Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈՆԻ ԾԱԽՍԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԵՆ ՊԱՀՎՈՒՄ

Օգոստոս 25,2004 00:00

Երեկ
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի կազմակերպիչները Կասկադ համալիրի «Սասունցի
Դավիթ» սրահում լրագրողներին հրավիրել էին ամփոփիչ ասուլիսի:
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լիլիթ Ասատրյանը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը եւ «Ալֆաել» պրոդյուսերական կենտրոնի նախագահ Լեւոն Աբրահամյանը խոսքեր չխնայեցին գովերգելու աշխարհի տարբեր ծայրերից եկած հայ ինքնագործ խմբերի փառատոնը՝ բնականաբար ձեռնպահ մնալով թերությունները հիշելուց:

Թամար Պողոսյանը անգամ քաղաքական նշանակության առումով կարեւորեց այս միջոցառումը («գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մրցակցում են նավթն ու բնական ռեսուրսները»), նաեւ իր անունից խոստացավ տեր լինել մեր հիմնական ներուժին՝ մշակույթին ու մշտապես ամուր պահել Հայաստան -Սփյուռք կամուրջը: «Առավոտի»՝ «Եթե ուրիշի աչքերով գնահատելու լինեք ձեր կազմակերպած փառատոնը, ի՞նչ թերություններ կառանձնացնեք» հարցին ի պատասխան՝ պրն Աբրահամյանն ասաց. «Թերություններ ցանկացած գործում էլ լինում են: Մենք աշխատել ենք ընդամենը մեկ ու կես ամիս ու շատ դժվար գործ ենք արել: Պատկերացրեք,1970 մասնակից՝ 22 պետությունից: Չնայած այս ամենին, թերությունները մի քանի տոկոս են կազմում: Բայց ես շատ խստապահանջ եմ ինքս իմ նկատմամբ, հետեւաբար ոչինչ աչքիցս չի վրիպել: Օրինակ, 1970-ից մի քանիսի անունները բեյջերի (կրծքանշանի) վրա սխալ էինք տպել կամ մի տեղ ավտոբուսի պագրիշկեն էր տրաքել ու խումբը մի ժամ մնացել ճանապարհին: Մի խոսքով՝ պուճուր-մուճուր բաներ եղել են ու Աստված տա՝ մյուս անգամ չլինեն»:

«Առավոտը» հիմնադրամի գործադիր տնօրենից հետաքրքրվեց՝ որքա՞ն էր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի բյուջեն եւ դրանում պետության մասնաբաժինը: «Փառատոնի անցկացման պետական լիազոր մարմինը մշակույթի նախարարությունն է, փառատոնի անցկացման ծախսերի նախահաշվի հաստատման հարցերով եւս զբաղվել է նախարարությունը: Ես միայն գիտեմ, որ նախնական խոսակցությունները 110 մլն-ի շուրջ էին: Կարծում եմ, որ այսօր դեռ գնում ենք հստակեցումների: Ամեն ինչում չէ, որ ֆինանսական հստակեցում է եղել, որովհետեւ շատ կազմակերպություններ ծառայությունների տեսքով են աջակցել»: Թ. Պողոսյանն ասաց, որ փառատոնի ծախսերի մի մասին է տեղյակ. իր իմանալով մշակույթի նախարարությունը 3,5 մլն դրամ ուղղել է «Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնի անցկացմանը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հավաքած 10 մլն դրամից 7-ը ծախսվել է համանուն փառատոնի վրա: Ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի՝ շատ կազմակերպություններ այս կամ այն ձեւով հովանավորել են փառատոնը, իսկ ինքը տեղյակ է, որ Առեւտրաարդյունաբերական պալատը տրամադրել է տաղավարներ, կամ «Կոկա-կոլա» ընկերությունը՝ ոչ ոգելից խմիչքներ, թե որը որքան դրամի, դժվարացավ պատասխանել: Տիկ. Պողոսյանը հայտարարեց, որ լիազորված չէ հրապարակել «Հայաստան» հիմնադրամի՝ փառատոնին ուղղած ֆինանսավորման չափը: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը տարվա վերջին հանդես կգա պաշտոնական հաշվետվությամբ ու ամեն ինչ մեր մասով պարզ կլինի: Իսկ մշակույթի նախարարության կամ կազմկոմիտեի կողմից չեմ կարող վերցնել պատասխասխանատվություն ու իրենց անունից հայտարարություններ անել»,- ասաց նա:

Մեր՝ «Ավելի հեշտ է աշխատել մշակույթի նախարա՞ր, թե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն» հարցին Թ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Նայած թե որն է չափորոշիչը: Յուրաքանչյուրն ունի իր դժվարությունները, ինչ ոլորտ ինձ վստահել են, աշխատել եմ լինել ազնիվ, մաքսիմալ նվիրվել, ինձանից կախվածը ներդրել: Թեեւ կային խնդիրներ էլ, որ ինձանից կախված չէին: Երբ առաջարկվում էր ստեղծել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը, ես չգիտեի, որ աշխատանքից ազատելու են, բայց վերցրի հիմնադրամի պատասխանատվությունը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել