից սկսած, արժանացել է տեղի հայկական համայնքի «ամենաջերմ ընդունելությանը»: Խմբի ղեկավարների կարծիքով, մրցասպարեզներում հայ երեխաներին ոգեւորող հանգամանքներից մեկն էլ Սփյուռքի մեր հայրենակիցների հոգատար վերաբերմունքն է եղել. «ԱՄՆ-ում Անիտա Ղազարյանի գլխավորությամբ մի խումբ սփյուռքահայեր հոգացին մեր պատվիրակության տեղափոխության, հագուստի, սննդի, թարգմանչի հարցերը, ինչի կարիքն, իրոք, կար»: Խմբի ղեկավարներն իրենց հետ հայրենիք էին բերել ամերիկյան մի շարք հեղինակավոր թերթեր, որոնցում հայ մարզիկների հաղթանակների վերաբերյալ հրապարակումներ կային: Ի դեպ, միջազգային մանկական օլիմպիական խաղերի բացմանը մասնակցել է եւ մարզիկներին քաջալերել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել